Հայերեն   English   Русский  

Պուտինի նվերը Նաթանյահուին


  
դիտումներ: 1291

Մոսկվայում կայացած Պուտին-Նաթանյահու հանդիպումը կարելի է վերլուծել իսրայելյան ընտրությունների անմիջականորեն նախօրեին կատարված գործողություն` վարկանիշի ապահովման եւ ընտրական գործընթացի վրա կարեւոր ազդեցություն ունենալու գործոնի հանգամանքներով: Արագորեն ուշագրավ է այն, որ թե՛ Թրամփը եւ թե՛ Պուտինը իրենց քայլերով եւ հայտարարություններով նպաստում են Նաթանյահուի վարկանիշի բարձրացմանը:

Հրապարակված թեման Սիրիան է. լրատվությունների տողատակերը կարդալով եզրակացվում է, որ գրավոր մշակված ծրագիր բանակցային սեղանի վրա չի դրվել, այդուհանդերձ կողմերը քննարկել են խաղաղության հաստատման գործընթացին իրենց դերերը համադրելու կարելիությունները:

Քաղաքական պահը սակայն միայն ներիսրայելյան ընտրություններով մեկնաբանելը չպիտի առարկայականորեն ճիշտ լիներ: Խնդիրը էապես տարածաշրջանային տարողություն ունի եւ անպայման լուսարձակներ է բացում ո՛չ միայն առնչված երկու կողմերին, այլ այս դեպքում սիրիական հակամարտությունում շահագրգիռ եւ ներգրավված պետությունների վրա, հիմնականում` Անկարայի եւ Թեհրանի ուղղություններով:

Այստեղ անպայման պետք է նկատի ունենալ Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների գեթ դեկլարատիվ մակարդակի վրա կրկին լարված իրավիճակը : Եւ հերթական անգամ սուր ուղերձներ են փոխանցվում երկուստեք` ցեղասպանական պետություն լինելու փոխադարձ ամբաստանությունները հնչում են կիսապաշտոնական, երբեմն նաեւ ուղղակի պաշտոնական բեմերից: Էրդողան-Նաթանյահու հեռակա սուր բանավեճը հատկանշվել էր իր խստությամբ: Չմոռանանք, որ Էրդողանը հրապարակայնորեն հայտարարել էր, թե Գոլանի հարցը պիտի փոխանցի ՄԱԿ-ին եւ թե ոչ մի ձեւով արդարացված չէ Վաշինգտոնի որոշումը` իսրայելյան գերիշխանությունը այդ բարձունքների վրա ճանաչելու առումով:

Բայց խնդիրը ավելի սուր կերպով վերաբերում է Թեհրանին: Այս հանդիպման առանցքային հանգույցը լիբանանյան Բեքա շրջանում 1982-ից կորած հրասայլի եւ զինվորներից մեկի աճյունների հայտնաբերումն է եւ նրա տունդարձի հանդիսավոր կազմակերպումը: Պուտինի նվերը` Նաթանյահուին ասելաձեւով բացատրվող այս գործողությունն ունի որոշ հանգամանքային ծալքեր, որոնք լուսաբանելը քաղաքական գործընթացների ուղենշային ընթերցումներին են ծառայում:

Աճյունների հայտնաբերման քաղաքական պահի ընտրությունը, ինչպես ասվեց, չի միտում միայն ներիսրայելյան գործընթացների վրա ազդելու. դրան առընթեր միջինարեւելյան օրակարգերի իրականացման դերերի հստակեցման առիթն է օգտագործում: Նաթանյահուին վերընտրել տալով ռուս-ամերիկյան միջնորդավորված համաձայնության առարկայացման դրսեւորումն է, որն արձանագրվում է:

Նկատենք, որ ո՛չ միայն Անկարան, այլ նաեւ Թեհրանը եւ նրա լիբանանյան արբանյակ նկատվող Հեզբոլլա կուսակցությունը հակազդեցություն չեն ունեցել առ այս պահը: Իսկ Թել Ավիվը ռուսական եւ ամերիկյան հովանավորությամբ սաստկացնում է պայքարը Գազայի եւ պաղեստինցիների դեմ:

Դեպի Իսրայել առարկայացող ռուսական գործակցությունը տեսականորեն հարված է Մոսկվա-Անկարա-Թեհրան ռազմավարական գծին: Պուտինի նվերը Թել Ավիվին` երեւութապես Անկարայի, բայց հատկապես շեշտված ձեւով Թեհրանի հաշվին:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: