Հայերեն   English   Русский  

Արտաշես Առաջին. երևելի ու փառապանծ գործիչ


  
դիտումներ: 21938

Ո՞վ կտա ինձ ծուխը ծխանի
Եվ առավոտը Նավասարդի,
Եղնիկների վազքը և եղջերուների վարգը.
Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,
Ինչպես կարգն էր թագավորների...

Հայոց պատմության երևելի ու փառապանծ գործիչներից է հայոց արքա, Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160):

Արտաշես Առաջինը Երվանդունյաց արքայական տոհմից էր: Հայոց ավանդավեպը նշում է, որ նա հայոց արքայազն էր, և նրա գահն ու իրավունքը բռնագրավեց Երվանդ Դ արքան (մ.թ.ա. 220-200), որ գահ բարձրանալով` սրի քաշեց օրինավոր թագաժառանգներին: Նրանցից փրկվեց միայն մանուկ Արտաշեսը, որին Սմբատ Բագրատունին փախցրեց: Հետագայում հասակ առնելով Արտաշեսը վերանվաճում է իր երկիրը, ճակատամարտի ժամանակ սպանում Երվանդին և գահ բարձրանում Հայաստանում:

Ինչքանով է հավաստի հայոց ավանդապատումը` դժվար է ասել: Մեզ հայտնի է Արտաշեսի հայրանունը. նա Զարեհի որդին էր: Զարեհ անունով թագավոր մինչ Արտաշեսի գահակալումը չենք ունեցել: Միգուցե Արտաշեսը Երվանդունյաց արքայատոհմի կրտսե՞ր ճյուղի ներկայացուցիչն էր:

Մ.թ.ա. 200 թ. հզորացող Սելևկյան կայսրությունը կարողանում է ծնկի բերել Հայաստանը, և Երվանդ Դ արքան զրկվում է գահից կամ սպանվում: Ամեն դեպքում, Հայաստանը հայտնվում է Սելևկյան թագավորության հպատակի կարգավիճակում: Գուցե Հայաստանի նվաճմանը մասնակցել է նաև սելևկյան բանակում որպես զորավար ծառայող Արտաշեսը, որի պատճառով էլ հայոց ավանդույթը նրան է վերագրում Հայաստանի նվաճումն ու Երվանդ Դ արքայի սպանությունը:

Նվաճելով Հայաստանը` սելևկյան Անտիոքոս Գ Մեծ արքան երկրի կառավարիչ է նշանակում Արտաշեսին, իսկ Ծոփքում` Զարեհին, որ նույնպես Երվանդունիների արքայատոհմից էր:

Սելևկյան թագավորը, բնականաբար, վստահ էր, որ Արտաշեսն ու Զարեհը, որպես իր զորավարներ, հավատարիմ կծառայեն իր կայսրությանը: Սակայն նրա հաշվարկները սխալ էին:

Օրեցօր զորեղացող Հռոմեական կայսրությունն արտաքին նվաճումների էր ելել: Հռոմի վաղեմի նպատակն էր Ասիա աշխարհամաս դուրս գալ և նվաճել Փոքր Ասիա թերակղզին: Եվ երկու հզոր ախոյանների միջև բախումն անխուսափելի է դառնում: Մ.թ.ա. 190 թ. Մագնեսիայի ճակատամարտում հռոմեական բանակը ջախջախում է Անտիոքոս Գ-ի զորքերը: Այս ճակատամարտն իրավամբ պետք է համարել համաշխարհային պատմության բախտորոշ դրվագներից մեկը: Ճակատամարտի արդյունքում Արևելքում իրադրությունը կտրուկ փոխվում է, և հռոմեական քաղաքակրթությունը ներխուժում է Արևելք:

Նման առիթից չօգտվել չէր կարող Մեծ Հայքի կառավարիչ Արտաշես զորավարը, որ անմիջապես ապստամբում է Սելևկյան թագավորության դեմ, իրեն հռչակում Մեծ Հայքի թագավոր, իսկ Հայաստանը` անկախ պետություն: Արտաշեսի օրինակին հետևում է նաև Զարեհը, որ թագավորում է Ծոփքում: Միաժամանակ իրենց անկախությունը վերագտան նաև Փոքր Հայքի և Կոմմագենեի հայկական թագավորությունները, որտեղ համապատասխանաբար թագավորում էին Միհրդատ և Պտղոմեոս Երվանդունիները:

Այս քայլով Արտաշես Առաջինը փաստորեն Հայաստանում սկիզբ դրեց նոր թագավորական` Արտաշեսյան հարստության (մ.թ.ա. 190-1), որին վիճակված էր հզորագույնը լինել հայոց ողջ պատմության ընթացքում:

Չի բացառվում, որ Արտաշեսը նախապես Հռոմի հետ պայմանավորված լիներ համատեղ հարված հասցնել ընդհանուր թշնամուն` Սելևկյան թագավորությանը:

Մագնեսիայում կրած պարտությունից հետո, բնականաբար, սելևկյաններն անմիջապես չէին կարող արձագանքել Հայաստանի իրադարձություններին, և Արտաշեսը ժամանակ ուներ կարգի գցելու իր գործերը հայրենիքում:

Անկախության հռչակումից անմիջապես հետո հայոց արքան ամբողջացրեց իր երկրի սահմանները. նա նվաճեց Հայաստանի ծայրագավառները, որոնք անթողության տարիներին անջատվել էին երկրից: Մի քանի տարվա մեջ Արտաշես Ա-ն կարողացավ ամբողջացնել հայոց թագավորության սահմանները: Նա նախ արշավեց արևելք` հասնելով Կասպից ծովի ափերը` իր տերությանը միավորելով Փայտակարանն ու Կասպիականը: Ապա միավորեց Գուգարքը և հյուսիսի երկրները: Ամբողջացնելով երկրի սահմանները հյուսիսում և արևելքում` նա վճռական հարված հասցրեց Սելևկյան պետությանը և հարավում ազատագրեց Տմորիքը: Արտաշեսի պետության սահմաններից դուրս մնացին միայն Ծոփքը, որտեղ թագավորում էր իր բարեկամն ու դաշնակիցը` Զարեհ Երվանդունին, Փոքր Հայքը և Կոմմագենեն: Արտաշեսը զերծ մնաց հայոց այս երկրներն իր տերությանը միավորելուց, քանզի այնտեղ գահակալում էին իր դաշնակիցները: Նրա կիսատ գործը հետագայում ավարտին հասցրեց թոռը` Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55):

Արտաշեսի այս միավորիչ գործունեության մասին մանրամասներ է հաղորդում նրա ժամանակակից հույն պատմիչ Ստրաբոնը, որ նշելով նրա կողմից Հայաստանի միավորումը` գրում է. «...Այսպիսով բոլորը միալեզու եղան..»: Այսինքն` կարճ ժամանակում հայոց արքան կարողացավ իր թագի շուրջ համախմբել հայոց բզկտված պետությունը:

Ամբողջացնելով երկրի սահմանները` Արտաշեսն անցավ երկրում բարեփոխումների իրականացմանը: Նա հողային և վարչական բարեփոխումներ իրականացրեց Հայաստանում: Հստակ նշեց երկրի նահանգների, գավառների սահմանները: Մեծ Հայքը բաժանեց 15 աշխարհների և 120 գավառների: Գավառների ու նահանգների միջև սահմանաքարեր տեղադրեց` համապատասխան արձանագրություններով: Նա նաև սահմանեց արքունի գործակալություններ` նախանշելով նրանց գործունեության ոլորտները: Հիմնեց սահմանապահ չորս բդեշխությունները` այնտեղ զորավարներ նշանակելով իր որդիներին և մերձավորներին, ամրացրեց ու առավել մարտունակ դարձրեց հայոց բանակը: Նա հստակեցրեց նաև հայոց տոմարը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ո՛չ լեռնային և ո՛չ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Այս միջոցառումների շնորհիվ Հայաստանը դարձավ Առաջավոր Ասիայի զորեղ պետություններից մեկը` ընդունակ դիմագրավելու ցանկացած մարտահրավերի: Այնքան հզոր ու ամուր էր Արտաշեսի իշխանությունը, որ նա համարձակորեն ձեռնոց նետեց անգամ Հռոմեական կայսրությանը` իր մոտ ապաստանելով պունիկյան երկրորդ պատերազմից հետո իր մոտ փախած Կարթագենի զորավար Հաննիբալին:

Քերթողահայր Մովսես Խորենացին փաստում է. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով` քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Իսկ հույն պատմիչ Պլուտարքոսը հենց Հաննիբալին է վերագրում Արտաշատ մայրաքաղաքի նախագծման պատիվը: Ըստ ավանդության` Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է հայոց դշխոյի` Սաթենիկի աչքի պատկերով: Մայրաքաղաքը շեն ու բարեկարգ էր և գտնվում էր Արարատյան դաշտի սրտում` Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում` ներկայիս Խոր վիրապի մատույցներում: Արտաշատն այնքան ամուր ու գեղեցիկ էր, որ հռոմեացի պատմիչները նրան անվանում էին «Հայկական Կարթագեն»:

Քաղաքում դեռևս Արտաշեսի ժամանակներից թատրոն է գործել, այն Արևելքի վաճառաշատ ու մարդաշատ քաղաքներից էր, այնտեղ էին տեղակայված հայոց արքունիքը, հայոց արքաների պալատները, պետական դրամահատարանը, Անահիտ աստվածամոր տաճարը... Արտաշատ մայրաքաղաքը հայոց մայրաքաղաքներից ամենահարատևն էր: Արտաշատը կարճատև դադարներով Հայաստանի մայրաքաղաք հանդիսացավ շուրջ յոթ հարյուրամյակ:

Բացի Արտաշատից, հայոց արքան իր երկրի տարբեր վայրերում մի շարք այլ քաղաքներ կառուցեց` իր հոր պատվին անվանելով Զարիշատ, Զարեհավան...

Միայն տասնամյակներ, անց քիչ թե շատ ուշքի եկած Սելևկյան պետությունը փորձ արեց դարձյալ ծնկի բերել Հայաստանը: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի և Հռոմի հարաբերությունները լարված են Հաննիբալի պատճառով, սելևկյան Անտիոքոս Դ Եպիփանես արքան մեծ զորքով մ.թ.ա. 164 թ. ներխուժեց Տմորիք: Սակայն Արտաշեսը կարողացավ ջախջախել սելևկյան բանակն ու դուրս քշել իր երկրի սահմաններից:

Արտաշես Առաջինն իր արձանագրություններում կոչվել է Բարի` բարեպաշտ, որն արտացոլում է հայրենասեր ու զորեղ միապետի նվիրումն իր պետությանն ու ժողովրդին: Սակայն պատմությունը նրան տվեց նաև «Մեծ», «Աշխարհակալ» տիտղոսները, որոնք նույնպես արտացոլում են Արտաշես Առաջինի` որպես հայոց թագավորի, կարգավիճակը:

Ժողովուրդը սիրելի թագավորի մասին բազում ավանդություններ է հյուսել: Նրանցից գեղեցկագույնը, ինչ խոսք, Արտաշեսի և Սաթենիկի մասին պատումն է: Արշավելով հյուսիս` Արտաշեսը ծնկի է բերում Կովկասյան լեռնականներին և ճակատամարտերից մեկի ժամանակ գերելով ալանաց չքնաղ արքայադստերը` Սաթենիկին, նրան կին է առնում:

Ճակատամարտի սկզբում Արտաշեսը նախ գերում է ալանաց արքայազնին: Եվ Սաթենիկ օրիորդը եղբորն ազատելու նպատակով դուրս է գալիս իր վրանից և կոչ ուղղում հայոց արքային.

Քեզեմասում, քաջտղամարդԱրտաշես,

Որհաղթեցիրալաններիքաջազգին.

Ե՛կլսի՛րալաններիգեղաչյադստերսխոսքերին

Եվտուրպատանուն:

Որովհետևօրենքչէ՝ որքենիհամարդյուցազունները

Ուրիշդյուցազնզարմերիկենդանությունըջնջեն

Կամիբրևծառաստրուկներիկարգումպահեն,

Եվերկուքաջազգերիմեջ

Մշտնջենավորթշնամությունհաստատեն:

Եվ հայոց արքան հմայվում է Սաթենիկի գեղեցկությամբ ու քաջությամբ, սիրահարվում նրան:

ՀեծավարիԱրտաշեսարքանգեղեցեկսևձին,

Եվհանելովոսկեգօծշիկափոկպարանը,

Եվանցնելովգետնիբրևսրաթևարծիվ,

Եվնետելովոսկեօղշիկափոկպարանը,

Ձգեցմեջքըալանացօրիորդի,

Եվշատցավեցրեցփափուկօրիորդիմեջքը,

Արագիրբանակըհասցնելով:

Հետաքրքիր ավանդապատում է պահպանվել նաև Արտաշես Առաջինի մահվան վերաբերյալ: Մ.թ.ա. 160 թ. Մարանդում, արդեն զառամյալ հասակում, հայոց արքան հիվանդանում է: Նա Աբեղյան տոհմի Աբեղո իշխանին ուղարկում է Անահիտ աստվածամոր տաճարը` տիրամորից առողջություն խնդրելու: Սակայն մինչ իշխանի վերադարձն արքան հոգին ավանդում է ասելով.

Ո՞վկտաինձծուխըծխանի

ԵվառավոտըՆավասարդի,

Եղնիկներիվազքըևեղջերուներիվարգը.

Մենքփողէինքփչումևթմբուկզարկում,

Ինչպեսկարգնէրթագավորների...

Այնքան մեծ էր ժողովրդի վիշտը սիրելի գահակալի մահվան առթիվ, որ շատերը նրա մահվան մահճի մոտ ինքնասպան էին լինում վշտից: Տեսնելով դա` նրա որդին և գահերեցը` Արտավազդը, բողոքում է. «Դու մեռար և քեզ հետ տարար շատերին, ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ...»:

Այնքան մեծ էր հայոց Արտաշես Ա թագավորի հանդեպ ժողովրդական սերը, որ անգամ նրա մահից երկու դար անց հայոց գահին տիրացած օտարները ժողովրդի սիրտը շահելու համար իրենց անվանափոխեցին Արտաշես` հանձինս Զենոն-Արտաշես Գ (16-34) կամ Տրդատ Ա (66-88) թագավորների:

Վահե Անթանեսյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: