Հայերեն   English   Русский  

​Հայաստանում այսօր լուրջ քննարկաման օրակարգ չկա. Արմեն Բադալյան


  
դիտումներ: 746

Հեղափոխությունից անցել է շուրջ մեկ տարի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ամփոփելով անցած տարին՝ անդրադարձավ երկրի արտաքին և ներքին օրակարգերին:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի ապրիլի 11-ի ելույթի մասին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)՝ քաղտեխնոլոգը նկատում է, որ վարչապետի ելույթը գրեթե ամբողջությամբ նվիրված էր անցյալին:

«Փաշինյանն իր ելույթով չփորձեց ցույց տալ, թե ԵԽԽՎ-ում որն է Հայաստանի դերը, որը պետք է լինի Հայաստան-Եվրոպա համագործակցության նոր օրակարգը, մինչդեռ ամեն ինչ ներկայացվեց անցյալի մասին. հեղափոխության օրերին ճանապարհներ փակել, աշակերտների դասադուլեր, բողոքի ակցիաներ և այլն»,-ասաց Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ այսօր իշխող վերնախավը կեղծ օրակարգեր է ստեղծում՝ ինչ-որ փոքր իրադարձություններ լայն քննարկման առարկա դարձնելով. մաքսատան աշխատկցին հրահանգելը ազատման դիմում գրել, մեծ արձագանք տալ ԱԺ-ի ամբիոնից տրանսգենդերի ելույթին:

«Մի բան հստակ է, որ վարչապետը ամեն օր գիտակցում է, որ իր վարկանիշը ընկնում է և ամեն կերպ փորձում է այն բարձրացնել: Միշտ իրավիճակային թշնամիներ է փնտրում, մի դեպքում այդ թշնամին մաքսատան աշխատակիցն է, մյուս դեպքում ՀՀԿ-ն, որ տրանսգենդերին անձնագիր է տվել, մեկ այլ դեպքում ԲՀԿ-ն, որ թույլ է տվել տրանսգենդերին ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից: Վարչապետը կարծում է, որ ինքը միշտ ճիշտ է, և մեղավոր են նրանք, ովքեր պարզապես իրեն չեն հասկանում: Մենք այսօր լուրջ թեմաներ, լուրջ ներքին ու արտաքին քաղաքականության օրակարգեր չունենք քննարկման համար, և այդ իսկ պատճառով չնչին դեպքերն են դառնում լայն քննարկումների առիթ»,-նշում է քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանն անդրադարձավ նաև հաճախ կրկնվող ձերբակալություններին: Ըստ նրա՝ շատ դեպքերում հնարավոր է գնալ հաշտեցման, որից չի տուժի բյուջեն, քանի որ գումարները կվերադարձվեն պետությանը, չի տուժի տնտեսությունը, քանի որ, օրինակ, «Սպայկայի» նման խոշոր ընկերությունը չի կանգնի փակվելու վտանգի առաջ, և երկրում լարված իրավիճակներ ու բողոքի ակցիաներ չեն լինի: Արմեն Բադալյանը նշում է, որ խոշոր տնտեսվարողների ձերբակալությունները բացասաբար են անդրադառնում մեր տնտեսությունում ներդրումներ անողների վրա, և անհարկի ձերբակալությունները միայն վնաս են հասցնում պետությանը:

«Իշխող կուսակցությունը չգիտի թե դեպի ուր է գնում երկիրը, ոչ մի հստակ քայլ չկա, և նման իրավիճակը կարող է բերել նրան, որ հաջորդ ընտրություններում ՀՀԿ-ն վերադառնա խորհրդարան»,-հավելեց Արմեն Բադալյանը:

Լիանա Եղիազարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: