Հայերեն   English   Русский  

Օրական 5-6 հաղորդում ընտանեկան բռնության մասին. թվերը մտահոգիչ են


  
դիտումներ: 428

Փոխհամագործակցության հիմք դնելու, միասին աշխատելու եզրեր գտնելու, ընտանեկան բռնության դեպքերը կանխարգելելու և բռնության դեմ պայքարելու համար Գյումրիում կազմակերպվել էր միջգերատեսչական հանդիպում:

Ոստիկանները, մանկավարժները, սոցաշխատողներն ու ՀԿ ներկայացուցիչները քննարկել են ընտանեկան բռնության օրենքի կիրարկման խնդիրնեն ու առաջարկներ ներկայացրել:

Ընտանեկան բռնության մասին օրենքը ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 30-ից, ոստիկանությանն այս օրենքի շրջանակներում գործելու իրավասություն է տրվել հունիսի 30-ից: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետն է ներկայացրել հունիսի 30-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում արձանագրված դեպքերը:

- 9 ամսվա կտրվածքով հանրապետությունում կազմվել է 1438 ամփոփագիր, այսինքն, բռնության դեպքեր, երբ քաղաքացին է հաղորդում տվել կամ ոստիկանն է բացահայտել: Սա փոքր թիվ չէ: Եթե միջին վիճակագրություն կատարենք, կստացվի օրական 5-6 հաղորդում է լինում ընտանեկան բռնության մասին: Կիրառվել է 650 նախազգուշացում, 193 դեպք՝ անհետաձգելի միջամտություն /բռնարարը կամ տանից հեռացվում է, կամ հեռավոություն է սահմանվում, կամ արգելվում է գնալ երեխայի դպրոց, կնոջ կամ ամուսնու աշխատավայր և այլն/, 843 անձ արդեն իսկ հաշվառված է ոստիկանության տարածքային բաժիններում: Շիրակի մարզում կազմվել է 108 ամփոփագիր, 38՝ նախազգուշացում, 16 անհետաձգելի միջամտություն և 49 հաշվառված անձ, որոնք ընտանիքում բռնություն են գործադրել: Ինչու է Գյումրիում թվերն այսքան ցածր. ես ուրախ կլինեմ, եթե մենք չունենանք Գյումրիում բռնություն, բայց ուզում եմ օբյեկտիվ պատճառն իմանալ, Արտաշատից, Արարատից ավելի մեծ Գյումրիում նշանակում է՝ ավելի քիչ է: Իսկապես չկա՞, - ոստիկաններին հարցրեց ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Հանդիպմանը ներկա ոստիկանները նշում են՝ եթե քաղաքացին դիմում է, անարձագանք չի մնում: Իսկ թե ինչու են Գյումրիում ընտանեկան բռնության ենթարկվածները քիչ դիմում իրավապահների օգնությանը, փակագծեր է բացում Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը.

- Օրինակ գալիս են մարզպետարանի մեր բաժին բռնության ենթարկված քաղաքացիները, տապչկաներով, տնային շորերով, մի կերպ փախնում գալիս են: Երբ ասում ենք՝ դիմենք ոստիկանություն, դրա համար օրենք կա և այլն, խնդրում են, որ ոստիկանությունը չիմանա, ասում են՝ դրա համար ենք եկել ձեր մոտ: Դրա համար օգնություն ցուցաբերելու նպատակով կապվում ենք հասարակական կազմակերպությունների հետ: Ես կարծում եմ, սա Շիրակի մարզի բնակիչների մտածելակերպի կարծրատիպային լինելն է, այն փոխելու համար ժամանակ է հարկավոր, - ասում է Լիլիթ Գորգինյանը:
Ընտանեկան բռնության ենթարկված կամ որ նույնն է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդը օգնության է դիմում ծայրահեղ դեպքում, սա հայկական իրականությունն է: Միգուցե բնակիչների օրենքի մասին իրազեկվածության պակաս ունեն, գուցե անվստահության պակաս, բայց նրանց հետ պետք է աշխատանք տանել, հասնել նրան, որ մարդը իր կամ իր երեխայի նկատմամբ բռնության դեպքում անպայման բարձրաձայնի:
Ընտանեկան բռնության ենթարկվածին հոգեբանական և սոցիալական աջակցություն է տրամադրվում, հարկ եղած դեպքում՝ նաև ապաստարան, սրանք ապահովվում են մեծամասամբ հասարակական կազմակերպությունների միջոցով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրապետությունում աջակցության 6 կենտրոն է ստեծվել, որից մեկը Գյումրիում է, սակայն, պարզվում է՝ կենտրոնը չունի անհրաժեշտ կանոնադրությունը, շենքային պայմանները: Անելիքներ շատ կան և դա չպետք է թողնել միայն ոստիկանի ուսերին:

- Ես ուզում եմ, որ մենք չտեսնենք ոստիկանի մեջ մանկավարժին, հոգեբանին, սոցաշխատողին, բժշկին և մնացածին: Լավը չեն լինում այն պետությունները, որտեղ առանցքայինը ոստիկանն է: Ավելին, ընտանեկան բռնության մասին օրենքի իրազեկման մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Ըտնանեկան բռնությունը սոցիալական երևույթ է, այն քրեական արդարադատություն դառնում է, երբ արդեն դիմում ենք կացնին ու արյան գետեր են հոսում: Եվ սրա տերը, եթե սոցիալականը չեղավ, ոստիկանը հաճախ է մտնելու տուն: Աշխարհի ոչ մի երկրում էլ քաղաքացին չի սիրում, երբ իր տուն է մտնում ոստիկանը: Պետք է, դեպքը մինչև ոստիկանին հասնելը, բոլոր ոլորտներն էլ իրենց բաժին աշխատանքը կատարեն, - ասում է ՛՛Սոցիալական արդարություն՛՛ ՀԿ ղեկավար Արշակ Գասպարյանը:

Որպես կանոն, անկախ ընտանեկան բռնության տեսակից, տուժում է երեխան, հետևաբար պետք է ոչ թե աշխատել ընտանեկան բռնության հարթման ուղղությամբ, այլ դրա կանխարգելման: Այստեղ մեծ է հատկապես դպրոցի դերը:

Ընտանեկան բռնության խնդիրների շուրջ միջգերատեսչական հանդիպումները կազմակերպվում են ՀՀ ոստիկանության հետ համատեղ ԵՄ կողմից ֆինանսավորվող ՛՛Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն ծրագրի՛՛ շրջանակներում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: