Հայերեն   English   Русский  

​Այսօր ունենք չիրականացված խոստումներ, սուտ Կառավարություն և ֆեյք Կառավարության ղեկավար. Էդուարդ Շարմազանով


  
դիտումներ: 677

«Շուրջ մեկ տարի է անցել, ինչ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է նոր իշխանություն:

Ես մեկ տարի առաջ իմ անհամաձայնությունն եմ հայտնել Հայաստանում տիրող ներքաղաքական փոփոխություններին, հեղաշրջմանն ու իշխանազավթմանը, որը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ շանտաժի և սպառնալիքի ներքո: Այս մեկ տարին կարծում եմ բավարար էր հասկանալու համար, որ ոչ թե ունենք Կառավարության ղեկավար, այլ ունենք հեղափոխական կոմիտեի առաջնորդ: Մեկ տարի անց մենք ունենք չիրականացված խոստումներ, սուտ Կառավարություն և ֆեյք Կառավարության ղեկավար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս անդրադարձավ ներկայիս իշխանության որդեգրած քաղաքականությանը, ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերին: Ըստ Շարմազանովի ներկայիս իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի նսեմացնեն նախկին քաղաքական գործիչներին, վերցնեն նախկին իշխանությունների կատարած լավ քայլերը և դրա արդյունքում վեր բարձրանան:

«Փաշինյանի ներկայացրած տնտեսական հեղափոխության ծրագիրը արդեն իսկ բլեֆ է: Ինչպիսի թռիչքային զարգացում կարող է լինել, եթե 2017 թվականին ունեցել ենք 429 միլիարդ դրամի ներդրում, իսկ 2018-ին՝422 միլիարդի, եթե աշխատատեղերը փակվում են, եթե մարդիկ խոսում են 50.000 աշխատատեղերից, բայց այդքան աշխատատեղեր չկան, եթե հարկերն ու ՀՆԱ-ն պակասել են, արդյունքում ավելացել է ստվերային տնտեսությունը: Երբ Փաշինյանը մեկ տարի առաջ ասում էր, որ պետք է տատիկ-պապիկների պարտքերը փակել խանութներում, հիմա այդ պարտքերը փակվա՞ծ են, որ 124 միլիոն դրամ հատկացրել են Քաղաքացու օրվան: Մեկ բան պարզ է՝ այսօրվա իշխանությունը չունի տնտեսական օրակարգ»,-ասաց Շարմազանովը:

Ըստ նրա՝ ազգային անվտանգությունը մեր պետության համար ամենակարևոր մարտահրավերներից է, և այս պարագայում երկրի վարչապետը Իրանում հայտարարում է, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ:

«Մեկ ամսից ավելի այդ հայտարարությունը հնչել է, սակայն մեր ուժային կառույցները ոչ մի ուշադրություն չեն դարձրել դրան, որևէ գործողություն չեն իրականացրել: Ես պահանջել եմ Փաշինյանից հրապարակել այդ գործակալների անունները, որը նա չի արել: Իշխանությունների մյուս ձախողումըանվտանգության մեջ այն է, որ օրերս Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչը նշեց, որ մենք առաջնագծում ունենք լուրջ խնդիրներ: Հետևաբար ներկայիս իշխանությունների կողմից ազգային անվտանգության պահպանման մասին խոսք լինել չի կարող»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

Արտաքին քաղաքականության մասին խոսելիս Շարմազանովը նկատեց, որ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարում էր, որ հայ-ռուսական հարաբերությաունները ավելի լավ չեն եղել. «Եթե այդ հարաբերությունները այդքան փայլուն են, ինչու՞ գազը թանկացավ, ինչու՞ ՀԱՊԿ անդամ մեր դաշնակիցները չպաշտպանեցին մեր ներկայացուցչին, ինչու՞ այս մեկ տարվա ընթացքում Վլադիմիր Պուտինը կամ Փաշինյանը պաշտոնական այցեր չեն կատարել: Մեկ այլ բան ևս.Նիկոլ Փաշինյանը երկրի միակ ղեկավարն է մինչ այժմ, որ ապրիլին ԵԽԽՎ ամբիոնից ելույթ է ունեցել ու ոչ մի բառ չի ասել Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման մասին: Նման բան չի եղել Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը երբեք էլ պասիվ դիրքերում չի եղել, և այսօր միակ ուժն է, որ ներկայացնում է արմատական կարծիքներ ու վեր է հանում իշխանության կեղծիքները: Իսկ այն հարցին, թե երբ վերջապես կխոսի Սերժ Սարգսյանը, Շարմազանովը պատասխանեց, որ ինքը արդեն մի քանի անգամ ասել է և հիմա էլ կրկնում է, որ 2019 թվականին Սարգսյանը անպայման կխոսի և կխոսի ոչ մեկ անգամ, պարզապես դրա համար ճիշտ ժամանակ է պետք:

Լիանա Եղիազարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: