Հայերեն   English   Русский  

Ինձ համար հայրենիքը սահմաններ չունի. Ստեփան Եփրեմյան


  
դիտումներ: 476

Ադիյաման քաղաքից ժամանած հայ երգիչ Ստեփան Եփրեմյանը տարիներ շարունակ Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում զբաղվել է հայկական ժողովրդական երգերի հավաքչությամբ,

Ադիյաման քաղաքից ժամանած հայ երգիչ Ստեփան Եփրեմյանը տարիներ շարունակ Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում զբաղվել է հայկական ժողովրդական երգերի հավաքչությամբ, այդ ընթացքում բացահայտելով ու ուսումնասիրելով նաև տեղի դավանափոխ եղած հայ ընտանիքներին: Ստեփան Եփրեմյանը թուրքական ճնշումների ներքո էլ շարունակել է տեղի ծպտյալ հայերի համար երգել Կոմիտաս ու Սայաթ Նովա, և պատմել մեծն երգահանների մասին:

«Ես միշտ ապրել եմ որպես հայ, փոշու տակ ծածկված մեր մշակույթը փորձել եմ վեր հանել: Եվ այդ հարցում մեծ է եղել ընտանիքիս ներդրումը: Իմ ընտանիքը միշտ փորձել է մշակույթը պահպանել, սակայն ընտանիքիս անդամներից պետք է առանձնացնեմ մայրիկս, որովհետև անցյալի հետ մեկտեղողն ու կապողը ինձ նա է եղել: Իմ կարծիքով հայ լինելու կարևոր հանգամանքը չպետք է լինի քրիստոնյա լինելը: Ես կարող եմ լինել անհավատ, բայց իմ գեներով զգալ, որ հայ եմ: Չնայած այս համոզմանս ես արդեն մկրտվել եմ Հայ Առաքելական եկեղեցում»,-ասում է Ստեփան Եփրեմյանը:

Ստամբուլահայ հեղինակավոր օպերային երգիչ Պողոս Եղիազարյանցը նշում է, որ 1915 թվականից հետո Արևմտյան Հայաստանում միլիոնավոր հայեր կան, ովքեր դավանափոխ են եղել, բայց պահպանել են իրենց լեզուն, մշակույթը, հոգևոր ինքնությունը, զատիկ են նշում, ու այդ իսկ պատճառով նրանք միշտ էլ գյավուրներ են տեղի բնակչության համար, և այդ գյավուրների հետ նրանք միշտ էլ փորձում են սահմանը պահել:

«Եթե մենք ի ծնե քրիստոնյա չենք, դա մեր մեղքը չի եղել և ոչ էլ մեր ընտանիքների, մեր ճակատագիրը մենք չենք որոշել, ցավոք նման ճակատագրով հարյուրհազարավոր մարդիկ կան: Արևմտյան Հայստանում մենք ունենք մի մշակույթ, որը մերը չի, և այսօր փորձում ենք մեր սեփական ինքնության կրողները դառնալ»,- ասում է Պողոս Եղիազարյանցը:

Ստեփան Եփրեմյանը ասում է, որ հայկական մի երգը նույնիսկ բավարար է շատ բաներ պատմելու ու թողնելու համար մարդկանց սրտերում: Հենց նման երգեր ներկայացնելու համար Դիարբեքիրի մի քանի քրդական հեռուստատեսություններ նույնիսկ եթերաժամանակ են հատկացրել Ստեփան Եփրեմյանին:

«Երբ ես խոսում եմ հայրենիքի մասին, ասում եմ, որ ինձ համար սահմաններ չկան: Ե´վ այս Հայաստանն է իմ հայրենիքը, և´ Արևմտյան Հայաստանը»,-նշում է Ստեփանը:

Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու Ստեփան Եփրեմյանի անդրանիկ համերգը, որի ընթացքում հնչելու են Տիգրանակերտում տարածված հայերեն երգեր:

Լիանա Եղիազարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: