Հայերեն   English   Русский  

«Գործարար հանրությունը սպասում է Ձեր խոսքին»․ Արսեն Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին


  
դիտումներ: 746

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արսեն Ղազարյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ ուղերձ հղի գործարար հանրությանը։ Այս մասին Անկախ-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը։

«Հնարավորինս արագ պետք է ընդունել Հարկային օրենսգիրքը։ Հանրային քննարկումները տեղում դոփում են, շահարկումները շատ են, իսկ բիզնես հանրությունը սպասում է։ Թող օրենսգիրքն ընդունվի, մենք սկսենք աշխատել, հետո հենց հաջորդ օրվանից զբաղվենք օրենսգրքի կատարելագործմամբ»,-Փաշինյանի հետ Հանրային խորհրդի հանդիպման ժամանակ ասել է Ղազարյանը։

Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը վարչապետին նաև ասել է․ «Երբ կառավարության ծրագրից հետո ներկայացրեցիք տնտեսական հեղափոխության հիմնավորման 15 կետերը, շատ հստակ նշվում էր, թե ինչպես պետք է սկսենք այդ հեղափոխությունը։ Իմ համոզմամբ՝ դա պետք է սկսվի յուրաքանչյուր գործարարի աշխարհայացքային և վարքագծային փոփոխությունից, առանց դրա ուղղակի չի լինի։ Հստակ է, որ խաղի նոր կանոններ են հռչակված՝ հավասար մրցակցություն, օրենքի գերակայություն, ինչն ամենակարևոր հիմքն է ներդրումների ակտիվացման համար»։

Ղազարյանը վարչապետին խնդրել է, որպեսզի ևս մեկ անգամ հստակ ուղերձ հղի գործարար հանրությանը, որ նրանց սեփականությունն անձեռնմխելի է, բայց օրենքի շրջանակում պատասխանատվությունը նույնպես անխուսափելի է։

«ՊԵԿ-ը լայնածավալ աշխատանք է տանում, մի զանգված էլ փորձում է շահարկել, որ տեսեք, կառավարությունը գործարար ակտիվությունը սրանով կխեղճացնի, բոլորդ պատժվելու եք, ձեր փողերը դրեք բարձր տակ, մի ակտիվացրեք և այլն։ Այս առումով Ձեր ուղերձը շատ կարևոր է բիզնես հանրության համար, որ եթե իրենք օրենքի շրջանակներում են, ապա սեփականությունն անձեռմխելի է։ Այսօր ներքին ներդրողների ակտվիությունից է կախված արտաքին ներդրողների ակտիվությունը, ես խնդրում եմ, որ այս մեսիջմերը հստակ, թիրախավորված տաք։ Գործարար հանրությունը սպասում է Ձեր խոսքին»,-ասել է Ղազարյանը վարչապետին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: