Մադուրոն հայտարարել է պետական հեղաշրջման ձախողման մասին
Մադուրոյի ելույթը հասանելի է Twitter-ի նրա էջում:
Նա շնորհավորել է երկրի ռազմական ղեկավարությանը, որը հաղթել է Վենեսուելան բռնությամբ զավթել փորձող ուժերին: Նա նաև հրամայել է հետաքննել պետական հեղաշրջման փորձը, որն ապրիլի 30-ին կազմակերպել էր ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն:
«Դա անպատիժ չի մնա: Ես խոսել եմ գլխավոր դատախազի հետ, որը կհետաքննի այդ իրադարձությունը»,-ասել է Մադուրոն:
Վենեսուելայի նախագահը հայտնել է նաև, որ դեպքի հետևանքով 5 զինվորական է տուժել, նրանցից 2-ը ծանր վիճակում են:
Ավելի վաղ Գուայդոն զինվորականներին և ժողովրդին կոչ էր արել տապալել նախագահին: Հիշեցնենք, որ Վենեսուելայում իրավիճակը սրվել է հունվարի 23-ից, երբ Գուայդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակեց: Նրան աջակցում են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներն ու Եվրոպան, Ռուսաստանն աջակցում է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին: