Հրազենային վիրավորում ստացած զինվորը հայրենիք է վերադարձել ծառայության համար. նա Շիրակի մարզի բնակիչ է
Արցախի Հանրապետության ՊԲ-ն տեղեկացրել էր, որ մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ինչպես ankakh.com-ի հետ զրույցում նշեց Ողջիի վարչական ղեկավար Նորիկ Մկրտչյանը, զինվորը շուրջ 10 տարի է ընտանիքի հետ բնակվում է ՌԴ-ում:
- 10 տարի առաջ, երբ ես դպրոցի տնօրենն էի, տեղեկանք վերցրեցին և ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան: Հիմա այստեղ նրա տատիկն ու պապիկն են ապրում, հորեղբայրը, - ասաց Նորիկ Մկրտչյանը:
Զորոգլյանը հայրենի գյուղում դպրոց է հաճախել ընդամենը 1-1.5 ամիս, հետո երկրից հեռացել են: Ունի քույր: Գյուղի վարչական ղեկավարն ասում է՝ տղան մեկ-մեկ գյուղ էլ է եկել՝ հարազատներին տեսության:
Մոտ տարի ու կես առաջ էլ իր կամքով եկել է Հայաստան ու զորակոչվել ծառայության: