Հայ կնոջ համար ասեղնագործությունը գեղեցիկի չափանիշ է, սեփական հմտության ու վարպետության արտահայտություն
որը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 7-ը։ Կցուցադրվեն շնորհալի վարպետի շուրջ 50 ասեղնագործ աշխատանքներ։
Ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը արդի շրջանի լավագույն ստեղծագործողներից է, ում աշխատանքներն առանձնանում են ավանդականի և նորի զուգորդմամբ, հայկական արվեստին բնորոշ ինքնատիպությամբ ու ճաշակով։
Ասեղնագործությունը դեկորատիվ-կիրառական արվեստի հնագույն տեսակներից է և հայկական ասեղնագործ արվեստը մեծ տեղ է գրավում ոչ միայն ազգային գեղարվեստական մշակույթում, այլև կարևոր ներդրում է համաշխարհային արվեստի գանձարանում:
Ասեղնագործությունը դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ է, ասեղով (երբեմն՝ հելունով) կամ ասեղնագործող մեքենայով բամբակե, վուշե, մետաքսե, բրդե թելերով (հաճախ՝ գունավոր), զանազան գործվածքների, կաշվի, թաղիքի վրա տարբեր կարերով ստեղծված պատկեր (զարդապատկեր, սյուժետային կոմպոզիցիա, դիմանկար): Երբեմն օգտագործվում են ուլունքներ, մարգարիտ, թանկարժեք քարեր, ոսկեթելեր, դրամներ և այլն:
Կտորը կտորի վրա դրվող վերադիր ասեղնագործության ժամանակ օգտագործում են գործվածքներ, մորթի, թաղիք, կաշի: Ասեղնագործությունը կիրառվում է հագուստը, կենցաղային առարկաները զարդարելու, դեկորատիվ պաննոներ ստեղծելու համար: ասեղնագործությունները բաժանվում են երկու խմբի՝ կտորի վրա կատարվող ասեղնագործություն և թելքաշ կտրտովի ասեղնագործություն: Ասեղնագործության ծագումը շատ հին է: Սկզբում օգտագործել են բույսի փշերից կամ ձկան ոսկորից, ապա՝ փայտից, փղոսկրից, այնուհետև՝ մետաղից պատրաստված ասեղներ:
Հին հայկական ասեղնագործության մասին հիշատակում են Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին և այլ պատմիչներ: Ասեղնագործությունը բարձր մակարդակի է հասել միջնադարյան Հայաստանում և զարգացել է երեք ուղղությամբ՝ ժողովրդական (գեղջկական տարազ), քաղաքային (առևտրաարհեստավորական կենցաղ) և եկեղեցական: Ասեղնագործությունը տարածված է եղել հայկական բոլոր շրջաններում, առավելապես՝ Վան-Վասպուրականում, Շիրակ-Կարինում, Սյունիք-Արցախում, Արարատյան երկրում, Կեսարիայում, Կիլիկիայում, Թիֆլիսում և Կ.Պոլսում:
Հայկական ասեղնագործության փայլուն նմուշներ են ստեղծվել Ղրիմում, ԱՄՆ-ում և այլուր: Ազգային միասնական ոճի սահմաններում յուրաքանչյուր դպրոց զարգացրել է ասեղնագործության իր ձևերն ու տեսակները: Հայտնի է Վանի, Մարաշի, Այնթապի, Կարինի, Ուրֆայի. Տարսոնի և այլ դպրոցների ասեղնագործություն: Տարածված զարդաքարերից են շարակարը (շուլալկար), աուղակարը (ցողունակար), հարթակարը (լիցք, ուռուցիկ, համրովի, գծային), շղթայակարը. խաչկարը, խաչմերուկ կարը, կողյակարը. օղակարը, թելքաշները և այլն:
Ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանն այդ հնամենի ավանդույթների կրողն ու շարունակողն է։ Նրա ստեղծագործությունները յուրօրինակ են. տարբերվում են զարդանախշերով, զարդակարերով, կատարման տեխնիկայով, գույներով և ոճով, որոնցում առկա են երկրաչափական, բուսական, կենդանական ձևերի պարզ ու բարդ զուգորդումներ: Դրանք ձևով և գունային լուծումներով աղերսներ ունեն հայկական որմնանկարչության, մանրանկարչության, քարի ու փայտի գեղարվեստական փորագրության, արծաթագործության և խաչքարագործության հետ:
Արմինե Խաչատրյանը «Արար». ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման և հանրահռչակման» ծրագրի շրջանակում գործող լավագույն դասավանդողներից է, որի նշանակալի ներդրումը ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ, Խանջյան և Մյասնիկյան համայնքների ձեռագործ սովորող աղջիկներին ու կանանց իր վարպետության գաղտնիքների անմնացորդ նվիրումով ու սիրով փոխանցումն է։
Հայ կնոջ համար ասեղնագործությունը գեղեցիկի չափանիշ է, սեփական հմտության ու վարպետության արտահայտություն: Արմինեի գործունեության շնորհիվ բազմաթիվ աղջիկներ և կանայք առնչվում են հայկական ասեղնագործության ավանդական արվեստի նրբահյուս հմտությանը, բացահայտում՝ իրենց անհատականությունն ու հոգեկան ներդաշնակությունը։