«Պատրաստ եմ կրելու հայ լինելու պատասխանատվությունը»․ վերադարձ Թուրքիայից
Առայժմ աշխատանք չի գտել, վայելում է Երևանը, ամեն օր բացահայտում նորանոր հրաշալի անկյուններ, որոնք որպես օրվա լուսանկարներ տեղադրում է ֆեյսբուքյան ու ինստագրամի էջերում՝ զարմացնելով և հիացնելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող հարազատներին ու ընկերներին։
«Երբ եկա Հայաստան, մայրս, բարեկամներս, ընկերներս ամեն օր հարցնում էին՝ ի՞նչ քաղաք է Երևանը, լավ ավտոներ կա՞ն, լավ սրճարաններ կա՞ն, հիվանդանոցներն ու դպրոցնե՞րն ինչպես են։ Ասում էի՝ ամեն ինչ էլ կա, եկեք ու այդ ամենը ձեր աչքով տեսեք»։
Երազը ծնվել ու մեծացել է Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում, հաճախել հայկական Էսայան վարժարանը, ապա թուրքական համալսարանում մենեջմենթ սովորել։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ստամբուլ-Երևան չարտերային չվերթներ իրականացնող ընկերությունում ու հենց այդ ժամանակ էլ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ակտիվացել է։
Ճիշտ է, Հայաստանի հետ ֆիզիկական կապ չկար, բայց հոգևոր կապ կար հայրենիքի հետ․ ընտանիքում, Ստամբուլի հայ համայնքում փոքրուց էին սովորեցնում սիրել հայրենիքը, պահպահել արմատներն ու ավանդույթները։ Բայց այդ ամենի մեջ, չգիտես ինչու, մեծ տեղ չուներ Հայաստան վերադարձը։ Ու երևի թե դա էր պատճառը, որ երբ Երազը հարազատներին հայտնում է Հայաստան տեղափոխվելու մասին, դա այնքան էլ ոգևորությամբ չի ընդունվում։ Ընդհակառակը՝ անհանգստանում են, թե ինչ պետք է անի Ստամբուլում ծնված ու մեծացած աղջիկը մի երկրում, որտեղ, ասում են, «գործ չկա»։
«Չէ՞ որ սա իմ հայրենիքն է, ես իմ տանն եմ։ Իմ նախնիները Տիգրանակերտից են, որն ինձ այստեղից ավելի մոտ է, քան Սատմբուլից։ Ի՞նչն է այստեղ արտասովոր»,-զարմանում է նա։
Երազը Հայաստան է վերադարձել միայնակ։ Հայրը վաղուց է մահացել, քույր ու եղբայր չունի, իսկ մայրը Ստամբուլում է, երբևէ չի եղել Հայաստանում։ Այս 9 ամիսներին Երազը ոչ մի վայրկյան իրեն մենակ ու տխուր չի զգացել։
Առաջին անգամ Հայաստան է եկել տասը տարի առաջ ստամբուլահայ համայնքի հայկական երգչախմբով։ Տպավորված էր․ շուրջբոլորը միայն հայերեն էր հնչում, հայերեն էր գրված, քայլում էր Երևանի փողոցներում ու որևէ անհանգստություն չուներ։
«Ստամբուլում անհանգի՞ստ էիր»,-հարցնում եմ։
«Դե․․․․լիարժեք հանգիստ էլ չես։ Օրինակ, թաղամասեր կան, որ խաչը վզիդ երբեք չես մտնի»։
Ասում է՝ ի տարբերություն Լիբանանի, Սիրիայի կամ այլ երկրների՝ Թուրքիայում ապրող հայերը չունեն նույն հարգանքն ու մեծարումը։
«Ես երբեք Թուրքիան իմ երկրորդ հայրենիքը չեմ համարել։ Այս ամիսներին, ինչ այստեղ եմ, առաջին անգամ 2 շաբաթով գնացի Ստամբուլ։ Ճիշտ է՝ ամեն ինչ լավ էր, ընկերներ, հարազատներ, եկեղեցի, երգչախումբ և այլն, բայց լավ էր միայն երկու շաբաթով մնալու, ոչ ապրելու համար։ Երբ Ստամբուլից օդանավն իջավ Երևան, ասացի՝ փա˜ռք Աստծո, տուն հասա»։
Երազը համոզված է, որ ոչ մի հայ Թուրքիայում ապագա չունի, քանի որ մի օր կարող ես արթնանալ, ու քեզ ասեն՝ վե՛րջ, դուրս արի երկրից։
«Մեզ համար դժվար է այնտեղ հայ մնալը, ավանդույթները պահելը։ Եթե դու թուրքական սրահի մեջ հայկական համերգ անես, դա մեծ հաջողություն է, պետք է երգերը հարմարեցնես, խոսքերը հարմարեցնես, ամեն բան հարմարեցնես, որ խնդիրներ չառաջանան»։
Հիշում է՝ նախորդ տարի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտ։ Երազը միջոցառումը նկարահանել էր, տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։ Այդ օրը մոտ 70-80 հայեր աշխարհի ամենատարբեր տեղերից իրեն ընկերության հայտ ուղարկեցին։ «Բոլորը զարմացած գրում էին՝ չե՞ս վախենում, որ այդ վիդեոն դրել ես ։ Հարցնում էին՝ ինչպե՞ս եք այդտեղ ապրում, ինչպե՞ս է հայերի վիճակը և այլն»։
Առաջին անգամ Հայաստան այցելելուց հետո ամեն տարի գալիս էր։ Նախորդ տարի մայիս-հունիս ամիսներին, երբ Հայաստանում տեղի էր ունենում հեղափոխություն, Երազն այստեղ էր, իսկ օգոստոսին արդեն մշտապես տեղափոխվեց։
«Այդ հեղափոխությունն ինձ համար կարծես մեսիջ էր, որ վերջնականապես որոշեմ վերադառնալ։ Մեզ՝ թուրքիայում ապրողներիս համար շատ մեծ բան է, որ հեղափոխություն կարող է լինել, այն էլ առանց արյունի։ Թուրքիայում նման բան բացառված է»։
Երազն արդեն Հայաստանի քաղաքացիություն ունի։ Թուրքիայի քաղաքացիությունից էլ չի հրաժարվել։ Բայց եթե այնտեղ իր առաջ խնդիր դնեն հրաժարվել հայկական քաղաքացիությունից, կհրաժարվի Թուրքիայի քաղաքացիությունից։
Ինչքան էլ որ Թուրքիայում հայ համայնքն ամուր է, միևնույն է, հայ մնալու լիարժեք պայմանները միայն Հայաստանում է տեսնում։ «Մենք նույնիսկ այնտեղ երբեմն թուքերեն ենք խոսում, թող ոչ ոք չասի, որ չի խոսում թուրքերեն, շատերը նայում են թուրքական սերիալներ, լեզուն շատ հեշտ մտնում է կենցաղ»։
Երազի հարազատները ոչ միայն Ստամբուլում են, այլև աշխարհի տարբեր ծայրերում՝ ԱՄՆ, Գերմանիա, Հոլանդիա։
«Երբ հարցնում են Հայաստանի մասին, ասում եմ՝ ճամպրուկներդ հավաքեք, եկեք, ես դուռը բացել եմ․-ծիծաղում է նա, հետո մտահոգ հավելում,-ո՛չ Գերմանիայում, ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ այլ տեղ դու լիարժեք չես, միգուցե լավ վաստակում ես, ապահովված ես, բայց մեկ է, դու երկրորդ անձ ես։ Իսկ այստեղ դու հայրենիք ունես, կարող ես անել այն, ինչ ուզում ես, սա քոնն է։ Այո, իմ գալը նաև մեծ ռիսկ էր, քանի որ այստեղ դեռ աշխատանք չունեմ, հարազատներ չունեմ։ Բայց եթե ռիսկի չդիմեի, միգուցե երբեք չգայի»։
Երազի աջ ձեռքի դաստակին դաջված է «Հայ եմ»։
«Սա ուղղակի գեղեցիկ դաջվածք չէ,-բացատրում է,-սա ինձ համար նախևառաջ պատասխանատվություն է։
Երկար եմ խորհել սրա մասին, մոտ 5 տարի։ Երբ հասկացա, որ իսկապես արդեն պատրաստ եմ կրելու հայ լինելու պատասխանատվությունը, այս դաջվածքն արեցի»։
Հայաստան տեղափոխվելն անշուշտ ամենակարևոր քայլն էր արմատներին վերադառնալու առումով, բայց կա ևս մի քայլ, որ վերադարձն ամբողջական ու լիարժեք կդարձնի․ դա վերադարձն է հայկական ազգանվանը՝ Տարագճյանին, որը տասնամյակներ առաջ հայտնի պատճառներով դարձել է Օլգունդեմիր։
Իրական ազգանունն առայժմ հիշատակվում է միայն ֆեյսբուքյան ու ինստագրամի էջերում, բայց ուզում է, որ հայկական ազգանունը վերականգվի պաշտոնապես։
Իսկ Երազի ֆեյսբուքյան էջի պատին եռագույնն է, որի վրա պատկերված են Անդրանիկն ու նրա խոսքերը․ «Հետապնդե՛ ժողովուրդիդ սրբազան երազը․․․»։