Հայերեն   English   Русский  

«Խելացի» անասնաշենքերի կառուցման և անասնագլխաքանակի վերականգնման համար պետությունը գումարներ կտրամադրի


  
դիտումներ: 680

Թեև խելացի անասնաշենքեր ասելով քչերն են պատկերացնում, թե դա ինչ է ու ինչ նպատակի կարող է ծառայել, սակայն պարզվում է Գյուղատնտեսության նախարարության այս ծրագիրը գյուղատնտեսական ոլորտում աշխատող մարդկանց հետաքրքրել է և ծրագրում առաջընթաց գրանցել:

Այսօր՝ մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը խոսեցին պետական օժանդակությամբ իրականացվող «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» և «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրերի մասին:

Առաջին ծրագրի շրջանակներում պետությունը պատրաստվում է ծաղսված միջոցների 50 տոկոսի չափով փոխհատուցել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց: Ծրագրի նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

«Մենք շահառուներին երեք տեսակի մոդելներ ենք առաջարկում, որոնցից կարող են ընտրել որը կուզեն և օգտվել պետական աջակցությունից: 1-ին մոդելը նախատեսում է 130-280 քառակուսի մետր արտադրական տարած­ք, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ 2-րդ մոդելը՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տա­րած­­ք, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: 3-րդ մոդելը՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տա­րածք, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Անկապ կենդանիները կարող են ըստ իրենց ցանկության կեր ուտել կամ ջուր խմել, և փորձը ցույց է տալիս, որ նման մեթոդները բարձրացնում են թե մթերատվությունը, թե կաթնատվությունը»,-ասում է Տիգրան Գաբրիելյանը:

Վերջինս նաև նշում է, որ ծրագիրը նախատեսում է նաև անասնագոմերի տեխնիկական վերազինում: Այսօր արդեն նման մեկական անասնագոմեր կան Շիրակի և Լոռու մարզերում: Դրանց կառուցման համար ծախսված ֆինանսական միջոցներից պարզ է դարձել, որ 1-ին մոդելի համար անասնագոմերի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ, 2-րդ մոդելի դեպքում՝ 23 մլն ՀՀ դրամ, իսկ 3-րդ մոդելինը՝ 35 մլն ՀՀ դրամ: Պետությունը բոլոր մոդելների համար փոխհատուցելու է 50 տոկոսի չափով, սակայն կառուցված անասնագոմերը պետք է համապատասխանեն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սահմանած չափորոշիչներին:

Տիգրան Գաբրիելյանը նշում է, որ ծրագրի համար տարբեր մարզերից արդեն իսկ 100 հայտ կա ներկայացված:

«Ամենաակտիվ մարզը Արարատի մարզն է, որին հետևում են Լոռին ու Գեղարքունիքը, իսկ ամենապասիվը Սյունիքի մարզն է»,-ասում է Գաբրիելյանը:

Լևոն Տեր-Իսահակյանն էլ նշում է, որ նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների ներդրումը անասնագոմերում թույլ կտա մթերատվությունը բարձրացնել և սանիտարապես մաքուր կաթ ստանալ:

«Ծրագիրը ներառում է նաև դասընթացներ՝ անասնապահությամբ զբաղվողների համար, ովքեր օգտվելու են մեր առաջարկած ծրագրից: Այն անցկացվելու է Հայաստանի Ագրարային համալսարանում՝ լավագույն մասնագետների կողմից, ովքեր կօգնեն գյուղատնտեսներին նորագույն տեխնոլոգիաներով հասնել ինտենսիվ անասնապահության»,-ասում է Լևոն Տեր-Իսահակյանը:

Գյուղատնտեսության նախարարության մյուս ծրագիրը նպատակ ունի վերականգնելու վերջին տարիների ընթացքում անկում գրանցած անասնագլխաքանակը: Ծրագրի շրջանակներում իրավաբանական և ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան 2 տոկոսով վարկեր ստանալ, որը պետք է օգտագործեն տոհմային խոշոր եղջերավոր անասուններ գնելու համար:

«Վարկերը 12 տոկոսով են, որից 10 տոկոսը սուբսիդավորում է պետությունը: Սահմանամեձ համայնքներին և կոոպերատիվներին նույն վարկերը տրամադրվում են 0 տոկոս տոկոսադրույքով»,-նշեց Տիգրան Գաբրիելյանը:

Իսկ այն խնդիրը, որ ներկրված տոհմային ցեղատեսակները հնարավոր է չդիմանան հայաստանյան պայմաններին ու նաև սխալ խնամքի պատճառով սատկեն, նույնպես հաշվի են առել: Այժմ քննարկվում է կենդանիների ապահովագրության հարցը, որը հնարավոր է առաջիկայում սկսվի օգտագործվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: