Հայերեն   English   Русский  

​«Երևի ինձ դնեն հրապարակը կախեն». Սամվել Բալասանյան


  
դիտումներ: 725

Գյումրու փողոցաշինական ծրագրերը շարունակում են քննարկման թեմա մնալ ինչպես մարզում, այնպես էլ օրենսդիր և գործադիր մարմինների շրջանակում:

Մինչ այս խոսակցություններին անդրադառնալը Գյումրու քաղաքապետը ավագանու անդամներին ներկայացրել է քաղաքի կենտրոնական հրապարակը նորոգելու ծրագիրը:

- Մեր հրապարակը լողացող է, գիտեք, տակով գետակ է անցնում: Երկու տարին մեկ 100 մլն դրամ է ծախսվում նորոգելու համար: Ես առաջարկում եմ մեկ անգամ ծախս անենք և հարցն ընդմիշտ փակենք, որպեսզի նաև կարողանանք ունենալ շատ գեղեցիկ հրապարակ: Ես առաջարկում եմ բուլիժնիկ շարենք, ծախսն ավելանալու է մոտ 150-200 մլն-ի չափով: 1 քմ բուլիժնիկն արժի 16500 դրամ: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հունիսին գալու են, այս առաջարկով հանդիպում կունենամ, - ասաց Սամվել Բալասանյանը:
Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առարկեց այս գաղափարն իրականություն դարձնել.

- Ես համարում եմ, որ հրապարակի ասֆալտը քանդել սալիկապատելը մեր քաղաքի մյուս փողոցների վիճակի հետ մեկտեղ՝ շռայլություն է:

Քաղաքապետն հակադարձեց՝ այսպես, թե այնպես բանկը գումար տալու է հրապարակի համար 100 մլն դրամի չափով. «5սմ հանելու են, հարթեցման շերտ են դնելու, 1 հա-ի չափ: Իմ առաջարկությունն այն է, որ իրենք տնտեսված գումարներից 150 մլն դրամ տան: Մենք պետք է հասկանանք, որ տուրիստական քաղաք ենք դառնալու և պետք է ունենանք գեղեցիկ հրապարակ, մայթերը սալապատվելու են»:

Գյումրին ունի շուրջ 222 փողոց՝ 180 կմ ճանապարհահատվածով: ՎԶԵԲ-ի ֆինանսական ծրագրով հիմնանորոգվելու է այդ ճանապարհների մոտ 60 տոկոսը: Հենց այստեղ էլ Սամվել Բալասանյանը հայտնեց, որ շինարարական կազմակերպությունների հետ խնդիրներ կան, անպարտաճանաչներին արդեն մի քանի անգամ վարչական տույժի են ենթարկել: Դա էլ քիչ է՝ բոլորն անխտիր դժգոհություն են հայտնում փողոցաշինությունից:

- Ամբողջ Հանրապետությունում 300 կմ ճանապարհ են սարքում, միայն Գյումրին է օրակարգային, որ պատգամավորը դուրս գուկա՝ կսէ Գյումրու փողոցները: Փոխանակ ասեն ծրագիր տվեք քաղաքին, այ մարդ, մենակ կքննադատեն: Էնքան պիտի անեն, որ Եվրոպական բանկն էլ հրաժարվի ծրագրից, - սրտնեղեց քաղաքապետը:

Սամվել Բալասանյանին վերդովեցնում է, որ քննադատում են, թե փողոցներն ու մայթերը քանդում են՝ հետո սարքում ու պատկերացրեց, թե ինչ տեղի կունենա, երբ հաջորդ տարի սկսվեն փողոցաշինական լայնածավալ աշխատանքները.

- 3 հատ մագիստրալ փողոց ենք քանդել՝ ամբողջ քաղաքը խառնվել է իրար: Դուք պատկերացնում եք, հաջորդ տարի 40 հատ փողոց պիտի քանդենք: Երևի ինձ դնեն հրապարակը կախեն, թե էս ինչ կատարվեց:
Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ նշեց, եթե փողոցաշինական կուլտուրան պահպանվի, մարդը տանից դուրս գալիս չհայտնվի ցեխի մեջ, չի դժգոհի: Ընդամենը հարկավոր է փայտե կամրջակներ կամ անցումներ տեղադրել: Բայց պարզվում է՝ անցումները տեղադրելուց հետո շինարարն հաջորդ առավոտյան դրանք այդպես էլ չի հայտնաբերել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: