«Լիվերպուլը» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը
Մադրիդում տեղի ունեցած «անգլիական» եզրափակչում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 2։0 հաշվով առավելության հասավ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած լոնդոնյան «Տոտենհեմի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն երկրորդ րոպեին՝ 11-մետրանոց հարվածով, որն անվրեպ իրացրեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:
18-րդ րոպեին գլխավոր մրցավարը ստիպված էր մոտ երկու րոպեով ընդհատել հանդիպումը, մինչև անվտանգության աշխատակիցները կհեռացնեին խաղադաշտ ներխուժած կիսամերկ մի կնոջ։ Վերջինս հայտնի ամերիկացի մոդել Կինսի Վոլանսկին է, որը հաճախ է լուսանկարվում տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում։
«Լիվերպուլը» հաշիվը կրկնապատկեց երկրորդ խաղակեսի վերջում՝ 87-րդ րոպեին ։ Անկյունային հարվածից հետո «Տոտենհեմի» խաղացողները չկարողացան հեռացնել գնդակը և գրոհը գոլով ավարտեց փոխարինման դուրս եկած բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին։
«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլվան Դեյկը ճանաչվեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի լավագույն խաղացող:
«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է նաեւ 1977, 1978, 1981, 1984, 2005 թվականներին, երեք անգամ պարտվել է եզրափակիչներում (1985, 2007, 2018)։ «Տոտենհեմն» առաջին անգամ էր հասել այս մրցաշարի եզրափակիչ։