Հայերեն   English   Русский  

Ահազանգ նախաձեռնության անդամները շարունակում են պայքարել եկամտահարկի համահարթեցման դեմ


  
դիտումներ: 360

Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է եկամտային հարկի համահարթեցում, միանշանակ չի ընկալվում հանրության կողմից:

Օրինագծի դեմ պայքարելու համար մի խումբ երիտասարդներ ստեղծել են «Ահազանգ» հասարակական կազմակերպությունը, որը վերջին շրջանում մի շարք ակցիաներ է իրականացրել: Վերջին ակցիան օրեր առաջ էր, երբ նախաձեռնության անդամները հնամաշ հագուստ էին թողել ԱԺ-ի դիմաց՝ փորձելով ցույց տալ, թե ինչ վիճակում է գտնվում մեր հանրությունը և ինչպիսի հետևանքներ կունենա օրինագծի ընդունումը:

«Այս նախագիծը հարվածում է ցածր եկամուտ ունեցողներին, իսկ մեր երկրում ցածր եկամուտ ունեցողները մեծամասնություն են կազմում: Չգիտես ինչու մենք մոռացել ենք, որ ունենք գործազրկության բարձր մակարդակ, աղքատության բարձր մակարդակ: Օրինագծին կողմ քվեարկելուց առաջ նախ պետք է հասկանալ այն լա՞վ, թե՞ վատ ազդեցություն է ունենալու մեր վրա: Պատասխանը միանշանակ է՝ վատ»,-ասում է «Ահազանգ» հասարակական երիտասարդական շարժման համակարգող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:

Ըստ նրա դեռ անցած տարվանից, երբ սկսեցին շրջանառել օրինագիծը, բազմիցս Կառավարությանը ասվել է, որ սխալ ճանապարհով են գնում:

«Այդ մասին ասվել է մասնագետների կողմից, միջազգային կոնֆերանսներում հրապարակված հայտարարություններով է ասվել, բայց քանի որ կա իշխանական մեծամասնության որոշումը, կարծես թե ոչինչ չեն ուզում հաշվի առնել: Հաճախ օրինագծին դեմ արտահայտվողներին համարում են դասակարգային պայքար տանողներ, բայց մեր նախաձեռնության նպատակը մեկն է, թույլ չտալ, որ նախագիծը օրենքի ուժ ստանաև սոցիալական անարդարության պատճառ դառնա»,-ասում է Քրիստինեն:

Ինչպես նշում է նա՝ «Ահազանգի» անդամները հանդիպել են Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունների անդամների հետ, և այս խմբակցությունները ևս կիսում են իրենց մտահոգությունները: Իսկ ինչ վերաբերում է Իմ քայլը խմբակցությանը, ապա նրանց հետ քննարկումները սահմանափակվել են օրեր առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին նամակ հանձնելով:

«Ցավոք մեր հասարակությունում վատ պրակտիկա կա: Քաղաքական գործիչներն ավելի շուտ պատասխանում են ֆեյսբուքյան ստատուսներին ու գրառումներին, քան նամակներին: Մեր ակցիաները և նամակները դեռ անպատասխան են մնացել»,-ասում է Քրիստինե Վարդանյանը:

Նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ Հայաստանի սոցիալական պայմաններում միայն բացասական հետևանքներ է առաջացնելու նախագծի ընդունումը և կոչ են անում պատգամավորներին կողմ քվեարկելուց առաջ նախ հաշվի առնել երկրի վիճակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: