Հայերեն   English   Русский  

Դատախազության վարքագիծը Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաների հանդեպ տարօրինակ է. փաստաբան


  
դիտումներ: 634

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրու քաղաքապետարանի երկու պաշտոնյաների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բաժնի պետ Մ. Ա.-ն, ով ի պաշտոնե օժտված է օրենքով սահմանված դեպքում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերահսկելու աշխատանքները վերահսկելու, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումն ապահովելու լիազորություններով, Գյումրի քաղաքի շենքերից մեկի բնակարանում ապօրինի շինարարություն կատարելու հանգամանքը պարզելուց հետո, իրավախախտումը չարձանագրելու պատրվակով բնակարանի սեփականատիրոջից պահանջել ու Գյումրու համայնքապետարանի նույն բաժնի աշխատակից Ս. Ղ.-ի օժանդակությամբ 2019թ. մարտի 24-ին ստացել է զգալի չափերի կաշառք: Արդյունքում դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ բաժնի պետը չի արձանագրել վերը նշված իրավախախտումը:

Մայիսի 31-ին քաղաքապետարանի աշխատակիցները ձերբակալվել էին, սակայն փաստաբանի միջնորդությունից հետո դատարանը որոշում էր կայացրել Մանուկ Առաքելյանին անհապաղ ազատարձակել՝ նրան ազատությունից զրկելը ոչ իրավաչափ լինելու պատճառաբանությամբ: Երեկ երեկոյան դատախազությունը միջնորդել է կալանավորել այս անձանց:

«Ակնհայտ անհիմն միջնորդություն էր, որն անկախ անհիմն լինելուց դատարանը բավարարեց երեկ երեկոյան», - ասում է Մանուկ Առաքելյանի շահերի պաշտպան Էդգար Թումասյանը: - «Պաշտպանյալս աշխատանքից ազատման դիմում էր գրել, քանի որ նախորդ դատական նիստին հայտնեցինք, որ քրեական դատավարությունում կա պաշտոնի ժամանակավոր դադարեցման մեղանիզմ, քանի որ քննիչն ու դատախազը մտավախություն ունեին, որ մնալով պաշտոնի՝ պաշտոնական հանցագործությունը շարունակելու է ու խոչընդոտելու է գործի քննությանը, մենք ասացինք, որ կարող եք կիրառել այդ հոդվածը, պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնել: Բայց քանի որ իրենք չեն արել, որոշեցինք այդ հարցով էլ մենք օժանդակենք քննությանը, պաշտպանյալս աշխատանքից ազատման դիմում գրեց: Բայց այս անգամ դատարանում նույնիսկ այդ հանգամանքը հաշվի չառան»:

Գյումրու քաղաքապետարանից Անկախ-ին փոխանցեցին, որ անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն ու նույն բաժնի առաջատար մասնագետ Սլավիկ Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում են գրել, որոնք ստացվել են էլեկտրոնային եղանակով: Այսօր՝ հունիսի 3-ին, Գյումրու քաղաքապետը ստորագրել է նրանց ազատման հրամանները:

Էդգար Թումասյանն ասում է կալանավորման որոշումը բողոքարկելու են, և զարմանում, թե ինչպես կարող է դատախազությունը օրենքը նման կերպ մեկնաբանել.

«Բոլորովին վերջերս նմանատիպ քրեական գործով պաշտոնատար անձանցից մեկը մեղադրվում էր ոչ թե մեկ դրվագ, ինչպես իմ պաշտպանյալը, այլ մեղադրվում էր երկու դրվագ կաշառք ստանալու մեջ, այդ պաշտոնատար անձն էլ էր ձերբակալվել, բայց աշխատանքից ազատվելուց հետո խափանման միջոցը փոխվեց՝ ստորագրություն չհեռանալու մասին ու դատախազությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ, որ հետևյալով նվազել են քերական գործին խոչընդոտելու ռիսկերը: Դատախազության վարքագիծը տարօրինակ է. նույն փաստական հանգամանքներով, դատախազությունը օրենքը յուրատեսակ մեկնաբանության է ենթարկում: Այսինքն, անձից կախված՝ մեկի դեպքում մեկնաբանում ենք էսպես, մյուսի դեպքում՝ հակառակ կերպ»:

Թումասյանն ասում է օրենքը, որ պետք է միատեսակ լինի բոլորի համար, փաստացի այսպես չի կիրառվում: Նաև հավելում է Մանուկ Առաքելյանն ունի 3 անչափահաս երեխա, իսկ մեկը դեռ 2 տարեկան չի դարձել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: