Հայերեն   English   Русский  

​«Այբ»․ մեդալի հակառակ կողմը


  
դիտումներ: 4250

«Այբ» ակումբի, դպրոցի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամներ այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց գնահատականն ու

մտահոգություններն են հնչեցրել նախորդ տարվա դեկտեմբերին ակումբի «ինքնալուծարման» որոշման վերաբերյալ։ Դա, ըստ նրանց, կազմակերպված գործընթաց էր, որի պատճառով փոփոխության ենթարկվեցին «Այբ» հիմնադրամի և «Այբ» դպրոցի նպատակներն ուշահառուները, և այդ ամենը տեղի ունեցավ բարոյական սկզբունքների կոպիտ խախտումներով։

«Ի՞նչ իրավիճակ է այսօր դպրոցում,-գրված է հայտարարության մեջ,-ուսուցիչներին դուրս են հանում միմյանց դեմ, տնօրենը բամբասանքներ է տարածում, անտեսվում է ծնողների կարծիքը, աշակերտներին անհիմն հեռացնում են դպրոցից, տիրում է վախի և ստրկամտության մթնոլորտ, «սիրեցյալները» և «վերնախավը» արժանանում են հատուկ բարեհաճության և որպես փոխհատուցում՝ պատրաստ են հարձակվել ցանկացածի վրա, ով կհամարձակվի չհամաձայնել ... Եվ այս ամենը՝ համեմված անվերջանալի գովաբանական փիարով, դեմագոգիայով․․․»։

Որպեսզի վերականգնվի արդարությունը նախագծի բոլոր անդամների նկատմամբ և իրականացվի պատշաճ վերահսկողության հասարակության կողմից, հայտարարության հեղինակներն անհրաժեշտ են համարում «Այբ»-ի ակտիվների փոխանցումը պետությանը:

Անկախ-ին հաջողվեց զրուցել հայտարարության հեղինակներից մեկի՝ Արտաշես Շիրիկյանի հետ («Այբ» ակումբի նախկին անդամ, 2015-17 թվականներին՝ ակումբի նախագահ) և որոշ պարզաբանումներ ստանալ։

Շիրիկյանը նախ նշեց, որ ցավով է խոսում «Այբ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, քանի որ այս տարիներին, ակտիվորեն կապված լինելով «Այբ» ակումբի, հիմնադրամի և դպրոցի գործունեության հետ, մեծ ջանքեր է ներդրել և հավատացել «Այբի» առաքելությանը։

«Հայտարարությամբ հանդես եկանք այն պատճառով, որ ամեն դեպքում պարտավորություն ու պատասխանատվություն ունենք այն երեխաների նկատմամբ, որոնք եկել են «Այբ», նրանց ծնողների նկատմամբ,որոնք այս դպրոց են եկել նաև հավատալով, որ ակումբի շնորհիվ կա հասարակական վերահսկողություն կրթական գործընթացների նկատմամբ»-ասում է նա։

«Այբ» ակումբը հիմնադրվել է 2006 թվականին։ Մինչ լուծարումը ակումբի անդամների թիվը հասել էր 43-ի։ Նրանք աշխարհով մեկ սփռված հայեր են, որոնք համախմբվել են «Այբ»-ի գաղափարների շուրջ, իրենց նպաստը բերել «Այբ»-ի զարգացմանն ու Հայաստանում կրթական բարեփոխումների գործընթացին։ Ակումբը փաստացի եղել է «Այբ»-ի գաղափարների, նպատակների, ռազմավարության մշակման դարբնոցը։ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն ընտրվել են ակումբից։

Ճիշտ է, «Այբ»-ի շուրջ հավաքված են եղել բազաթիվ այլ բարերարներ ու աջակիցներ, սակայն ակումբի անդամները տարբերվել են նրանով, որ նրանք ոչ միայն իրենց սեփական միջոցներն են ներդրել «Այբ»-ի նախագծերի մեջ, այլև կատարել են երկարաժամկետ պարտավորություններ։

Վերջիններս, բացի տարբեր նախագծերին ֆինանսական և այլ աջակցություն ցուցաբերելուց, վճարել են նաև ակումբի անդամության տարեկան անդամավճարներ՝ հազարից մինչև տասը հազար դոլար (այդ գումարից էլ ֆինանսավորվել է «Այբ» հիմնադրամը): Բացի այդ, ակումբի անդամները մասնակցել են «Այբ» դպրոցի շրջանավարտների համար նախատեսված մենթորության ծրագրին, որի նպատակն է տասը տարվա կտրվածքով պարտավորություն վերցնել աջակցելու շրջանավարտներին նոր կյանք մտնելու և կայանալու գործում։ Ակումբի անդամները ժամանակ ու ռեսուրսներ են ծախսել բազմաթիվ կոմիտեներում, ընտրական և կառավարման մարմիններում հասարակական գործունեության ուղղությամբ։

Ակումբի անդամները տարեկան երկու անգամ՝ հունիս և հոկտեմբեր ամիսներին, մեծ նիստ են անցկացրել Երևանում։

Արտաշես Շիրիկյանի խոսքով՝ վերջին տարիներին հատկապես միջին դպրոցում գնալով ավելի ու ավելի էին նկատվում խնդիրներ, որոնք կապված էին ոչ արդյունավետ կառավարման հետ։ Սկզբում փորձում էին խնդիրները լուծել ներքին քննարկումների, համագործակցության միջոցով, բայց ապարդյուն։

«Ի վերջո համաձայնության եկանք, որ դպրոցում ստուգումներ անցկացվեն։ 2017 թվականին ներքին աուդիտ արեցինք։ Խոսքը չէր գնում ֆինանսական ստուգումների մասին, այլ դպրոցի ընդհանուր մթնոլորտի, փոխհարաբերությունների, աշխատանքային իրավունքների, մի խոսքով՝ կառավարման արդյունավետությանն էր վերաբերում»։

Ներքին ստուգումների արդյունքները վատն էին, սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով ոչ բոլորին են հայտնի դառնում և մեծ հաշվով քողարկվում են։

2017 թվականի վերջին դպրոցում ստուգումներ իրականացնելու համար դիմում են միջազգային պրոֆեսիոնալ ընկերության, որը նույնպես կառավարման խնդիրներ է բացահայտում, սակայն ստուգումների ամբողջական արդյունքները նույնպես «Այբ» ակումբի բոլոր անդամներին հասանելի չեն դառնում։

Այդ ժամանակ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, հավանաբար ընդունելով ստուգումների արդյունքների մեջ իր մեղքի բաժինը, հրաժարական է տալիս։ Պատրաստվում են նոր տնօրենի մրցույթ անցկացնել։ Ստեղծվում է Ընտրող հանձնաժողով, որի առաջին նիստը տեղի է ունենում 2018 թվականի մայիսին։ Տնօրենի պաշտոնի համար ներկայացված էր 4 թեկնածու։

Այդ ժամանակահատվածը համընկել էր նաև«Այբ» ակումբի անդամների տարեկան ժողովին, որտեղ նույնպես նոր տնօրենի հարցն ակտիվ քննարկվում էր, և ակումբը մեծ հույսեր ուներ, որ «Այբ»-ում բարեփոխումների արդյունքում իրավիճակը կշտկվի։

«Դպրոցի հոգաբարձուների խորհուրդն առանձին էր հավաքվում, մենք առանձին, և երբ հարցնում էինք՝ ի՞նչ վիճակ է, հոգաբարձուների խորհուրդն ասում էր՝ քննարկումները դեռ ընթացքի մեջ են։ Երբ ակումբի ժողովն ավարտվեց, անդամները ցրվեցին, մեզ հանկարծ նամակ եկավ, թե Արամ Փախչանյանի հետ, որը նույնիսկ չէր դրել իր թեկնածությունը, երկու տարով պայմանագիր է կնքվել»։

Հոգաբարձուների խորհրդի նման որոշումն այնքան անսպասելի էր, որ շատերն ուղղակի հիասթափվում են՝ այլևս հույս չունենալով, որ «Այբ»-ը բարեփոխումների ճանապարհին է։ Դպրոցից արտահոսք է սկսվում։

2018 թվականի դեկտեմբերին «Այբ» ակումբի «ինքնալուծարման» գործընթացն է տեղի ունենում։ Ինքնալուծարման վերաբերյալ քվեարկության դրված հարցի մեջ հատուկ ներառված է եղել մի դրույթ, ըստ որի ակումբի բոլոր ակտիվներն անցնում են Հիմնադրամի ղեկավարության անսահմանափակ վերահսկողության ներքո։

Շիրիկյանն ասում է, որ եթե ակումբը պաշտոնապես գրանցված լիներ որպես հասարակական կազմակերպություն, լուծարումը հեշտ չէր լինի, լուծարման դեպքում էլ «Այբ»-ի ակտիվները կանցնեին պետությանը։ Բայց քանի որ ամեն ինչ հիմնված է եղել ազնվության և փոխադարձ վստահության վրա, ակումբը, որը փաստացի ուներ հսկայական դերակատարում և ազդեցություն, այսօր այլևս գոյություն չունի։

Փաստորեն, ակումբի կողմից վերահսկողությունը, խնդիրների բարձրաձայնումը ձեռնտու չէր որոշ մարդկանց, մասնավորապես «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին և դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանին։ Հավանաբար այդ պատճառով էլ ամեն ինչ արվել է ակումբի չեզոքացման համար։ Իսկ թե այս ամենի արդյունքում ի՞նչ կմնա այն լուսավոր ու վեհ գաղափարներից, որ տարիներ շարունակ գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվում էր հանրությանը, պարզ կդառնա առաջիկա տարիների ընթացքում։ Համենայնդեպս, կանխատեսումներն առաջվա պես ոգևորիչ չեն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: