Հայերեն   English   Русский  

​Որևէ տարօրինակ բան տեղի չի ունենում՝ նույն Ադրբեջանն է. Դավիթ Բաբայան


  
դիտումներ: 132

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որևէ տարօրինակ բան տեղի չի ունենում՝ նույն Ադրբեջանն է, որը չի փոխել իր նպատակները, իր տեսլականն ու ծրագրերը:

Ինչ-որ պահի, այո, Ադրբեջանն իրեն զսպում էր, բայց պատճառն ամենևին իր մոտեցումների վերանայումը չէր: Մենք երբևէ չպետք է կտրվենք իրականությունից: Այո, ժամանակին բարձր ենք գնահատել Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները, փաստել ենք, որ սահմանի ողջ երկայնքով կտրուկ նվազել է խախտումների քանակը: Բայց սա միայն մի կողմն է: Զուգահեռաբար կրկնում էինք նաև այն, որ հակառակորդը մնացել է նույնը, և հայոց պետականության նկատմամբ իր ծրագրերն անփոփոխ են: Մենք երբևէ ակնկալիքներ չենք ունեցել, որ Ադրբեջանը կարող է վերանայել իր մոտեցումը կամ մեկ օրում փոխվել:

Իրենք պարզապես սպասում են այդ պահին, աղոթում են ու ուզում, որ մենք իրար միս ուտենք, և որևէ մեկը թող կասկած չունենա այդ առումով: Հենց տեսնեն, որ մեր միասնականությունը խարխլվել է, մի վայրկյան անգամ չեն վարանելու, որպեսզի մեզ հոշոտեն: Սա բոլորը պետք է լավ իմանան: Թե՛Արցախում, թե՛ Հայաստանում , թե՛ Սփյուռքում միասնական պետք է լինենք, ինչն ամենևին չի նշանակում, որ մենք բոլորս պետք է հլու-հնազանդ լինենք, կարծիք չունենանք:

Պետք է լինի մտքերի բախում, լինեն կարծիքներ, բանավեճեր, բայց փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Մենք չպետք է խարխլենք մեր միասնականությունը, որովհետև տեսնում ենք, թե ում հետ գործ ունենք: Ադրբեջանն ու Թուրքիան ամիսը մեկ խոշոր զորավարժություն են անում, սա մեզ համար ազդակ չէ՞: Պետք է ազդակ լինի, և ամեն ինչ պետք է անենք, որ երբևիցե նրանք չկարողանան իրենց նպատակներին հասնել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: