Անցնող շաբաթն աշխարհում
Գլխավոր հավակնորդը համարվում է Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը: Հավանական առաջնորդների թվում են նաև շրջակա միջավայրի և պարենի նախարար Մայքլ Գոուվը և արտգործնախարար Ջերեմի Հանթը: Թերեզա Մեյը հրաժարական տվեց, քանի որ չկարողացավ իրականացնել երկրի դուրս գալը Եվրամիությունից: Այժմ այդ խնդիրը մնալու է երկրի նոր առաջնորդի և իշխող կուսակցության ուսերին:
Ուշագրավ էր անցած շաբաթ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությունը 1999 թ. իրադարձությունների մասին Բելգրադ ԱՄՆ պետաքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Մեթյու Փալմերի այցի ժամանակ: «ՆԱՏՕ-ի դիրքորոշումը 20 տարի առաջ արդարացված չէր, կարծում եմ, որ բավարար հիմք չկար Սերբիայի նկատմամբ ագրեսիայի համար: Դա մեծ թվով մարդկային կյանքեր խլեց, ոչնչացրեց մեր ավտոճանապարհների, երկաթուղու և առհասարակ տնտեսական ենթակառուցվածքները, մեր քաղաքական ենթակառուցվածքները արևմտյան երկրների հետ հարաբերությունների առումով: Կարծում եմ, որ դա որևէ արդարացում չուներ, և կարծում եմ, որ սերբ ժողովուրդը վճարեց մի գին, որին արժանի չէր»,- ասաց նա:
Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի դեմ Երևանում «Վետօ» շարժման գործողությունների համատեքստում բավական հետաքրքրական էր Fox News հեռուստաալիքի թղթակից Թաքեր Կառլսոնի հայտարարւթյունն այն մասին, որ ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսն իր հարստությունն օգտագործել է արմատական գաղափարախոսություն տարածելու նպատակով: «Մարդիկ չեն հասկանում, թե որքան հաջողությամբ է Ջորջ Սորոսը վերափոխում այս երկիրը, սակայն նրանք պետք է հասկանան դա», - հայտարարել է Կառլսոնը՝ Սորոսի գործողությունները որակելով անօրինական և հակաժողովրդավարական:
Շարունակվեց Միացյալ Նահանգների և Չինաստանի տնտեսական հակամարտությունը: Չինաստանը հայտարարեց, որ առևտրային պատերազմի չի ձգտում, բայց չի վախենում դրանից: Այդ հայտարարությամբ հանդես եկավ Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Գեն Շուանը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Չինաստանից ներկրվող ապրանքների համար նոր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ:
Աշխարհի և մասնավորապես Մերձավոր Արևելքի գլխին կախված մնաց Միացյալ Նահանգների և Իրանի հնարավոր պատերազմի սպառնալիքը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ արեց եվրոպական երկրներին աջակցել Իրանին ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» պայմաններում:
Մինչդեռ այդ ընթացքում Միացյալ Նահանգները ոչ միայն ավելի խստացրեց Իրանի դեմ պատժամիջոցները, այլև Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն այժմ էլ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրենք ընդունեց։ Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմական ուժերի ներկայության վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին: Փաստաթղթից հետևում էր մասնավորապես, որ Միացյալ Նահանգները մտադիր է Լեհաստանում մեծացնել իր ռազմական ներկայությունը և մոտ ապագայում 1000 ամերիկացի զինծառայող ուղակել Լեհաստան:
Անցած շաբաթ տեղի ունեցավ նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի պատմական այցը Իրան: Պատմական, քանի որ Իսլամական հեղափոխությունից ի վեր սա Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին այցն է այս երկիր և նպատակ ուներ ինչ-որ չափով թուլացնել այդ տարածաշրջանում առաջացած լարվածությունը, ինչը, ըստ ամենայնի այնքան էլ չհաջողվեց: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ Իրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ ճնշման տակ բանակցություններին: «Համատեղ համապարփակ գործողությունների պլանի շրջանակներում ԱՄՆ-ի հետ նախորդ բանակցությունների դառը փորձը ոչ մի դեպքում չի կրկնվի, քանի որ ոչ մի խելամիտ ազգ ճնշման ներքո բանակցությունների չի գնա», - ասել է նա:
Անցած շաբաթ Թուրքիայում հիսթերիայի առիթ դարձավ Հոլանդիայի ներկայացուցիչների պալատի ընդունած մի բանաձև, որով դատապարտվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը։ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարության մեջ Հոլանդիայի ներկայացուցիչների պալատի բանաձևը որակվել է որպես «անհիմն հերյուրանք» և առաջ է քաշվել այն պնդումը, թե որոշումն ընդունվել է «հակաթուրքական շրջանակների նախաձեռնությամբ»։
Անցած շաբաթ իր պարտականությունները ստանձնեց Ղազախստանի ընտրություններում հաղթանակ տարած Քասիմ-Ժոմարտ Տոկաևը: Սակայն և՛ ընտրությունների, և՛ երդմնակալության օրը երկրում զանգվածային բողոքի ցույցեր տեղի ունեցան: Ղազախստանի ոստիկանությունը Նուր Սուլթանում և Ալմաթիում մոտ 700 մարդու ձերբակալեց չթույլատրված հանրահավաքների մասնակցելու մեղադրանքով:
Աշխարհի թեժ կետերից մեկն էլ Հոնկոնգն էր, որտեղ, ըստ որոշ հաշվարկների, մայրցամաքային Չինաստան արտահանձնման մասին ընունվելիք օրենքի դեմ բողոքի ցույցերին մասնակցեց մոտ մեկ միլիոն մարդ: Քննադատները և ցուցարարները կարծում են, որ տվյալ փաստաթղթի ընդունումն էապես նվազեցնում է Հոնկոնգի ինքնավարությունը: Հոնկոնգի խորհրդարանը ստիպված եղավ հետաձգել այդ աղմկոտ օրենքի քննարկումը: