Իտալիա-Հայաստան ֆուտզալի 2-րդ հանդիպումն անավարտ է մնացել
Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին Իտալիայից հայտնել են ՀՖՖ պատվիրակության ներկայացուցիչները:
Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականը հաղթել էր իտալացիներին 2:1 հաշվով: 2-րդ հանդիպման մրցավարն իտալացի էր և ցանկացած կասկածելի իրավիճակում որոշում էր կայացնում հօգուտ իտալացիների՝ նշանակելով չհիմնավորված բազմաթիվ տուգանայիններ: 2:2 հաշվի ժամանակ, երբ խաղի ավարտին մնացել էր 1 րոպե 12 վայրկյան, երրորդ անգամ անարդարացիորեն 10-մետրանոց նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասին:
Քանի որ իրականում խախտում չկար, հավաքականի մարզիչները հրահանգեցին դարպասապահին ազատել դարպասը՝ ի նշան բողոքի:
Իտալացիները հավաստիացրեցին, որ իրենք էլ են համարում, որ խախտում չի եղել, և իրենք պատրաստ են շեղ հարվածել: Այդուհանդերձ, երբ մեր դարպասապահը զբաղեցրեց իր տեղը, իտալացիները գրավեցին մեր դարպասը:
Դրանից հետո Հայաստանի հավաքականի մարզիչներն ու ՀՖՖ պատվիրակությունը որոշեցին դուրս բերել թիմը խաղադաշտից, քանի որ իտալացիները չպահպանեցին արդար խաղի կանոնները: Խաղը մնաց անավարտ: