Հայերեն   English   Русский  

​Նորից փակել էին միջպետական ճանապարհը, մարզի դատախազը Մարալիկում է


  
դիտումներ: 428

Համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով առավոտյան մարալիկցիները նորից փակել էին Գյումրի-Երևան միջպետական ավտոճանապարհը:

17 բնակավայրերից կազմված Անի համայնքում արդեն ուղիղ մեկ տարի է բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը: Արդեն 8 ամիս է փակ է համայնքապետարանի շենքը՝ Մարալիկում, բայց ինչպես բնակիչներն են ասում, այդ փաստը ոչ մեկին չի հետաքրքրում: Միակ մարդը ով պարբերաբար այցելում և իրավիճակով հետաքրքրվում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն է:

Ճանապարհը փակել ու կրկին հարցնում էին անեցիները՝ ինչու մինչև հիմա համայնքապետի դեմ հարուցված քրեական գործերով նորություն չկա:

- 304-ի 1-ին հոդվածով՝ պաշտոնական դիրքի ճարաշահում, օրինակ, գումար է դուրս գրվել իր՝ համայնքի ղեկավարի մեքենայի համար բենզինի չեք, բայց պարզվել է իր մեքենան աշխատում է գազով: Իր վարորդը միաժամանակ աշխատել է և համայնքապետարանում և դատարանում, որպես պահակ: Այսինքն, ամեն 3 օրը մեկ ինքը 24 ժամ սմեն է անցկացրել, բայց միաժամանակ եղել է համայնքապետի վարորդը, - քրեական գործերից օրինակներ է ներկայացնում բնակիչներից մեկը:

Համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով Անիի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով, մոտ 4300 բնակչի ստորագրություն էր հավաքվել, այն հանձնել էին տարածքային կառավարման նախարարություն, բայց նախարար Սուրեն Պապիկյանը ասել է՝ սպասեք մինչև նոր օրենքը ուժի մեջ մտի, հետո օրնքը մերժվել է: Նախարարն ասել է պետք է սպասեք և վերջ:

- Արդեն 7 ամիս է քրեական գործ կա, ու ձգձգվում է, ասում են ուղարկել են փորձաքննության, ի՞նչ կա փորձաքննելու. գոյություն ունի երկու տաբել՝ մեկը դատարանում, մեկը համայնքապետարանում, ընդամենը պետք է բացել ու համեմատել, դա օրենքի խախտում է, ուժային կառույցում աշխատողը չի կարող այլ պետական կառույցում աշխատել, դրա համար կամ պետք է դատել դատարանի անվտանգության պետին, կամ Արտակ Գևորգյանին, - ասում է բողոքի ակցիայի մասնակիցը:

Բնակիչները բարձրաձայնում են նաև ճանապարհաշինության հետ կապված չարաշահումների մասին նույնպես, որոնց մրցույթները ավելի թանկ գներով շահել է համայնքապետի հորաքրոջ ամուսնու կազմակերպությունը:

Միջպետական ճանապարհը արդեն բացել են ցուցարարները, մարզի դատախազը Մարալիկում է գտնվում, եկել է դպրոցում միջոցառման մասնակցելու, նրանք հույս ունեն հանդիպել դատախազին և ստանալ քրեական գործերի ձգձգման պատճառների մասին պատասխան:

Չնայած, որ ինչպես ակցիայի մասնակիցներից մեկն է Անկախի հետ զրույցում նշում, օրեր առաջ էլ հանդիպել են մարզի քննչական ծառայության պետ Աղասի Իսահակյանի հետ, որը նշել է, թե իրենցից կախված ամեն բան արել և գործն ուղարկել են Երևան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: