Հայերեն   English   Русский  

Արցախի Քաշաթաղի շրջանում վերաօծվել է 17-րդ դարի եկեղեցի​


Հոչանց գյուղի և եկեղեցու մասին


  
դիտումներ: 576

Հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերից Հոչանցում վերաօծվել է 17-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող սբ․ Ստեփանոս եկեղեցին։

կիրակնօրյա պատարագ

Վերաօծման կարգը կատարել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Վերաօծմանը հաջորդել է կիրակնօրյա պատարագ։ Եկեղեցու վերականգնման և վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Պատարագին հաջորդած ելույթի ժամանակ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին պատմական եկեղեցուն նոր կյանք հաղորդելու համար։ Վերջինս կարևորել է հայոց եկեղեցու քարոզած քրիստոնեական սիրո և միաբանության կարևորությունը հայրենիքի համար այս պատասխանատու օրերին։ Վարչակազմի ղեկավարը շեշտադրել է նաև այն հանգամանքը, որ Հոչանցի եկեղեցու վերաօծումն ու վերագործարկումը մեծ առումով խորհրդանշում են հայերի վերադարձն ու վերատիրումը ազատագրված տարածքներում։

Միջոցառմանը մասնակցել են Քաշաթաղի վարչակազմի աշխատակիցներ, «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և զարգացման ծրագրերի տնօրեն Անդրանիկ Գասպարյանը, Հոչանցի և հարևան գյուղական համայնքների բնակչությունը։

Հոչանց գյուղը պատմականորեն եղել է Սյունիք աշխարհի Աղահեճք գավառի բազմամարդ և հարուստ գյուղերից։ Գտնվում է ներկայիս Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում՝

Հոչանց լեռան ստորոտում՝ համանուն գետի ձևավորած կիրճի աջակողմյան բարձրադիր ձորակում։ Առաջին անգամ հիշատակվում է սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանի մոտ Հունչաք ձևով (XIII դարի վերջ-XIV դարի սկիզբ)։ XVIII դարի ընթացքում այս տարածքներից հայկական տարրի արտահոսքի և վրանաբնակ քրդերի հաստատման արդյունքում փոխվել է Հոչանցի ժողովրդագրական կազմը։ Արդեն ԽՍՀՄ տարիներին գյուղը ձևախեղված «Ղոչազ» անվամբ մտել է ԱդրԽՍՀ Լաչինի շրջանի կազմում։ Արցախյան պատերազմի օրերին՝ 1992 թ․ աշնանից մինչև 1993 թ․ ապրիլի սկիզբ, կատաղի մարտեր են ընթացել Հոչանց սարի (1918.9 մ) հանդեպ վերահսկողության համար։ 1993 թ․ ապրիլի սկզբին՝ նախկին Քյալբաջարի հետ միասին ազատագրվել է նախկին Լաչինի շրջանի ամբողջ տարածքը, այդ թվում՝ Հոչանցը։ Պատերազմից հետո գյուղը վերաբնակեցվել է 1995 թ․ հոկտեմբերի 6-ից։ Ներկայումս գյուղում կա 9 տնտեսություն՝ բաղկացած 24 բնակչից։

Հոչանցի սբ․ Ստեփանոս եկեղեցի։ Հոչանցում է գտնվում XVII դարի երկրորդ կեսով մոտարկվող միանավ եկեղեցի։ Տարածքի ժողովրդագրական կազմի փոփոխումից հետո, ինչպես Զանգեզուրի շրջանի նախկին հայաբնակ այլ գյուղերի դեպքում, Հոչանցում նույնպես, ինչպես 1898 թ․ վկայում է ազգագրագետ Երվանդ Լալայանը, «… եկեղեցիները իբր փարախ կամ գոմ են ծառայում»։

1960-ական թթ․ սկզբներին իրականացված արձանագրագիտական գիտարշավի արդյունքում հնարավոր է եղել ըստ ամենայնի վերականգնել եկեղեցու անունը, այն է՝ սուրբ Ստեփանոս։ ԽՍՀՄ տարիներին եկեղեցու շենքը ծառայում էր որպես հացի փուռ։ 2018 թ․ եկեղեցին վերանորոգվել է «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից։ Տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքում հողի տակից հանվել են տասից ավելի տապանաքար ու խաչքար, հայոց շիրմաքարերի բեկորներ։ Ըստ «Թուֆենկյանի» տեսլականի՝ «տեղակայված Քաշաթաղի հնագույն գյուղերից Հոչանցում և շրջապատված հոյասքանչ սարերով՝ 17-րդ դարի այս եկեղեցին կարևոր վայր է, որ պիտի պահպանվի գալիք սերունդների համար։ Այս է պատճառը, որ մենք հանձն ենք առել վերանորոգելու և վերականգնելու այս փոքրիկ գյուղական եկեղեցին, որպեսզի այն հարատևի և նրա հետ միասին՝ Քաշաթաղի հայկական նկարագիրը»։


Քաշաթաղի շրջանի մասին

Քաշաթաղի շրջանը կազմավորվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ 1993 թ․ դեկտեմբերի 2-ին։ Տարածքը 3377 կմ² է։ Առկա բնակչությունը շուրջ 10000 է։ Քաշաթաղի շրջանի կազմի մեջ են մտնում 1992-1993 թթ․ ռազմագործողությունների ընթացքում թշնամուց ազատագրված նախկին ԱդրԽՍՀ Լաչինի, Ղուբաթլուի և Զանգելանի շրջանները։ Շրջանում կա շուրջ 100 բնակավայր, որից 4-ը՝ քաղաքային տիպի (շրջկենտրոն Բերձոր (առաջ՝ Լաչին), Որոտան (առաջ՝ Ղուբաթլու), Կովսական (առաջ՝ Զանգելան) և Միջնավան (առաջ՝ Մինջիվան))։

Շրջանի վարչակազմի ղեկավարն է Ստեփան Սարգսյանը։

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի մասին

Ստեփան Սարգսյանը ծնվել է 1982 թ․ հունվարի 30-ին Երևանում։

2004 թ․ ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի բակալավրիատը՝ ստանալով տնտեսագետի մասնագիտացում։

2011 թ․-ին մագիստրոսի որակավորմամբ ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալի բիզնես դպրոցը։

Նույն թվականին հիմնել է «Հայրենասեր» հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով խթանել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի զարգացումը։ Վերջին հինգ տարիներին «Հայրենասերի» հանգանակությունների շնորհիվ Քաշաթաղում կառուցել կամ վերանորոգել է 6 դպրոց, մարզադաշտ, ապաստարաններ։

2018 թ․ հոկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից կառավարության համապատասխան որոշման հաստատմամբ նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։

Ս․ թ․ հունիսի 23-ին տեղի է ունեցել Հոչանցի սբ․ Ստեփանոս եկեղեցու վերաօծման արարողությունը։

Տեսանյութը՝https://drive.google.com/file/d/1vVBOWlPFp1VrtJYJ32a1Xiyx766lm26S/view





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: