Լիլիթ Հարությունյան. «Մարզադպրոցի լարվածությունը վերացել է. համերաշխ մթնոլորտում ենք մարզվում»
Լիլիթ Հարությունյանն իրեն գերազանց դրսևորեց և, 800մ (2:16,56) և 1500մ (4:49,83) վազքատարածություններում 1-ին հորիզոնականը զբաղեցնելով, 2 ոսկե մեդալի արժանացավ:
Անկախի հետ զրույցում Լիլիթ Հարությունյանը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և սպասվող մրցաշարերի, ինչպես նաև անբարեկարգ պայմանների մասին, որտեղ դժվարությամբ, բայց սիրով մարզվում են վանաձորցի մարզիկները:
-Շնորհավորում ենք աթլետիկայի Վրաստանի բաց առաջնությունում հաղթելու և չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Նախքան Վրաստանի բաց առաջնությունը, մայիսին Արտաշատում մասնակցեցի Գառնիկ Ղուկասյանի հուշամրցմանը` դառնալով հաղթող 800մ և 1500մ վազքատարածություններում: Տեղեկանալով, որ հունիսին կայանալու է Վրաստանի բաց առաջնությունը, շատ ուրախացա, որ լրացուցիչ հնարավորություն կա մրցելու և, թույլտվություն ստանալով ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայից և Վրաստանի աթլետիկայի ֆեդերացիայից, մեկնեցի մրցավայր։
2014 թվականից սկսած ամեն տարի (բացառությամբ 2018 թ.) մասնակցել եմ Վրաստանի բաց առաջնություններին։
Այս տարի էլ որոշեցի մասնակցել. լրացուցիչ մրցում էր ՀՀ առաջնությունից և Եվրոպայի թիմային առաջնությունից առաջ` ուժերս և մարտավարությունս փորձարկելու համար։ Ուրախ եմ, որ հաջող հանդես եկա 2 վազքատարածություններում էլ` դառնալով Վրաստանի չեմպիոն: Նախորդ տարիներին գրանցել եմ հետևյալ ցուցանիշները`2014 թ. 800մ 1-ին տեղ, 4×100մ փոխանցումավազք` 2-րդ, 400մ`3-րդ տեղ, 2015թ. 400մ արգելավազք` 1-ին, 100մ` 2-րդ, 2016 թ. 400մ`1-ին, 800մ` 1-ին, 2017թ. 400մ`1-ին, 2019թ. ձմեռային բաց առաջնություն` 400մ` 1-ին, 800մ`1-ին, 4×200մ`1-ին տեղեր:
-Վրաստանի առաջնություններում հանդես գալու փորձ ունեք. մրցումների կազմակերպվածության մասին ի՞ նչ կասեք:
-Մրցումները շատ լավ են կազմակերպվում: Այս անգամ էլ բարձր մակարդակով անցկացվեցին: Մրցումներին մասնակցեցին երկրի բոլոր ուժեղագույն մարզիկները, արձանագրվեցին մի շարք բարձր արդյունքներ։ Ցավալին այն է, որ Թբիլիսիում կա 2 շատ լավ աթլետիկական ստադիոն, սակայն կազմակեևպիչները չեն կարողանում մրցումները ստադիոնում անցկացնելու թույլտվություն ստանալ: Առաջնոթւյունն անցկացվում է Թբիլիսի մարզասրահում, ինչն, անկասկած իր ազդեցությունն ունենում է մարզական արդյունքների վրա։ Ամեն դեպքում հնարավորություն ստացա մրցելու. ելույթներս հաջողված էին։
Մրցակիցներիցս մեկը Ախալցիխայի ներկայացուցիչ հայազգի Գայանե Ուստյանն էր. վերջինս փորձառու վարզորդուհի: Վրացուհի մրցակիցս էլ բավական ուժեղ էր և լուրջ մրցակցություն ստացվեց։ Հենց այսպիսի մրցակցության արդյունքում է մարզիկը կատարելագործվում։
-Հաղթանակը ոգևորու՞մ է առաջիկա մրցումներից առաջ. գիտեմ, որ մրցաշրջանը հագեցած է մրցաշարերով:
-Հայաստանի առաջնությունից առաջ Վրաստանի մրցումները մեծ դրական լիցք հաղորդեցին: Շարունակում եմ քրտնաջան մարզումները Վանաձորի քարուքանդ ստադիոնում:
Այս տարի ամառային ժամանակաշրջանը հագեցած է մրցաշարերով. հուլիսի 1֊2-ին ՀՀ առաջնությունն է Արտաշատում:
Օգոստոսի 9֊-10-ը Մակեդոնիայում կայանալու են Եվրոպայի թիմային առաջնությունը, օգոստոսի 14֊-16-ը` Համահայկական խաղերը: Առայժմ պատրաստվում եմ այս 3 մրցաշարերին, մնացածն ապագան ցույց կտա։ Ցանկալի կլինի, մինչ Եվրոպայի թիմային առաջնությունը, ևս մեկ մեկնարկ ունենալ։
-Վանաձորն աթլետիկայով հարուստ ավանդույթներ ունի. այսօր էլ բազմաթիվ մարզիկներ զբաղվում են: Ցավոք, պայմանները բավարար չեն լիարժեք մարզումներ անցկացնելու համար: Վանաձորի մարզադպրոցի հարցը կարծես լուծվեց. ստադիոնի մասին ի՞նչ կասեք:
- Ստադիոնը 2-րդ տարին է, ինչ քարուքանդ վիճակում է: Հույս էլ չկա, որ կբարեկարգեն: Հնարավոր վերանորոգումից հետո էլ կարող է արգելեն ու թույլ չտան ոչ մեկին մուտք գործել մարզադաշտ։
Ստադիոնը նախկին քաղաքապետը հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: 2,5 տարի առաջ քանդեցին, իբր 1 տարվա մեջ պետք է վազքուղիները քանդեին ու լրիվ ֆուտբոլային դաշտ սարքեին, սակայն քանդեցին ու այդպես թողեցին:
Հիմա ասում են` միջոցներ չկան սարքելու համար։ Մենք շատ տուժեցինք. շինարարական աղբի մեջ ենք մարզվում:Ցավալի է այս ամենը.աթլետիկան իր գեղեցկությամբ չես համեմատի մյուս մարզաձևերի հետ:
Իսկ ահա Վանաձորի մարզադպրոցի նոր տնօրենը`Սուրեն Վեքիլյանը, ուսմասվարի, մարզի աթլետիկայի ֆեդերացիայի և մարզիչների հետ ամեն ինչ անում է տարիների քանդածն ու ավերակները վերականգնելու, ավանդույթները վերականգնելու համար: Նպատակներ ու ցանկություններ շատ կան` նույնիսկ մարզադպրոցի տարածքում վազքուղի և փոքրիկ ստադիոն կառուցելու, բայց դա մեծ ծախսերի հետ է կապված: Նախկին մարզիկները, գործարարներն ու ընկերներն իրենց փոքրիկ ներդրումներն անում են, սակայն մեծ ներդրման անհրաժեշտություն կա: Ամենից կարևորն այն է, որ մարզադպրոցի լարվածությունը վերացել է և համերաշխ մթնոլորտում ենք մարզվում: