Հայերեն   English   Русский  

​3 չեմպիոն մեկ օրում՝ րոպեների տարբերությամբ. Գյումրիում սպասում են


  
դիտումներ: 886

Եվրոպական մարզական երկրորդ խաղերում գյումրեցի մարզիկները 4 մեդալ են նվաճել: Երկու սամբիստ՝ Մաքսիմ Մանուկյանն ու Գրիգոր Սահակյանը,

ովքեր մեդալներ չնվաճեցին, Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպարտի բաժնի պետն ասում է՝ նրանց բախտը չբերեց հենց վիճակահանության ժամանակ։

4 բռնցքամարտիկ՝ Հենրիկ Սարգսյանը, Գուրգեն Հովհաննիսյանը, Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը, վերջին երկու մարզիկները ոսկե մեդալ նվաճեցին, Գուրգեն Հովհաննիսյանը մրցավարների կողմնակալ վերաբերմունքի պատճառով մեդալակիր չդարձավ։ 2 ըմբիշ՝ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը նույն մարզադպրոցն են ներկայացնում, հունահռոմեական ոճի ըմբիշները շատ լավ էին սկսել գոտեմարտերը, բայց Չալյանի բախտը չբերեց եզրափակչում: Պայքարը սկսելով 1/8 եզրափակչից Կարապետ Չալյանը հաղթեց, ապա 1/4 և 1/2 եզրափակիչները, իսկ ահա ոսկե մեդալի համար պայքարում Կարապետ Չալյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչն էր, որն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է.

- Չալյանը շատ ակտիվ էր գոտեմարտում, բայց մրցավարները կողմնապահություն էին անում: Ռուս մարզիկը պասիվ էր, մեր մարզավկաները անընդհատ մրցավարներին ասում էին այդ մասին, բայց նրանք նույնիսկ չէին էլ նայում մարզիկի կողմը, կարծես հրահանգված լիներ՝ պետք է ռուսը հաղթի: Ու ցավոք, այդպես էլ եղավ՝ 7:1 հաշվով պարտվեց Կարապետ Չալյանը, - Անկախի հետ զրույցում է ասում է ՇՄ մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը:

Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականի 37 մարզիկից 8-ը Շիրակի մարզն է ներկայացնում, բոլորն էլ լավ մարզավիճակում էին ու սպասելիքները շատ էր.

- Մեր 8 մարզիկն էլ պոտենցյալ մեդալակիր էին, ուղղակի սամբիստների վիճակահանությունից սկսած լավ չգնաց, հետո Հենրիկը պարտվեց: Մեր ակնկալիքները 50 տոկոսով իրականացան, 4 մեդալ ունեցանք ու դրանից 3-ը չեմպիոնական, - ասում է Վաչիկ Վարդանյանը:

ԵԽ-ում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է վանաձորցի սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, որին հաջորդեց գյումրեցի մարզիկների հաղթարշավը՝ մեկ օրում՝ րոպեների տարբերությամբ, 3 ոսկե մեդալ:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական 2-րդ խաղերում գյումրեցի բռնցքամարտիկները 2 ոսկե մեդալ նվաճեցին՝ մինչև 49 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթեց բելառուս Յաուհենի Կարմիլչիկին, 1/8 եզրափակչում գյումրեցի բռնցքամարտիկն առավելության հասավ մոլդովացի մարզիկի նկատմամբ՝ 4:1 հաշվով:

Կիսաեզրափակչում էլ 3:2 հաշվով Հովհաննիսյանը առավելության հասավ իռլանդացի Դալի Ռեգանի նկատմամբ: Արդեն եզրափակչում Արթուր Հովհաննիսյանը 4:1 հաշվով հաղթեց վրացի բռնցքամարտիկ Սակհիլ Ալախվերդովին:

Բռնցքամարտում ոսկե մեդալ նվաճեց նաև Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Պայքարը սկսելով 1/8 եզրափակչից հաղթեց իռլանդացի Ջեյմս Գիվերին, հետո Իսրայելը ներկայացնող Ալեքսանդրոս Ծանիկիդիսին, կիսաեզրափակչում ՝ հոլանդացի Էնրիկո Լակրուզին: Եզրափակչում գյումրեցի Բաչկովը հաղթեց ֆրանսիացի Սոֆիան Ումիհանին ու դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն 64 կգ քաշային կարգում:

3-րդ ոսկե մեդալը, ինչպես և սպասվում էր, Հայաստանի համար նվաճեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օիլմպիական չեմպիոնը պայքարի դուրս եկավ 1/8 եզրափակչից և հաղթեց վրացի ըմբիշ Ռևազի Նադարեիշվիլիին, իսկ 3:1 հաշվով էլ հաղթեց ավստրիացի Դանիել Գաստլին: Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին:

Ինչպես փոխանցեց Վաչիկ Վարդանյանը Եվրոպական խաղերից հետո ըմբիշները Հայաստան չեն վերադառնա, նրանք մեկնելու են հավաքական մարզումների, բռնցքամարտիկները վաղը կվերադառնան հայրենիք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: