Դատարանը հեռացավ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը պնդեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ պետք է նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։
Նա առարկեց պաշտպանական կողմի՝ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդության դեմ՝ նշելով, որ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ մասնագիտական հարցերի կարող է պատասխանել միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննությունը։ Հիշեցնենք, որ դեռ նախորդ նիստերի ընթացքում դատարանը հետաձգել էր դատախազների այս միջնորդության քննությունը:
Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի մեկ ժամից։
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։