ՍՐԲԱՑԱԾ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ
Հոբելյաններ
Դեռ հունվարին, երբ լրացավ սիրված բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակը, ուղեղս ծանրացավ մի փաստի շուրջ. 1933թ. Սիլվա Կապուտիկյանի առաջին բանաստեղծությունը, որ տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում, եղել է հենց պատասխան Թումանյանին: Սկսեցի այն փնտրել Կապուտիկյանի ժողովածուներում, վեռնագիրը անգամ չգիտեի, ու չգտա: Դիմեցի Երևանի Ս. Կապուտիկյանի տուն-թանգարան: Ծնունդով լոռեցի, թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանի բացակայությամբ /արձակուրդում էր/ աշխատակիցները սիրահոժար ինձ տրամադրեցին այդ բանաստեղծության կրկնօրինակը, հենց հեղինակի ձեռագրով:
Սրբացած մասունք: Սրբացած շատ մասունքներ մոռացումից փրկած երջանկահիշատակ լոռեցի Ալբերտ Փարսադանյանը իր «Հեղինակների մակագրությամբ» գրքի 74-րդ էջում առաջին անգամ զետեղվել է իր կողմից արված Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի և Վաղարշակ Նորենցի խմբակային լուսանկարը լոռվա Օձունի եկեղեցու բակում: Դա եզակի դեպք չէ, երբ անվանի բանաստեղծունիհ այցելել է Լոռի: Մի ուրիշ մասունք էլ հանրությանն է ներկայացրել լոռվա աշխարհի Հաղպատի բնակիչ, Հաղպատի և Ախթալայի դպրոցների երկարամյա ուսուցիչ, Հաղպատի հեղափոխական թանգարանի վարիչ, բանահավաք Վանիկ Աբելյանը իր հինգ զավակների համատեղ ուժերով ետմահու հրատարակված «Մկրտված հուշեր» գրքում, որի էջերում Հաղպատի հետ կապված ավանդապատումներ են, մեծերի կյանքի մանրամասներ: Ընթերցողին են ներկայանում Հաղպատում հյուրընկալված Սարգիս Փարաջանովը, Յուրի Երզնկյանը, Գարեգին Ա կաթողիկոսը և ուրիշներ: Սիլվա Կապուտիկյանի հետ կապված Վ. Աբելյանը գրել է. «Մեզ համար մի սովորական ծխակապ օր էր /պղնձաքիմիական կոմբինատի ծխից էր/: Մեզ ասացին, որ այսօր Հաղպատ է այցելելու Սիլվա Կապուտիկյանը:
Կեսօրվա ժամը 1-2-ին շրջանի ղեկավար ընկերների ուղեկցությամբ եկան: Մեզ ծանոթացրեց մերշրջկոմի աշխատակիցը.
-Սա մեր վանքի թանգարանի վարիչն է, քայլող հանրագիտարան, ընկեր Վանիկ Աբելյանը:
Նա էլ, թե.
-Ես էլ Սիլվա Կապուտիկյանն եմ, որ դեռ հեռվից հիացած եմ Հաղպատավանքով:
Հրավիրեցի ու անցա գործի: Տեղըտեղին ամեն ինչ բացատրեցի, պատմեցի, պատասխանեցի բազում հարցերի՝ գյուղիու վանքի հիմնադրման, կառուցման ու նպատակների, գյուղի բնակեցման, Սայաթ-Նովայի Հաղպատում գտնվելու, Խաչատուր Աբովյանի՝ Հաղպատի դպրոցում ուսուցչության մասին, և այլն:
Վերջում հրամցրի Հովհաննես Ղրիմեցու մաղթանքները, որ «Հայը թող իրեն մկրտված չհամարի այնքան ժամանակ, մինչև որ նա Հաղպատավանքով չի անցել»…
-Ուրեմն, ես նոր մկրտվեցի, - ասաց Ս. Կապուտիկյանը: Գրկեց, ճակատս համբյուրեց ու ավելացրեց, - մեր Վանիկը իսկապես որ քայլող հանրագիտարան է:
Մենք բաժանվեցինք»:
Խրանք սրբացած մասունքներ են, որ հոբելյանների հրամայականով բարձրանում են վեր և յուրովի գունազարդում մեր անվանիների անմոռաց ու երբեք էլ չխունացող դափնեպսակները: Համոզված եմ, որընթերցողի հետաքրքրությունը ավելի կմեծանա, եթե մեկ անգամ էլ սեփական աչքերով տեսնի Սիլվա Կապուտիկյանի ձեռագիրը: Ուստի ուզում եմ խնդրել խմբագրությանը հանրությանը ներկայացնել նրա բանաստեղծության ձեռագիր կրկնօրինակը, որպես նրա լուսե հիշատակին ընթերցողի խոնարհման յուրատիպ վկայական և կարոտի փարատում:
Վաղարշակ Ղորխմազյան