Օնիկ Գասպարյանին, Հայկ Գրիգորյանին ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նոր կոչումներ են շնորհվել
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Մկրտիչի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,-ասված է որոշումների մեջ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին, ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ շնորհելուց հետո Արմեն Սարգսյանը շնորհավորել է նրանց:
«Դուք արժանապատվորեն և նվիրվածությամբ եք իրականացնում հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրում սահմանադրական և հասարակական կարգի պահպանության, օրինապահության ամրապնդման ձեր առաքելությունը, - ասել է նախագահը: - Այն, ինչ դուք կատարում եք, պարզ պարտականություն չէ, այլ՝ դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն, որն ուղղակի և անուղղակի առնչվում է մեր երկրի ու ժողովրդի թե՛ ներկային, թե՛ ապագային:
Ձեր պարտականությունները պատշաճ կատարելով ՝ դուք պաշտպանում եք թե՛ երկրի անվտանգությունը, թե՛ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, և թե՛, իհարկե, Սահմանադրությունը:
Համոզված եմ, որ դուք այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եք ձեռնամուխ լինելու ձեր աշխատանքին ու ծառայությանը՝ նպատակակետ ունենալով Հայաստանի Հանրապետության, մեր քաղաքացիների և մեր ողջ ժողովրդի շահերը»,-ասել է նախագահը: