Հայերեն   English   Русский  

​ՀՔԾ-ն կզբաղվի Շիրակի մայր ԲՈՒՀ-ով


  
դիտումներ: 1137

Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը տեղեկացնում է, որ համալսարանում կատարված մի շարք չարաշահումների մասով հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է:

Այս բուհում տարբեր չարաշահումների մասով մի քանի քրեական գործ էր հարուցվել, որոնց դեռ նախորդ տարվանից քննվում էին քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության և Շիրակի դատախազության կողմից:

Համբարյանը գրում է, թե այդ գործերի թիվը, ըստ նախնական տվյալների, 8-ն են, օրինակներ է բերում և դասախոսը և զարմանում, թե ինչու մինչև հիմա համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք չի առաջադրվել և նա պատասխանատվության չի ենթարկվել.

«Ինչու՞ կոնկրետ մեղադրանքներ չներկայացվեցին համապատասխան անձանց ՇՊՀ-ում կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր իրականացնելու համար և հարուցված քրեական գործը ձգձգվում է մինչև հիմա... Ապացուցային բազան առկա է և այդ գործը վերջնարդյունքի բերելու համար անհրաժեշտ էր ընդամենը 10 րոպե... Սակայն մինչև հիմա կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրերի մատուցման վերաբերյալ որևէ առաջընթաց չկա... Բուհի նախկին վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանը, կոպտորեն խախտելով բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը և այնտեղ առկա պահանջները, 14 միլիոն դրամով դիզելային գեներատոր էր գնել համալսարանի համար, ինչի անհրաժեշտությունը ՇՊՀ-ն չուներ... 2018 թ-ի նոյեմբերին նշանակվեց ապրանքագիտական փորձաքննություն, որի արդյունքները մինչև հիմա անհայտ են... Ըստ Գյումրիում օդում կախված լուրերի` այդ <դվիժոկը> այդքան չարժի և դրա շուկայական գինը շատ ավելի էժան է, քան դրա համար վճարված 30 հազար դոլարը... Ուսանողական խորհրդին միլիոնավոր դրմաներ տրամադրելու փաստաթղթի տակ ստորագրություն դրած անձը մինչև հիմա չի ներկակյացրել համապատասխան ապացույցները՝ ՀԴՄ կտրոնները և հաշիվ-ապրանքագրերը...

Գրադարանի գրքերի ոչնչացման վերաբերյալ կան ոչ միայն համապատասխան ապացույցներ՝ գրադարանի նախկին և ներկա տնօրենների համապատասխան ցուցմունքները, այլև կա պաշտոնեական կեղծիքի դրվագ, երբ ԿԳՆ-ի հաշվետվության մեջ այլ տվյալներ են նշված, իսկ ՔԿ-ին բուհի ներկայացուցիչները կեղծված տվյալներով այլ փաստաթուղթ են ներկայացրել... ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվել այն բանի համար, որ նրա վերջին ֆինանսական հաշվետվությունն ուղղակի խայտառակություն էր՝ բացասական սալդոն կազմում էր 242 273 000 դրամ... 1,5 միլիոն դրամի փոխարեն նույն տխրահռչակ նախկին ռեկտորը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին անհայտ պատճառներով տրամադրում է 6 միլիոն դրամ, որի համար մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվել... Ո՞ր նորմալ մարդը կարող է հավատալ, որ բուհի դահլիճի վերանորոգման համար նախկին ռեկտորը կարող էր ծախսել մոտ 250 հազար ԱՄՆ դոլար, որի մեջ չի մտնում գույքը և տեխնիկան, որոնք Համաշխարհային բանկի նվերներն են... ՆՈՐԿԵՆՏ ծրագրին մասնակցում է ԱՄՆ-ում բնակվող անձ, միլիոնավոր դրամներ շահում են սահակամերձ անձինք, որոնք բացահայտ կեղծում են անձնական տվյալները, սակայն մինչև հիմա <սայլը տեղից շարժվում»:

Ըստ Գագիկ Համբարյանի տարածած տեղեկատվության ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՔԿ-ից ՇՊՀ-ի վերաբերյալ գործը ՀՔԾ ուղարկելը պատճառաբանվում է <գործի բարդության և ծավալի, ապացուցման առարկա հանդիսացող ֆինանսական բնույթի չարաշահումների, դրանք ընդգրկող ժամանակահատվածի և այս կամ այն կերպ համալսարանի գործունեությանն առնչվող անձանց քանակի, ինչպես նաև քրեական գործերով բազմակողմանի, լրիվ եւ օբյելտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ>:

Վերջում էլ դասախոսը հույս է հայտնում, թե ՇՊՀ նախկին ռոկտեր Սահակ Մինասյանի <թիկունքին կանգնած որոշ անհատներ, որոնք հիմա մեծ հաճույքով համագործակցում են այս իշխանությունների հետ և մինչև հիմա ամեն ինչ արել են ՇՊՀ-ի և կոնկրետ Մինասյան Սահակի հետ կապված խայտառակ գործերը կոծկելու համար, չեն կարողանա ազդել ՀՔԾ-ի վրա և շատ շուտով <սայլը տեղից կշարժվի> և ՇՊՀ-ն ֆինանսական կոլապսի հասցրած անձը ոչ միայն ՇՊՀ-ին կփոխհատուցի վնասները, այլև կհայտնվի այնտեղ, որտեղ արժանի է>:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: