Հայերեն   English   Русский  

​Դուք ոչ մի բանով չեք տարբերվում գործող իշխանություններից. Էդմոն Մարուքյանը ՀԱԿ-ի մասին


  
դիտումներ: 1245

Խոսելով ԱԺ-ում ընդդմադիր ուժերի նախաձեռնությամբ քննարկվող «ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագծի մասին`Էդմոն Մարուքյանն ասաց, թե այն հայտարարություն է ոչնչի մասին:

Մարուքյանը նշեց, որ համամիտ է` ՀՀ-ում կա վատ կառավարում, բայց կառավարման ճգնաժամ դասական իմաստով չկա, պետական ապարատն աշխատում է` իշխանությունների կարծիքով լավ, իսկ ընդդմիության կարծիքով`վատ: Մարուքյանը նշեց, որ հայտարարությունում պետք է քաղաքական, ոչ թե կառավարման ճգնաժամի մասին նշվեր:

«Այս տեքստն ընդհանրապես ոչ մի բանի մասին է, սրանով ոչ մի բան չեք առաջարկում,- ասաց նա:-Ընդդիմությունն որպես այդպիսին պետք է այլ տեսլական ունենա երկրի զարգացման վերաբերյալ, դուք այլ տեսլական չունեք: Ինձ համար ամենամեծ հիասթափությունը եղել է դեկտեմբերի 4-ի ձեր քվեարկությունը: Դուք ոչ մի բանով չեք տարբերվում գործող իշխանություններից, բայց ուզում եք, որ ձեր բարձրացրած հարցերն աջակցություն ստանան խորհրդարանում և դրսում»:

Անդրադառնալով մի շարք առումներով հայաստանը եվրոպական երկրների հետ համեմատելուն`Մարուքյանը նշեց, որ այսուհետ Հայաստանը պետք է համեմատել Բելառուսի ու Ղազախստանի հետ, որտեղ, օրինակ, ցույցեր տեղի չեն ունենում:

«Հայաստանում պետք էր նոր աուրա ստեղծել բարեփոխումներ համար, դա կարող էր տեղի ունենալ Հայաստանի` եվրոպական ասոցացաման համաձայնագրին միանալու պարագայում: Ձեր քաղաքական ուժն առաջին նախագահի գլխավորությամբ ավելի լավ հիմնավորեց, թե ինչու է պետք ԵՏՄ-ին միանալ, քան գործող իշխանությունները: Այդքանից հետո եկել եք ուզում եք նոր բան ասել, բայց չի ստացվում, քանի որ չունեք որևէ նոր առաջարկ»,- ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով`դրսից հայաստանյան քաղաքական համակարգին նայելիս պարզ է դառնում, որ կա մի մեծ քաղաքական ուժ, որը Հայաստանը տարավ դեպի ԵՏՄ, որտեղ չկա ժողովրդավարություն, կան քաղաքական հետապնդումներ, և կան ընդդիմադիր ուժեր, որոնք աջակցեցին դրան:

«Դուք եք այդ աուրան բերել այստեղ, այդ արժեքներին եք աջակցել: Դուք չունեք այլ տեսլական Հայաստանի զարգացման մասին: Ինձ համար տարբերություն չկա, դուք եք ինտեգրում հայաստանը ԵՏՄ-ին, թե Հանրապետականը,- ասաց Մարուքյանը:- Դուք ձեր քաղաքական ուժով այնպես արեցիք, որ ներքին որևէ ընդվզում չեղավ այդ գործընթացի նկատմամբ, քարկոծեցինք բոլորին, ովքեր այլ կարծիք ունեին»:

Մարուքյանը նշեց նաև, որ ամեն ինչ վատ է, քանի որ չենք կարողանում երկրում այնպիսի ընդդիմություն ձևավորել, որն ամեն օր չի ասում, թե ինչքան վատ է ամեն ինչ, հետո հանրությանը չի խոստանում փոխել վիճակը, ապա ոչինչ չի անում, քանի որ անգամ օրակարգում նման նպատակ չունի: Պատգամավորը նշեց, որ ընդդիմադիր ուժերի նման գործելաոճը նպաստում է արտագաղթին:

«Արտագաղթի համար ոչ միայն իշխանությունն է մեղավոր, այլ նաև քաղաքական դաշտի բոլոր դերակատարները: Մեղքերը, որոնք որ կան, նաև ձերն են, ձեր վրայից դրանք մի գցեք»,- ասաց Մարուքյանը`հավելելով, որ քաղաքական դաշտում սերնդափոխության կարիք կա, պետք է գան երիտասարդներ, որոնք միմյանց հետ «քֆուր-քյաֆարներով չեն խոսում»:

«Իշխանության հետ պետք է հեռանաք, դաշտը մաքրվի, ամեն ինչ ընկնի իր տեղը»,- եզրափակեց Մարուքյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: