Հայերեն   English   Русский  

Գևորգ Գրիգորյանի դեմ ԱՆ մամուլի խոսնակի դիմումի հիման վրա վարչական վարույթ է հարուցվել. Գարդասիլի թեման շարունակում է արդիական մնալ


  
դիտումներ: 361

«Հունիսի 25-ին ես նամակ եմ ստացել, որ հարուցվել է վարչական վարույթ՝ քաղաքացի Ալինա Նիկողոսյանի դիմումի հիման վրա, ով մեղադրում է ինձ զանգվածային լրատվամիջնոցներով դեղատոմսով դուրս գրվող դեղի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու համար: Նյութերը գրավոր կերպով պահանջելուց հետո մենք հասկացանք, որ դիմումատուն Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված վարչական վարույթին:

Հայկական առողջապահական ազգային խորհրդի փաստաբան Պավլիկ Փոլադյանը նշեց, որ Ալինա Նիկողոսյանն իր դիմումի մեջ պատճառաբանել է, որ Գևորգ Գրիգորյանի կողմից խախտվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, մասնավորապես դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը ԶԼՄ-ներով, որը արգելվում է:

«Ալինա Նիկողոսյանի խոսքով Գևորգ Գրիգորյանը լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածել Գարդասիլի վերաբերյալ, ինչը կոպիտ խախտում է: Գևորգ Գրիգորյանը պարզապես հանրությանը տեղեկացրել է, որ այն ինչ տարածվում է ԱՆ-ի կողմից մեծ մասամբ իրականությանը չի համապատասխանում»:

Գովազդի մասին ՀՀ օրենքը մեջբերելով՝ փաստաբանը նշում է, որ օրենքում ամրագրված նորմերը չեն համապատասխանում ԱՆ խոսնակի ներկայացրած խախտումներին, որի հիման վրա վարույթ է հարուցվել: Գևորգ Գրիգորյանը նշում է, որ նախարարությունը իր հետ կապ չի հաստատել՝ դատարան դիմելուց առաջ, և ըստ նրա՝ ԱՆ-ն խուսափում է իր հետ որևէ քննարկում ծավալելուց:

Գևորգ Գրիգորյանը նշում է, որ իրենց նպատակը երբեք էլ չի եղել Գարդասիլ պատվաստանյութի դեմ ըմբոստանալը, իրենք ցանկացել են, որ բնակչությանը Առողջապահության նախարարությունը նախ իրազեկի, տրամադրի հստակ տեղեկատվություն պատվաստանյութի վերաբերյալ, որից հետո միայն բնակիչները ընտրություն կկատարեն՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ:

«Մեր կոալիցիայի և իմ բազմիցս տարածած հայտարարությունները, կոչերը՝ խորհրդարանական լսումներ գումարելու վերաբերյալ, լրատվամիջոցներով հանդես գալը պայմանավորված է նրանով, որ այն տեղեկատվությունը, որ տրամադրվում է հասարակությանը զուտ միակողմանի է, ոչ միշտ է համապատասխանում իրականությանը: Մենք պայքարում ենք պատվաստվելու համար սահմանված տարիքային շեմը ապօրինի բարձրացման դեմ»,-ասաց Գրիգորյանը:

Վերջինս նաև ասաց, որ այսօր պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլ պատվաստանյութ ստանում են ոչ միայն աղջիկները, այլև տղամարդիկ:

«Երբ սկզբնական շրջանում Հայաստանի Հանրապետությունը դրամաշնորհ էր ստանում այս պատվաստանյութի համար, դրամաշնորհային ծրագիրը գրված է 13 տարեկան աղջիկներին պատվաստելու համար: Այսինքն աղջիկներին պետք է պատվաստեին մինչև սեռական կապ ունենալու տարիքը, որը կարող էր լինել 9-26 տարեկանը, և Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը ընտրել էր 13 տարեկանը՝ հաշվի առնելով շուտ կամ ուշ ամուսնանալը Հայաստանում: Այժմ տղամարդկանց էլ են պատվաստում: Ցուցումներում նշված է, որ Գարդասիլով կարող են նաև պատվաստվել տրանսգենդեր, տղամարդկանց հետ սեռական կապ ունեցող տղամարդիկ, բայց մինչև 26 տարեկանը: Եվրոպական զարգացած երկրներում 26 տարեկանից բարձր պատվաստումը թողնում են մարդկանց ընտրությանը, բայց մեր մոտ նախարարի հրամանով տարիքային շեմը ապօրինի բարձրացվել է՝ անցնելով 40 տարեկանից»:

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահը նշում է, որ եթե ի վերջո որոշում կայացվի, որ ինքը օրենք է խախտել և պետք է վարչական տույժի ենթարկվի, ապա ինքը պատրաստ է պատասխանատվության ենթարկվել՝ առանց որոշումը բողոքարկելու:

«Եթե ես խախտել եմ օրենք, թող տեսչությունը ինձ տուգանի: Ես պատրաստ եմ, այդ տուգանքը մուծել, ես չեմ էլ բողոքարկելու տեսչության որոշումը, բայց դրանից հետո աչալրջորեն սկսելու եմ հետևել տեսչության աշխատանքին»,-հավելեց Գրիգորյանը:

Փորձեցինք հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, սակայն վերջինս ասաց, որ հագեցած գրաֆիկի պատճառով չի կարող պատասխանել մեր հարցերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: