Հայերեն   English   Русский  

Սևանում լողալը կամ Սևանի ձուկ ուտելը՝ վտանգ առողջության համար


  
դիտումներ: 5466

Մինչ որոշ մարդիկ իրենց ամառային հանգիստն են պլանավորում Սևանի ափին, բնապահպաները քննարկում են կապտականաչ ջրիմուռների ծաղկման վտանգները լճի համար, առողջապահության նախարարությունը քար լռություն է պահպանում այս թեմայով, իսկ բնապահպանական գերատեսչությունները փորձում են ամեն կերպ հերքել, որ օրերս լճի ափին կովերի անկումը ջրի պատճառով է տեղի ունեցել, պարզվում է, որ լճի ծաղկումը թունավոր է և կարող է վտանգ ներկայացնել թե մարդկանց, թե կենդանիների համար։

Նախորդ տարի արտասահմանյան լաբորատորիայում իրականացված տոքսինների հետազոտությամբ պարզվել է, որ լճի ծաղկումը թունավոր է եղել։ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը, որն անձամբ է արտասահմանյան գիտական լաբորատորիայում Սևանից վերցված նմուշների ուսումնասիրություններ իրականացրել, ասում է․ «Ուսումնասիրություններով հայտնաբերվել են 10 խմբի պատկանող ցիանոբակտերիալ երկրորդային մետաբոլիտներ, որոնց թվում է եղել նաև տոքսիկ հատկություններով օժտված միկրոցիստինը։ Այն տոքսիկ նյութ է, որը կարող է առաջացնել նեյրոտոքսիկոլոգիական, ցիտոտոքսիկոլոգիական, մաշկի խնդիրներ, լյարդի, երիկամների խանգարումներ, համարվում է բավականին տոքսիկ նյութ»։ Գևորգյանը շեշտում է, որ լաբորատոր հետազոտություններով է հաստատված՝ նախորդ տարվա ծաղկումը թունավոր է եղել։

Ասում է, որ թույնն առկա է լինում և ջրիմուռներում, և ջրում։ Կախված թույնի տեսակից՝ այն կարող է որոշակի ժամկետով պահպանվել ջրում։ Ասում է, որ թույնը կարող է կուտակվել ձկների օրգանիզմում և սննդային մի շղթայից անցնել մյուսին։ Թույնի կոնցենտրացիան նաև կարող է տարբեր լինել լճի տարբեր հատվածներում։

Հարցին, թե արդյոք Սևանում լողալը կամ Սևանի ձուկ ուտելը վտանգավոր է, Գևորգյանը պատասխանում է, որ ինքն անձամբ նման բան չի անի։

Անդրադառնալով այս տարվա ծաղկմանը՝ Գևորգյանն ասում է, որ վստահաբար ասել չի կարող, քանի որ այս տարի լաբորատոր հետազոտություններ չեն իրականացվել (Հայաստանում նման հետազոտությունների համար պայմաններ չկան)։ «Քանի որ ջրիմուռների նույն խումբն է առաջացրել ծաղկումը, հավանական է, որ նորից թունավոր լինի։ Բայց հաստատ չեմ կարող ասել»,- ասում է նա։

Գևորգյանը, մեջբերելով միջազգային փորձը, նշում է, որ նման պարագայում համապատասխան գերատեսչությունները հայտարարություն են տարածում՝ բնակչությանը զգուշացնելով հնարավոր վտանգների մասին և կոչ են անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են վտանգել նրանց առողջությունը։

Եթե քայլեր չձեռնարկվեն, ի վերջո լճի փոխարեն կունենանք ճահիճ

Գևորգյանը նշում է, որ այս տարի Սևանի ջրի վիճակն ավելի վատ է, քան նախորդ տարի էր։

Գոռ Գևորգյան

«Նախորդ տարի ծաղկումից հետո ջրի տրոֆայնությունը բարձրացել էր, օլիգոտրոֆից մեզոտրոֆ էր դարձել։ Դեռ ձմռանն էի ասում՝ բավական է ջերմաստիճանը բարձրանա և նորից դիտվելու է ծաղկում, այնպես չէ, որ ինձ համար անակնկալ էր սա»։ Նա հիշեցնում է, որ նախորդ տարի հուլիսին տեղի ունեցավ ծաղկումը, այս տարի արդեն հունիսին։

Ասում է, որ անգամ ձմռանը լճում ջրիմուռների քանակությունը բարձր է եղել, բայց ոչ թե կապտականաչ, այլ մեկ այլ տեսակի, որոնք սառը պայմաններում կարողանում են զարգանալ։

Գևորգյանի խոսքով՝ բացասական դինամիկայի պատճառը հենց ծաղկումն է․ ջրիմուռները քայքայվում են և որպես կենսանյութ մնում են լճում՝ հիմք դառնալով հաջորդ ավելի մասշտաբային ծաղկման համար։

«Եթե լուրջ միջոցառումներ չձեռնարկվեն, կանխատեսելի է, որ տարեցտարի ջրի վիճակն ավելի վատ է լինելու, տրոֆայնության մակարդակը գնալով ավելի է բարձրանալու։ Եթե այդպես թողնենք, կարող է հասնել մի մակարդակի, որ այլևս որևէ կերպ հնարավոր չլինի փրկել լիճը։ Եթե քայլեր չձեռնարկվեն, ի վերջո լճի փոխարեն կունենանք ճահիճ»,- ասում է նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչ առաջնային քայլեր են անհրաժեշտ լճի փրկության ուղղությամբ՝ նա նշում է․ «Անհրաժեշտ է կենսածին տարրերի մուտքը լիճ նվազեցնել կամ ընդհանրապես դադարեցնել, պետք է մնա միայն այն, ինչ առաջանում է ծաղկումից, որպեսզի լիճը մի քանի տարում կարողանա ինքնամաքրվել»։

Ծաղկած Սևան

Նա, միաժամանակ, նշում է, որ կարճաժամկետ առումով գործողությունների արդյունավետությունը չի երևալու։ Հիմնվելով միջազգային փորձի վրա՝ ասում է, որ նման լճերի փրկությունը տասնյակ տարիներ ու մեծ գումարներ է պահանջում։

«Հետադարձ ճանապարհ չի լինի, եթե տրոֆայնությունը ևս մեկ աստիճանով բարձրանա։ Բայց եթե հիմա աղտոտիչների մուտքը լիճ ճիշտ կառավարվի, լիճն ինքնամաքրվի, փրկել դեռ հնարավոր է»,- ասում է նա։

Խոսելով լճի ծաղկման պատճառների մասին՝ Գևորգյանն ասում է, որ դրանք բազմաթիվ են։

«Լճի ջրահավաք ավազանը կոյուղատարի է վերածվել, անտառածածկ տարածքները ջրի տակ անցան, նոր որոշեցին մաքրել, լճի շրջակայքում ծավալվող տնտեսական գործունեությունը, բոլորը գումարվում են»,- ասում է նա։

Ծաղկած Սևան

Մասնագետը նշում է, որ ծաղկմանը նպաստող գործոն է նաև լճում ձկների պաշարի նվազումը․ «Ձուկը սննդային շղթային վերին օղակն է։ Եթե ձուկը քիչ լինի, բնականաբար ներքևի օղակներում ավելցուկ է առաջանալու»։

Որպես մեկ այլ գործոն նա նշում է ջրի մակարդակի տատանումները։ Ասում է՝ ջուրը բարձրանում է, կլանում ջրի տակ անցած տարածքների օրգանական նյութերը, ապա ջրի մակարդակն իջնում է․ ստացվում է, որ քիչ ծավալով ջրում ավելի շատ կենսածին նյութեր են կուտակվում։

«Բայց ամենագլխավոր պատճառը գետերով եկած արտանետումներն են»,- ասում է Գևորգյանը՝ հավելելով, որ տարիների ընթացքում այդ նյութերը կուտակվել-կուտակվել են և այժմ կրիտիկական մակարդակի են հասել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: