Հայերեն   English   Русский  

Վերաքննիչում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով բողոքի քննությունը (ուղիղ)


  
դիտումներ: 355

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննությունն է։ Դատական նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7–ին որոշում էր կայացրել և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, իսկ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել։

Դատախազությունը, սակայն համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։

Արգելանք էր դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն Մարդու իրավուքնների պաշտպանի պահանջով հանվել էր:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։ Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել է հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: