Հայերեն   English   Русский  

​Կապուտաչյա գեղեցկուհին կհյուրընկալի «Սևան» միջազգային երաժշտական փառատոնի մասնակիցներին


  
դիտումներ: 346

Արդեն 5-րդ տարին է, ինչ մարզային փառատոների շարքում իր հաստատուն տեղն ունի «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը:

«Սևան» երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչը «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն է, առաջին անգամ անցկացվել է 2015թ-ին Սևանի թերակղզում: 2016թ-ին այն կրկին անցկացվեց թերակղզում` ընդլայնելով մասնակիցների աշխարհագրությունը:

2017թ-ին սևանյան ալիքը հասավ և հանգրվանեց թիվ 1 հանրային լողափում: Անցած տարի փառատոնն անցկացվեց երկու օր, և լճափն ու Սևան քաղաքը վայելեցին երաժշտական այն հրավառությունը, որ պարգևեցին հանրապետության և արտերկրի տարբեր խմբեր:

Փառատոնի նպատակն է` երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր մարզերում ապրող և ստեղծագործող երիտասարդներին, մեր երկրի սահմաններից դուրս ապրող հայ և օտարերկրացի երաժիշտներին, նրանց տրամադրել բեմ, դուրս գալ ստանդարտներից, մատուցել բարձրաճաշակ երաժշտություն, հանդիսատեսի համար ապահովել լավագույն ժամանց:

Այս օրերին Սևանում ընթանում են «Սևան» միջազգային երաժշտական փառատոնի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները: Արդեն 5-րդ անգամ Սևանը կհյուրընկալի փառատոնի մասնակիցներին, ովքեր հնարավորություն կունենան օգոստոսյան երկու օրերը` 3-ը և 4-ը, դարձնել ինքնատիպ, լցված լավ ու բարձրաճաշակ երաժշտությամբ, և այդ ամենը` Սևանա լճի ափին ու Սևան քաղաքում: «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակած փառատոնը տարեցտարի ընդլայնում է և՛ աշխարհագրությունը, և՛ բովանդակությունը, ձեռք է բերում նոր ընկերներ ու համախոհներ:

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2015թ-ին, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզը ներկայացնող երաժշտախմբեր և անհատներ: Առաջին փորձը խոստումնալից էր, և 2016թ-ին փառատոնը միավորեց հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքի կայացած և սկսնակ համույթներին, անհատ կատարողներին:

Փառատոնից փառատոն նպատակն առավել հստակեցվեց` երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր մարզերում և արտերկրում ապրող երիտասարդներին, նրանց տրամադրել բեմ, հնարավորություն տալ ելույթներ ունենալ արդեն կայացած երգիչների կողքին, միաժամանակ աշխուժացնել տեղացիների ու զբոսաշրջիկների ամառային առօրյան` մշակութային ալիքը տարածելով ողջ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:

Նախորդ երկու տարիներին փառատոնի շրջանակներն ընդլայնվեցին. փառատոնը լճից եկավ քաղաք, իսկ այս տարի, ինչպես նշում են կազմակերպիչները, երաժշտական ինքնատիպ այս հարթակը կհամախմբի Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի, Ֆրանիսայի ռոք և ֆոլկ երաժշտախմբերին:

Գաղափարին միացել են այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր փառատոնի անցկացումը համարում են անհրաժեշտություն: Հովանավորների և գործընկերների շրջանակն էլ տարեցտարի ընդլայնվում է. արդեն վստահելի գործընկերներին միանում են նորերը: ՀՀ վարչապետը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը, Սևանի համայնքապետարանը, Գեղարքունիքի մարզպետարանը, Իջևանի գինու գործարանը, «Ծովագյուղ» սուպերմարկետը, «Լոշիկ» ռեստորանը, Վորդ Վիժն կազմակերպությունը, «Դարգետ» գարեջրային բրենդը, Ֆեստիվար My Armenia ծրագիրը, «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը և մյուսները փորձելու են երաժշտական այս միջոցառումը դարձնել առավել հետաքրքիր և նպատակային:

Օգոստոսի 3-ին Սևանա լճի ափին` հանրային թիվ 1 լողափում, կհյուրընկալվեն ռոք խմբերը, իսկ օգոստոսի 4-ին քաղաքի Սայաթ-Նովա փողոցի վերջնամասում` «Փյունիկ» խաչքարի հարևանությամբ` ֆոլկլյոր խմբերը: Կազմակերպիչները նկատում են, որ փառատոնը համատեղում է մշակութային, տնտեսական և բնապահպանական բաղադրիչները, իսկ գաղափարախոսական հենքն էլ Սևանին շնորհակալություն ասելն է:

Փառատոնի անցկացման երկու օրերը, դրանց հաջորդող և նախորդող ողջ շրջանը ուղեկցվել և ուղեկցվելու է ակտիվ քարոզարշավով, որի առանցքում լճի արժևորումն է, բնապահպանական խնդիրների վրա ուշադրություն դարձնելը, Սևանի նկատմամբ նորովի վերաբերմունքի մշակումը: Նախապես բոլոր խմբերին կոչ է արվել պատրաստել փոքրիկ տեսաֆիլմ-պրեզենտացիա` «Շնորհակալություն ասենք Սևանին» կարգախոսով:

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մասնակից դառնալու է այս գաղափարի կրողն ու քարոզողը: Փառատոնի շուրջ համախմբված գործընկերները ևս միացել են այս քարոզարշավին: Փառատոնին մասնակցելու է 16 խումբ, որոնք համապատասխանում են փառատոնի այս տարվա ձևաչափին:

Փառատոնի ընթացքում համերգային ծրագիրն ուղեկցվելու է մի շարք նախաձեռնություններով և ամառային ժամանցն ապահովող միջոցառումներով, մասնավորապես` վարպետաց դասեր, տոնավաճառ, նկարչական աշխատանքների ցուցահանդես սևանյան թեմաներով, զբոսանք լճի վրա, գիշերակաց վրաններում լճի ափին:

Հետհաշվարկն սկսված է. ևս 10 օր, և Սևանը կհյուրընկալի փառատոնի մասնակիցներին, զբոսաշրջիկներին և այս իրադարձությանը յուրաքանչյուր տարի սպասող մարդկանց, ովքեր Սևանին ևս մեկ անգամ շնորհակալություն ասելու հնարավորություն կունենան: Մշակութային երկխոսությունն ու միջմշակութային հաղորդակցությունը կրկին կդառնան օգոստոսյան օրերի ուղեկիցները` հաղորդելով նոր լիցքեր, բարձր տրամադրություն պարգևելով անմոռանալի պահեր:

Փառատոնը հավատարիմ է իր կարգախոսին` «Շնորհակալություն ասենք Սևանին», որը Սևանի նկատմամբ վերաբերմունքի արտահայտման ինքնատիպ ձևաչափ է, որն օգնում է ոչ միայն մեր շնորհակալությունը հայտնել լճին, այլ նաև լճի միջոցով բարձրաձայնել մի շարք խնդիրներ:

Կազմակերպիչները վստահեցնում են, որ փառատոնը լավագույն միջոցներից է տարածաշրջանի ներկայացման, նոր գաղափարների կյանքի կոչման համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: