Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ անհայտ կորած զինծառայողի ծնողներին նշանակվել է նրանց հասանելիք ամենամսյա պարգևավճարը
Ըստ դիմումատուների՝ իրենց որդին համարվում է զոհված (մահացած) զինծառայող, քանի որ դեպքը տեղի է ունեցել նրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածում,և առկա է 2008թ. դատարանի վճիռ,որնիրենց որդուն ճանաչել է զինվորական ծառայության ընթացքում մահացած:Այդ իսկ պատճառով իրենք պետք է համարվեն զոհված (մահացած) զինծառայողի ծնողներ և պետք է ստանան համապատասխան սոցիալական վճար:
Դիմումատուները մի քանի անգամ դիմել էին պետական լիազոր մարմնին՝ իրենց կարգավիճակով պայմանավորված համապատասխան սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու համար, սակայն ստանում էին բացասական պատասխան:
Դիմումատուները խնդրել են Պաշտպանին վերականգնել իրենց խախտված իրավունքները, որպեսզի զոհված (մահացած) զինծառայողի ծնողների կարգավիճակով պայմանավորված օգտվեն իրենց հասանելիք համապատասխան սոցիալական աջակցությունից:
Նշված հարցի վերաբերյալ Պաշտպանը հարցումներ է կատարել պետական լիազոր մարմիններին, ստացել համապատասխան պարզաբանումներև նյութեր, այնուհետև ուսումնասիրվել են առկա փաստաթղթերն ու իրավական կարգավորումները:Գործի համակողմանի ուսումնասիրության և վերլուծության արդյունքների հիման վրա՝Պաշտպանը պետական լիազոր մարմնին ներկայացրել է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ և առաջարկություններ,ինչի արդյունքումհարցը ստացել է դրական լուծում:
Այսպիսով, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում վերականգնվել են անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողների տարիներ շարունակ խախտվող իրավունքները,և նրանց նշանակվել է ամենամսյա պարգևավճար՝ յուրաքանչյուրին 31,000-ական (երեսունմեկ հազարական) դրամի չափով: