Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը
Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը: Երկուստեք դրական գնահատվեց վերջին շրջանում հայ-ամերիկյան բարեկամական և գործընկերային հարաբերությունների դինամիկան և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ նպաստելու երկկողմ օրակարգի ամրապնդման և ընդլայման ուղղությամբ՝ այդ թվում գիտակրթական, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական և այլ ոլորտներում:
Կողմերը բարձր գնահատեցին Կալիֆորնիայի հասարակական - քաղաքական կյանքին իրենց նպաստն ունեցող մեծաթիվ հայ համայնքի դերը՝ որպես Հայաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունների և կապերի ամրապնդման յուրահատուկ կամուրջ:
Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: Նախարար Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: