Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը թույլ չի տա Ղարաբաղին նստել բանակցությունների սեղանի շուրջ. Ռուբեն Սաֆրաստյան


  
դիտումներ: 175

Այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսեց Արցախյան հարցի մասին:

Ըստ նրա՝ Ադրբեջանը թույլ չի տա Ղարաբաղին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ աշխատանքներն այս ուղղությամբ պետք է կատարվեն աստիճանաբար, որպեսզի հնարավոր լինի իրադարձությունների հակառակ զարգացման հույս ունենալ։

Փորձագետն ընդգծեց, որ շատ կարևոր նշանակություն ունի Ղարաբաղում ընտրությունների արժանապատիվ անցկացումը, քանի որ համաշխարհային հանրության համար ռազմական գոտիներում ընտրությունները ստանում են հավելյալ նշանակություն։

«Ընտրությունները Ղարաբաղում լինելու են ուշադրության կենտրոնում։ Կարեւոր է, որպեսզի ընտրությունները չհանգեցնեն դժգոհության եւ իշխանությունների հանդեպ վստահության նվազման Ղարաբաղում»,- ընդգծեց նա։

Սաֆրաստյանը նկատեց, որ Հայաստանն արտաքին քաղաքականությունում պետք է հույսը միայն իր վրա դնի, մասնավորապես՝ իր Զինված ուժերի և դիվանագիտության վրա։

«Այս երկու տարրերը վերջին ժամանակներս սկսել են ավելի հստակ արձագանքել Ադրբեջանի գործողություններին։ Հույս կա, որ միտումը կշարունակվի։ Պետք չէ հույսը դնել այն բանի վրա, որ միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ գործողությունները կլուծեն մեր խնդիրները։ Մեր գործողությունները պետք է հասցեատեր ունենան՝ հանձին հակառակորդի։ Յուրաքանչյուր զինվորը սահմանին մեզ համար հսկայական նշանակություն ունի»,- ասաց փորձագետը։

Նրա կարծիքով, ռազմական հակամարտության հնարավոր սրման մասին խոսելու համար հարկավոր է հաշվի առնել մի քանի գործոններ։ Նախ՝ դա այն է, թե որքանով է կառավարելի իրավիճակն ընդհանրապես եւ, մասնավորապես, Ադրբեջանի ներսում՝ կապված ազգային փոքրամասնությունների խնդիրների հետ։ Ակնհայտ է, որ ազգային փոքրամասնություններն էլ են հասկանում, որ իրենց կարող են օգտագործել խոշոր ծավալի ռազմական հակամարտության դեպքում։

«Առայժմ Բաքվին հաջողվում է իրավիճակը չհասցնել կրիտիկականի, բայց չկան երաշխիքներ, որ ամեն ինչ կմնա նույն ռեժիմում, եւ այդ ժամանակ Ադրբեջանը կարող է գնալ սադրանքի սահմանին։ Երկրորդ գործոնն արտաքին ուժերն են հանձինս Թուրքիայի եւ Էրդողանի, որը երբեմն այնպիսի գործողությունների է դիմում, որոնք բխում են ոչ թե ընդհանուր քաղաքականությունից, այլ իրավիճակային դրությունից։ Իհարկե, առայժմ այդ ամենը չկա»,- ամփոփեց Ռուբեն Սաֆրաստյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: