Ինչու՞ է Սանիթեք ընկերության տնօրենը խուսափում գալ Հայաստան ու պնդում, որ իրենց դեմ հարուցված քր.գործը ապօրինի է
Դեռ օրեր առաջ ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ վերջին շրջանում քաղաքապետարանի և իրենց միջև առաջացած խնդիրներին, մայրաքաղաքում աղբահանության վատ վիճակին անդրադառնալու են ասուլիսում, որը պատրաստվում են անցկացնել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Բայց քանի որ այս հայտարարությունը մեծ քննադատությունների տեղիք տվեց ընկերությունը հայտարարեց, որ ասուլիսը կանցկացնի Երևանում:
Ի վերջո այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը մասնակցում էր սկայպ կապի միջոցով՝ Վրաստանից:
«Թբիլիսիում ասուլիս անցկացնելու գաղափարն առաջացել էր այն պատճառով, որ «Սանիթեքը» ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշման: Օրինակներից մեկն այս տարվա փետրվարին «Սանիթեքի» դեմ հարուցված քրեական գործն է», - ասուլիսի սկզբում ասաց Թավիլը:
Ըստ նրա՝ ընկերության դեմ հարուցված քրեական գործը անօրինական է, իսկ իրենց դեմ սկսված ճնշումները պատճառ են դարձել, որ ինքը խուսափի Հայաստան գալուց:
«Քրեական գործը անհիմն է և անօրինական, բխում է նրանց քաղաքական նկատառումներից: Գործողություններն ուղղված են ընկերության ֆինանսական հնարավորությունների սպառմանը և գույքի օտարմանը»,- ասաց ընկերության տնօրենը:
Քրեական գործը հարուցվել է ընթացիկ տարվա փետրվարին հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով: Հիշեցնելով նախապատմությունը՝ ընկերության իրավաբանը նշեց, որ փորձաքար է դարձել հարկային օրենսդրության կիրառումը: Նրա խոսքով՝ երբ 4,5 տարի առաջ ընկերությունը երկրում իր գործունեությունը սկսել է, նրա ղեկավարությանը հավաստիացրել են, որ ընկերության բոլոր իրավունքները անշեղորեն կպահպանվեն, չնայած օրենսդրության հնարավոր փոփոխություններին: Իրավաբանի պարզաբանմամբ՝ նախկինում ընկերության վրա տարածվել է օրենքը, որն ազատել է եկամտահարկից: Այնուհետև օրենսդրությունը փոխվել է, 2018 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգիրքը:
Իրավաբանը պնդում է, որ քանի որ ընկերություններն իրավունք ունեն ընտրելու թե որ օրենքով աշխատեն, «Սանիթեքը» դիմել է իշխանություններին՝ նախկին ռեժիմով աշխատելու խնդրանքով: Իշխանությունները համաձայնվել են: Իշխանափոխությունից հետո ընկերությունը նույն հարցով կրկին դիմել է իշխանություններին և կրկին դրական պատասխան ստացել: Սա, սակայն, ՊԵԿ-ին չի խանգարել քրեական գործ հարուցելու հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու փաստով:
Իրավաբանը գործը ավելի մանրամասնորեն չներկայացրեց՝ հայտարարելով, որ դա առայժմ գաղտնի տեղեկություն է, սակայն նշեց, որ գործի մասին ընկերությունում ընդհանրապես տեղեկացել են մայիսի վերջին: Իրավաբանի խոսքով՝ գործի հարուցումն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով: Ընկերությունն իր կողմից հայց է ներկայացրել քաղաքապետարանի դեմ: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ տնօրենը Հայաստան չի գալիս, քանի որ հնարավոր է հետապնդման ենթարկվի:
«Փաստորեն, չնայած առայժմ մեղադրանքներ առաջադրված չեն, գործի սուբյեկտը տնօրենն է: Բացառված չէ, որ գործի շրջանակում կարող են լինել նաև այլ ապօրինի գործողություններ, օրինակ՝ խուզարկություններ»,- նշեց իրավաբանը:
Ասուլիսին ներկա էին նաև քաղաքապետարանի ավագանու ԲՀԿ ներկայացուցիչները: Նրանցից Հռիփսիմե Առաքելյանը դիմելով Թավիլին հարցրեց, թե երբ է վերջին անգամ Հայաստանում եղել: Ի պատասխան վերջինս նշեց, որ մայիս ամսին է եղել Հայաստանում:
«Ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել դեռ փետրվարին, եթե ապօրինի ձեզ պետք է ձերբակալեին, ապա ինչու՞ այդ ժամանակ չեն ձերբակալել, կամ ինչու՞ եք մտածում, որ հիմա Հայաստան գալով կարող եք զրկվել ազատությունից: Մայիսին Ձեզ ազատ տեղաշարժման իրավունքից ոչ ոք չի զրկել»,-ասաց Առաքելյանը:
Ի պատասխան ընկերության տնօրենը նշեց, որ չնայած քրեական գործը հարուցվել է փետրվարին, սակայն իրենց դրա մասին ծանուցվել է 2019 թվականի մայիսին:
Այն հարցին, թե ինչպես է գնահատում Թավիլը քաղաքի մաքրության վիճակը, նա ասաց, որ քաղաքը մաքուր չէ, բայց իրենք անում են հնարավոր ամեն ինչ:
Մեկնաբանելով սաբոտաժի մասին մեղադրանքները ՝ Թավիլը դրանք ծիծաղելի անվանեց: «Սաբոտաժ ինչի՞ համար: Միլիոններ ներդնելու համա՞ր: Աշխատավարձ վճարելու՞: Ինչպե՞ս կարող է ներդրողը սաբոտաժ անել»:
Ասուլիսին կարող եք հետևել այստեղ: