Հայերեն   English   Русский  

Սերգեյ Վարդազարյան. «Մի փոքր ուշադրության դեպքում արդյունքներն ավելի բարձր կլինեն»


  
դիտումներ: 3002

Նեապոլում կայացած 30-րդ համաշխարհային ուսանողական խաղերում թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանն իրեն լավագույն կողմերով դրսևորեց՝ 68 կգ քաշային կարգում արժանանալով բրոնզե մրցանակի:

Հայ մարզիկը մրցաշարում վստահ մեկնարկեց և բացահայտ առավելությամբ համոզիչ հաղթանակներ տարավ համապատասխանաբար արգենտինացի Էզեքույել Վասքուեզի և լեհ Յակուբ Պոսաձի նկատմամբ: 1/4-րդ եզրափակչում Սերգեյին բարդ պայքարում հաջողվեց հաղթել չիլիացի Իգնասիո Մորալեսին՝ կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք ստանալով, միաժամանակ, նվազագույնը բրոնզե մեդալ ապահովելով: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը բելգիացի Սի Մոհամեդ Կեդբին էր: Սերգեյը այս մենամարտին մասնակցեց քառորդ եզրափակչի մենամարտից ընդամենը 10 րոպե հետո, ինչը և վճռորոշ եղավ, քանի որ հայ մարզիկը չէր հասցրել վերականգնվել:

Անկախի հետ զրույցում Սերգեյ Վարդազարյանը կիսվում է տպավորություններով, անդրադառնում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում տիրող իրավիճակին, նախագահի ընտրության հարցին՝ նշելով, որ պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում, անգամ մինիմալ պայմաններում, հայ մարզիկները հնարավորություն ունեն լուրջ հաջողություններ գրանցել:

-Սերգե՛յ, չնայած թաեքվոնդոյի ֆեդերացիայում տիրող իարվիճակին, Իտալիայում , հաշվի չառնելով մի շարք խնդիրները, կարողացաք հավաքվել և մեդալաբեր ելույթներ ունենալ, շնորհավորում ենք:

-Շնորհակալ եմ: Ասեմ, որ աշխարհի առաջնությանը չմասնկացեինք, որից հետո և հիասթափված, անկումային վիճակ էր: Ցավոք, նման դեպքեր իմ մարզական կարիերայում հաճախ են պատահել: Ես, կարելի է ասել, հարմարվել եմ: Ինձ փորձել են ընկճել, կոտրել, իսկ 2019 թվականի աշխարհի առաջնությանը չմասնակցելը պարզապես անընդունելի էր: Ամեն բան փորձում եմ մոռանալ ու շարժվել առաջ: Այդ ամենը շատ բարդ է, սակայն գիտեի, որ պետք է մասնակցեմ ուսանողական աշխարհի առաջնությանը, ուստի, ուզած-չուզած պետք է հավաքվեի, հաղթահարեի դժվարությունը, նախապատրաստվեի և գնայի մեդալի հետևից:

Ուսանողական խաղերին նախապատրաստվեցի շուրջ մեկ ամիս՝ առանց ուսումնամարզական հավաքների, առանց սպարինգների: Ինձ մեծապես օգնեց անձնական մարզիչս՝ Արսեն Ավետիսյանը: Նրա մարզչական տաղանդի, իմ՝ տարիների ընթացքում կուտակած փորձի շնորհիվ կարողացանք այդ պայմաններում բրոնզե մեդալ նվաճել:

-Նեապոլում տպավորիչ ելույթներ ունեցաք: Տեղյակ եմ, որ եղան նաև կազմակերպչական թերություններ, որոնք և ազդեցին կիսաեզրափակիչ մենամարտի վրա:

-Եղան թերություններ, մի քանի սխալ թույլ տվեցին իմ մենամարտերի ընթացքում՝ հանգստի ժամանակ չտրամադրելով: Առաջին մրցակիցս արգենտինացի Էզեքույել Վասքուեզին էր, որին ժամանակից շուտ հեշտությամբ հաղթեցի, երկրորդը լեհ Յակուբ Պոսաձին էր, որին կրկին հեշտությամբ հաղթեցի: Այնուհետև չիլիացի մարզիկի հետ շատ բարդ մենամարտ ստացվեց: Հաղթանակից հետո, երբ գնացի նախապատրաստվելու կիսաեզրափակչին, տասը րոպե չանցած կանչեցին, ես հոգնել էի և հանգստի կարիք ունեի, դահլիճում էլ

Սերգեյ Վարդազարյան 2019

անտանելի շոգ էր: Առաջին մրցափուլը հավասար ավարտվեց: Բելգիացի Սի Մոհամեդ Կեդբին աշխարհի թոփ մարզիկներից է, բավական ուժեղ մրցակից: Գերհոգնածությունը զգացնել տվեց: Մյուս երկրների ներկայացուցիչները, մոտենալով ինձ, նշում էին, որ գերհոգնածությունն էր պատճառը ոչ այնքան հաջող ելույթի:

- Չնայած բարդ ու դժվար պայմաններին, այնուամենայնիվ պատվով ներկայացրիք մեր երկիրը ունիվերսիադայում:

-Ամենաբարձր ու արժեքավոր զգացումն է դա: Յուրաքանչյուր մարզիկ ամեն բան անում է, որ տեսնի, թե հայոց եռագույնը ոնց է վեր խոյանում: Հպարտություն ես զգում այդ պահին, իհարկե, ցանկալի է, որ առաջին տեղով բարձրանա, որպեսզի հիմն էլ հնչի: Զարմանալի թող չհնչի, սակայն մեր՝ թաեքվոնդոյիստներիս պայմաններից ելնելով՝ մենք իրավունք էլ չունենք երրորդ տեղ անգամ զբաղեցնել: Երբ շփվում ենք մյուս մարզիկների հետ, ամեն ինչով մեզանից բարձր են: Նրանք զարմանում են, որ ոչ թե մեկ, անգամ մի քանի մենամարտեր ենք հաղթում: Մի փոքր ուշադրության դեպքում արդյունքներն ավելի բարձր կլինեն:

-Բոլորովին վերեջերս անհասկանալի պայմաններում թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Դավիթ Պողոսյանը: Մարզիչներն ու մարզիներն իրենց անհամաձայնությոնն արտահայտեցին:

Հույս ունենք, որ մեր պայքարն անարդյունք չի լինի և ինչ-որ բան կփոխվի: ֆեդերացիայում: Մարզիկները և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես ավելի պատրաստ կլինեն: Ֆեդերացիան ոչ պրոֆեսիոնալ է աշխատում, մեր մարզիկներն իրենց տաղանդի և անձնական մարզիչների նվիրված աշխատանքի շնորհիվ են հաջողությունների հասնում: Ֆեդերացիայում պետք է ամեն ինչ պլանավորված լինի՝ ըստ օրացուցային պլանի: Այսպես օրինակ՝ ուսանողական աշխարհի առաջնությունից 3 ամիս առաջ նախապատրաստությունը պետք է գծագրված լինի, որպեսզի մարզիկները լիարժեք պատրաստվեն, մի քանի ուսումնամարզական հավաքների մասնակցեն, բացթողումները լրացնեն, բուժզննում անցնեն, գլխավոր մրցակիցների գործելաոճն ուսումնասիրեն ու վերլուծեն, մոտավոր պատկերացում ունենան վիճակահանության մասին: Այս ամենը չի արվում մեր ֆեդերացիայում, մենք մեկնում ենք մրցումներին՝ ապավինելով բախտին: Եվ պայքարում ենք լավգույնս պատրաստված մարզիկներևի դեմ: Թիմային աշխատանք է հարկավոր՝ մի քանի մարզիչներ, բժիշկ, հոգեբան, սպարինգ զուգընկերներ, հովանավորներ: Այդ ամենը համալիր պետք է աշխատի, որ արդյունք լինի, այլապես մարզիկը միայանակ անզոր է բարձր ռեյտինգ ունեցողի հետ հավասար մենամարտել: Գլխավոր ստուգատեսերից առաջ մենք ընդամենը մեկ-երկու միջազգային մրցաշարի ենք մասնակցում: Դրա համար էլ օտարերկարցի մարզիկների հնարավորություններն ավելի մեծ են:

-Բնական է, որ այս ամենն անդրադառնում է մարզիկների ելույթների վրա:

Սերգեյ Վարդազարյան 2019

- Ֆեդերացիայի նախագահի անօրինական ընտրություններ անցկացրին, այնինչ պնդում էին որ ամեն ինչ օրինական է: Ցավոք այս ամենն անդրադառնում է մարզիկների վրա, հույս ունեմ , որ հարցը շուտափույթ լուծում կստանա, քանի որ մարզիկները շատ են տուժում: Մեր մրցակիցները լուրջ նախապատրաստվում են ուսանողական խաղերին, մենք չմասնակցեցինք աշխարհի առաջնությանը, ֆեդերացիայի հարցերը դեռևս լուծված չեն, չգիտես՝ ո՞ր հարցի շուրջ, ո՞ր ուղղությամբ մտածել: Այս ամենով հանդերձ՝ մենք մեդալներ ենք նվաճում: Սա նշանակում է, որ անգամ մինիմալ ուշադրության դեպքում կարող ավելի լուրջ հաջողություններ կգրանցենք: Կարևորը պրոֆեսիոնալ աշխատանքն է, անգամ եթե մեծ գումարներ հնարավոր չէ ներդնել: Եթե անձնակազմը պրոֆեսիոնալ է, ամեն բան կստացվի, այնինչ մենք գործ ունենք բոլորվին անտեղյակ անձանց հետ: Մենք երբեք պրոֆեսիոնալ մակարդակով մրցումների չենք նախապատրաստվել: Մրցակցի մենամարտերի վերլուծությունն անչափ կարևոր է: Շատ կարևոր է, որ մարզիկը հասկանա, որ լուրջ ճանապարհ է անցել մրցաշարից առաջ: Մոտավոր պատկերը վիճակագրությամբ կարելի է ստանալ: Հոգեբանորեն ավելի համարձակ ես լինում նման պատրաստվածությունից հետո: Այդ ժամանակ վստահ ես լինում ու հաստատպես ավելի լավ ես հանդես գալիս:

-Ուսանողական խաղերից հետո վերսկսե՞լ եք մարզումները:

- Ոտքի վնասվածք ունեի: Արդեն մարզվում եմ: Սեպտեմբերի կեսերին իմ անձնական միջոցներով Մոսկվայում միջազգային մրցաշարերի եմ մասնակցելու: Այնուհետև նոյեմբերին կմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը: Միջազգային մրցումները կնպաստեն, որպեսզի լավագույնս պատրաստ լինեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: