Հայերեն   English   Русский  

«Շշի Մելոյի» ձերբակալված եղբայրն ազատ է արձակվել


  
դիտումներ: 132

ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել արգելանքից։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի մի քանի ժամ քննելով ձերբակալման որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը, ոչ իրավաչափ է ճանաչել Մանուկյանի ձորբակալությունը և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է ՔՕ 38-332 հոդվածի հատկանիշներով՝ արդարադատությանը խոչընդոտելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ մեքենան դեպքի վայրից հեռացնելու գործով ձերբակալված է նաև Մելիք Մանուկյանի թիկնապահը՝ Մարկոս Մարկոսյանը: Ըստ քննության տվյալների՝ դեպքի վայրից հենց նա է Ռոբերտ Մանուկյանի դրդչությամբ հեռացրել մեքենան:

Մասնավորապես, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ դուրս բերել դեպքի վայրից և դիմել փախուստի, այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք»: Նշենք, որ հետագայում մեքենան հայտնաբերվել ու վերադարձվել է:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2–ին Երևան–Սևան ավտոմայրուղու վրա՝ Մելիք Մանուկյանի ապակե տարաների գործարանի մոտ:

Պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի և պայթյուցիչ նյութեր պահելու հատկանիշներով. գործով ձերբակալվել է 3 անձ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: