Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 2016

Անցնող շաբաթվա ընթացքում դարձյալ մոլորակի տարբեր անկյուններում թեժ կետեր էին՝ բառի բուն իմաստով. սաստիկ, աննախադեպ շոգ էր:

Աղաղակող տեղեկություններն այս անգամ հասնում էին Ճապոնիայից, որտեղ օրեր շարունակ բարձր աստիճանը ոչ մի կերպ չէր նահանջում: Այնտեղ տապից ավելի քան 5000 մարդ տուժեց, ավելի քան 400 մարդ հայտնվեց հիվանդանոցում, իսկ 11 մարդ մահացավ: Իսկ Նորվեգիայում կլիմայական փոփոխությունների հետևանքով մոտ 200 սատկած եղջերու գտան:

Կլիմիայական դաժան պայմաններին գումարվել էին անտառային հրդեհները և երկաթուղիների ու օդուղիների աշխատողների գործադուլները: Միայն Սիբիրում 116 խոշոր անտառային հրդեհ մարվեց, իսկ Խորվաթիայում միայն մի օրում հրդեհները 900 հեկտար անտառ ոչնչացրին:

Բայց, ինչպես ասում են, չկա չարիք, առանց բարիքի: Այս խորապատկերում անակնկալ բարեկամական բեկում մտավ Պուտինի և Թրամփի հարաբերություններում: Վերջինս առաջարկեց Ռուսաստանի նախագահին օգնություն ցույց տալ Սիբիրի հրդեհների մարման հարցում: Ընդ որում, երկու առաջնորդների խոսակցությունը չորեքշաբթի տեղի ունեցավ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Պուտինը հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում կօգտվի այդ առաջարկությունից:

Գործադուլների պատճառով էլ Իսպանիայում չեղարկվում էին հարյուրավոր չվերթներ՝ հուսահատ մարդկանց թողնելով կայարաններում:

Այս իրավիճակում միակ հուսադրող և մխիթարող տեղեկությունը ստացվեց ճապոնական Sony ընկերությունից, որը փոքրիկ օդորակիչ է ստեղծել՝ Reon Pocket մարմնի համար: Այն կշռում է ընդամենը 85 գրամ և կարելի է կրել հատուկ շապիկի գրպանում՝ թիկունքին՝ ողնաշարի վերին մասում:

Աշխարհաքաղաքական ասպարեզում էական փոփոխություններ չեղան, նույն թափով ու նույն հռետորաբանությամբ շարունակվեցին մանավանդ Միացյալ Նահանգներ-Իրան և Միացյալ Նահանգներ-Չինաստան հակասությունները:

Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Մոհամմադ Զարիֆը Վաշինգտոնի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում համարեց ԱՄՆ-ի ամենամեծ ձախողումը Վիետնամի պատերազմից ի վեր: «Հազարամյակներ շարունակ իրանցիներն ավելի ուժեղ են եղել ագրեսորներից: Իսկ ԱՄՆ-ն 7 տրիլիոն դոլար է ծախսել և արյան գետեր է հոսեցրել մեր տարածաշրջանում, բայց արդյունքն այն է, որ ամենամեծ ձախողումն է ունեցել Վիետնամի պատերազմից հետո»,- գրել է նա իր թվիթերյան էջում՝ կոչ անելով Դոնալդ Թրամփին հրաժարվել «անվերջանալի պատերազմի ծարավից և «Բ խմբից»:

«Բ խումբ» Զարիֆն անվանում է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Արաբի Մուհամմեդ բեն Սալմանի և ԱՄԷ-ի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանի դավադրությունը: Իր հաղորդագրությունում Զարիֆը քաղվածքներ է բերել Ջոն Բոլթոնի 2017 թ. գրած մի հոդվածից, որում նա մասնավորապես գրել է, թե «Իրանը երբեք որևէ պատերազմում չի հաղթել և երբեք որևէ բանակցությունում չի շահել»:

Մի քանի օր անց՝ օգոստոսի 2-ին, Զարիֆը էլ ավելի աղմկոտ հայտարարություն արեց, թե Միացյալ Նահանգների պետքարտուղար Պոմպեոն տառապում է մեծ տերությունների մտագարությամբ, և շեշտեց, որ մեծ տերությունների դարաշրջանը վաղուց է ավարտվել: Միևնույն է, մի օր անց Պոմպեոն մեծ տերության բարձրությունից հայտարարեց, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային:

Նշենք, որ Միացյալ Նահանգներին «տնտեսական ահաբեկչությունից և ինքնամեկուսացումից» խուսափելու վերաբերյալ խորհուրդներ տալով՝ Զարիֆն այնուամենայնիվ մերժել էր անցյալ ամիս Թրամփի՝ Սպիտակ տանը հանդիպելու հրավերը: Ավելին, օգոստոսի 3-ին հայտարարեց, որ Իրանը ևս մի քայլ կանի, որպեսզի խախտի 2015 թվականի միջուկային պայմանագիրը:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներ-Չինաստան տնտեսական հակամարտությանը, ապա այդ դեպքում անհողդողդ է Նահանգները: Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ում ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը կոչ արեց ԱՄՆ-ին նպաստել Չինաստանի հետ տարաձայնությունների հաղթահարմանը առևտրա-տնտեսական հարցերում՝ «վերադառնալով ճիշտ ուղի»: Նա հայտնեց, որ Չինաստանում ափսոսանք են հայտնում ամերիկյան կողմից չինական ապրանքների նկատմամբ սեպտեմբերի 1-ից 10 տոկոսանոց տուրքեր սահմանելու սպառնալիքի կապակցությամբ և այդ հեռանկարը որակեց «իռացիոնալ, անպատասխանատու գործողություն», որը վնաս է հասցնելու ողջ աշխարհին, այդ թվում է Միացյալ Նահանգներին:

Որոշակի դրական տեղաշարժ նկատվեց Վենեսուելայում: Տեղի ունեցավ Մադուրոյի և ընդդիմության հերթական քաղաքական երկխոսությունը, ինչի համար Մադուրոն երախտագիտություն հայտնեց և հաստատեց «բանակցությունների սեղանի մոտ մնալու» իր պատրաստակամությունը հանուն համաձայնության ձեռքբերման և երկրում խաղաղության հաստատման:

Դրական լուրեր հասան նաև Սուդանից: Ինչպես հիշում ենք, ապրիլին՝ ամիսներ տևած ցույցերից հետո, բանակը հեռացրեց իշխանությունից Օմար ալ Բաշիրին, որ կառավարել էր 30 տարի, և ստեղծեց ժամանակավոր ռազմական խորհուրդ՝ արձակելով խորհրդարանը և դադարեցնելով սահմանադրության գործողությունը: Ընդդիմադիր ուժերը հանուն քաղաքացիական կառավարման տևական գործադուլ սկսեցին: Անցած ամիս Ռազմական խորհուրդը և «Հանուն ազատության և փոփոխությունների» դաշինքը համաձայնության եկան և օգոստոսին 3-ին ստորագրեցին սահմանադրական հռչակագիրը:

Անցած շաբաթ Միացյալ Նահանգներից հիասթափված էր հատկապես Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մահապատիժը վերականգնելու կապակցությամբ: Այդ մասին հայտնեց ԵԽԽՎ-ի մահապատժի վերացման հարցերի գլխավոր զեկուցող Տիտուս Կոռլեցյանը:

Սակայն դա չի խանգարում, որ ամերիկացիները օրենսդրության և ժողովրդավարության դասեր տան Ուկրաինայի նորելուկ անփորձ պատգամավորներին: Համենայն դեպս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) թրենինգներ է կազմակերպելու Ռադայի նորեկների Համար: Դասընթացը կոչվում է «Ուկրաինայի ժողովրդական պատգամավորի և նրա թիմի գործունեությունը»: Պարապմունքներն անցկացվելու են օգոստոսի 5-6-ը:

Անցած շաբաթվա հերոսներից մեկը, անկասկած, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էր, որ դարձավ Կանադայի՝ գեյ բար այցելած առաջին վարչապետը: Նա Վանկուվերում մտավ Fountainhead Pub, ուր լուսանկարվեց և ձեռքսեղմումներ ունեցավ փաբի այցելուների հետ: Դեռ թվիթերում էլ գրեց. «Շնորհակալություն Fountainhead Pub-ի տղաներին այսօրվա ջերմ ընդունելության համար»: Սակայն նա նոր չէ, որ մտնում է պատմության մեջ, նաև առաջին վարչապետն է Կանադայի պատմության մեջ, որ մասնակցել է 2017 թ. գեյ շքերթին: Նա այն ժամանակ պաշտոնապես ներողություն խնդրեց իշխանությունների կողմից սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն դրսևորելու համար, քանի որ, իր խոսքով, տասնամյակներ շարունակ համասեռականները դուրս եմ մղվել պետծառայությունից, ոստիկանությունից և բանակից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: