Հայերեն   English   Русский  

Արշակ Անանյանի շարունակվող ներկայությունը


  
դիտումներ: 185

Կան մարդիկ, որ կյանքից հեռանալով շարունակում են մնալ ապրողներիս հետ: Այդպիսիք քիչ են, բայց նրանք հասարակության և երկրի աղն են: Նման մարդը անհատականություն է իր մտածողությամբ և հույզերով, մեզ թողած գործի ճշտությամբ, ազնիվ ապրումներով, որ մի օր եկել են ու չեն անցնում՝ մշտապես արժևորելով այս ծանր կայնքը: Այդ քչերից մեկն էլ Արշակ Աղաբեկի Անանյանն էր:

Ռադիոհեռուստալրագրող, վաստակավոր լրագրող /1985թ./ Ա. Անանյանը ծնվել է 1919թ. օգոստոսի 12-ին Լոռվա Շնող գյուղում: 1939թ. ավարտել է Շնողի միջնակարգ դպրոցը, 1949-ին Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1939-41-ին աշխատել է Ալավերդու մթերումների շրջլիազորությունում` հաշվառման խմբի ղեկավար: 1941-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ, մինչև 1943-ը Հայկական Թամանյան դիվիզիայի 400-րդ գնդի կազմում մասնակցել է գերմանացիներից Հյուսիսային Կովկասի ազատագրման մարտերին: Եղել է ականանետային վաշտի կոմիսարի քաղգծով տեղակալ, գնդի ԼԿԵՄ կազմակերպության քարտուղար: Միաժամանակ ակտիվորեն թղթակցել է ռազմաճակատային թերթերին: 1943-ին վիրավորվել է, ուղարկվել թիկունք: 1946-51-ին աշխատել է Թումանյանի շրջժողկրթբաժնի տեսուչ, շրջանի ռադիոխմբագիր-լիազոր, 1951-ից՝ ՀԽՍՀ կինոֆիկացման վարչությունում տեսուչ:

1952-ից Արշակ Անանյանը ողջ գիտակցական կյանքը կապել է լրագրության հետ. ՀԽՍՀ ռադիոհեռուստապետկոմում խմբագիր, մարզական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր, 1969-75-ին՝ ռադիոլրատվության գլխավոր խմբագիր, 1976-ից՝ ռադիոհեռուստալրատվության միացյալ խմբագրության գլխավոր խմբագրի տեղակալ, 1977-86-ին՝ գլխավոր խմբագիր: Կենսաթոշակի անցնելուց հետո էլ ակտիվորեն շարունակել է ռադիոհեռուստալրագրողի աշխատանքը:

Ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր, մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ: Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով: Հայաստանի լրագրողների միության անդամ էր (1959թ.): Նրա կազմակերպած հաղորդումներն աչքի են ընկել մատուցման թարմությամբ, անմիջականությամբ, կարևորությամբ: Մեծ տեղ է տվել տնտեսության առաջատար ճյուղերին, մշակութային կյանքի հրատապ խնդիրների լուսաբանմանը: Դրանում մշտապես զգացվել է թերությունները վերացնելու, լուծման ուղիներ գտնելու և առաջարկելու մտահոգությունը:

Նրան խորթ է եղել շաբլոնը, ցուցադրականությունը, ձևականությունը: Խոսքը դիպուկ է, պատկերավոր, ընդգրկուն, տպավորիչ, զերծ չարությունից, միտումնավորությունից: Երբեք չի հանդուրժել վարչարարությունն ու գերատեսչական ճնշումը, որի համար հաճախ քննադատվել է, երբեմն նաև հարվածներ կրել: Հրապարակախոսական և լրատվական գործարար ուղղություն ունեն Անանյանի նախապատրաստած հաղորդումների շարքերը՝ նվիրված Արփա-Սևան ջրատարին, Երևանի մետրոպոլիտենին, Զվարթնոց օդանավակայանին, վերակառուցվող օպերային թատրոնի շենքին, ՀԱԷԿ-ին և այլ կարևոր օբյեկտների (Երևանի մետրոպոլիտենի շինարարությանը նվիրված հաղորդաշարը արժանացել է Հայաստանի լրագրողների միության մրցանակին):

Մասնագիտական դավանանքը եղել է այն, որ «հեռուստատեսությունը և ռադիոն աշխատավոր մարդկանց լավ բարեկամն ու խորհրդատուն են: Այդ նրանք են, որ հողագունդը փոքրացնում և բերում են քո հարկի տակ»:

Անանյանի մարդկային նկարագիրը դիպուկ է բնութագրել իր գործընկերը՝ ճանաչված սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը. «Արշակ Անանյանը հումորաշատ և շատ կենսախինդ անձնավորոթւյուն էր… Այնքան անմիջական, որ նրա հետ շփումներում տարիքային տարբերություն գոյություն չուներ: Նա մեր շեֆն էր, և լավագույն ընկերն ու բարեկամբ»:

Իրոք, արժանիքներով, կենսուրախ և կենսասեր բնավորությամբ, գեղարվեստական օժտվածությամբ վայելում է մեծ հարգանք և ճանաչում: Երևի նաև այդ օժտվածության շնորհիվ է, որ Անանյանը ոչ միայն վաստակավոր լրագրող էր, այլև՝ վաստակավոր թամադա, հետևելով իր Մեծ նախորդին՝ Հովհաննես Թումանյանին: Ունեցել է նույնիսկ դա հաստատող կրծքանշան, որ 1974-ին՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի հետ կատարած այցելության ժամանակ նվիրել է Արցախի իր գործընկերոջը (թամադայության գծով):

Ազնիվ շատ գծեր է ժառանգել Աղաբեկ և Սանամ ծնողներից: Հայրենանվեր աշխատանքի, հայրենասիրական գործունեության, հայրենի գյուղի և հայրենակիցների հետ սերտ կապվածության համար արժանացել է «Պատվավոր Շնողցի» կոչման (2003թ.), որն իր պարգևների մեջ ամենաթանկն էր գնահատում:

Տիկնոջ՝ վաստակաշատ վիճակագիր երջանկահիշատակ Ժենյա Ավագի Յաղուբյանի (ծ. 1922թ., Թբիլիսի) հետ կրթել և դաստիարակել են երկու զավակ՝ տղա և դուստր:

Վերջերում` մինչ մահը /2012թ./, առիթ ունեցա մեկ անգամ ևս հմայվել Լոռվա աղբյուրի պես ջինջ ու համազգային արժեքներով գոտեպնդված ու իմաստնացած նրա խոսքով: Ժամանակին առիթ եմ ունեցել նաև ժողովրդական երգի նրա կատարումները լսել, որպես սեղանապետ՝ նրա վարած ուրախությունների հմաքը վայելել:

Ինչպես ասում են՝ տարիները իրենց կնիքը դնում են. չկար նախկին կրակոտ ու խանդավառ ոգին, բայց իմաստնություն, սերը հայրենի եզերքի ու նրա մարդկանց հանդեպ չէր խամրել: Վիշտ ու դժվարություն շատ է տեսել Արշակ Անանյանը՝ դառը մանկություն (անհարկի քաշքշուկներ, «ժողովրդի թշնամու որդի» պիտակ), պատերազմ ու ավեր, վերջերս նաև կորուստներ ամենամտերիմ հարազատների շրջանում: Դիմակայել է, դիմացել:

…Բարին հիշեց «Պղնձի ֆրոնտում»-ի նախապատերազմյան տարիները (երբ խմբագրությունում ռադիոլիազոր է աշխատել), նրա նվիրյալ լրագրողներին ու լրագրության բնագավառում իր ուսուցիչը համարեց արժանահիշատակ Հարություն (Արտիկ) Նազարեթյանին: Հետո մտովի տարիների միջով ետ գնացինք ու հասանք Շնող: Խոհերը դարձան անանյանական հումոր…

Ավարտեց հերթական մանրապատումը «Շնողի հումոր» շարքից ու լռեց: Խորհրդավոր լռությունը խախտեց աննկատ ներս մտած թոռնուհին, որ գնում է պապի ճանապարհով՝ ընտրել է լրագրողի մասնագիտությունը: Ներս մտավ Մարիաննան ու բարձրաձայն արտասանեց մի քառատող Ալբերտ Փարսադանյանի «Գրական հետագիծ» գրքից.

- Կարևոր է, որ աշխարհը

Քո սուրբ տունն ես համարում

Եվ նրան քո լինելությամբ

Գեղեցկություն ես գումարում:

Արտասանեց ու այդպես արժևորեց իր պապի կյանքի ուղեգիծը: Ուղեգիծ, որ իրար է կապում մի քանի սերունդների և քաղաքամայր Երևանը ինքնատիպ ձևով մոտեցնում հարազատ Լոռուն…

…Ցտեսություն իմ հայրենակից, իմ ուսուցիչ, շնորհակալություն քո ապրածի համար ու մեր սիրո խոնարհումը քո պայծառ հիշատակին: Շնորհավորում ենք ծննդյանդ 100-ամյակը և շարունակում ապրել քո ներկայությամբ ու հոբելյանի առթիվ քեզ կարգում Հայոց մեծ տան ուրախությունների «Պատվավոր թամադան»:

Քրիստոնեական օրհնություն շարունակվող հուշերիդ, մխիթարություն մերձավորներիդ:

Վաղարշակ Ղորխմազյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: