Հայերեն   English   Русский  

Հետարձակուրդային սթրե՞ս, թե՞ միջավայրին նորից ինտեգրվելու խնդիր. խորհուրդ է տալիս հոգեբանը


  
դիտումներ: 1117

Քնկոտություն, աշխատանքի, դասերի վրա չկենտրոնացվածություն, հոգնածության զգացողություն, գլխացավեր. շատերի մոտ են առաջանում այս ախտանիշները, երբ երկարատև արձակուրդից հետո վերադառնում են աշախատանքին կամ դասերին: Արձակուրդից հետո նմանատիպ խնդիրների հանդիպում են թե աշխատող մարդիկ, թե աշակերտներն ու ուսանողները: Որոշ հոգեբաններ սա անվանում են հետարձակուրդային սթրես:

Հոգեբան Աննա Բադալյանի հետ փորձեցինք պարզել, թե ինչ խնդիրներ են առաջանում արձակուրդային շրջանի ավարտից հետո:

Ըստ հոգեբանի՝ փոքր-ինչ տարբերվում են խնդիրներն ու դրանց հաղթահարման մեթոդները սովորողների և աշխատողների պարագայում:

«Երեք ամիս արձակուրդում գտնվելուց հետո երեխաների մոտ, իհարկե, խնդիրներ առաջանում են, բայց եթե նրանք դպրոցում սոցիալականացվել են, եթե ունեն ընկերներ, ստացվում է շփումը, ապա արձակուրդի ընթացքում երեխաները կարոտում են դպրոցը և անհամբեր սպասում են արձակուրդների ավարտին, նույնն է նաև այն երեխաների կամ ուսանողների դեպքում, ովքեր սիրում են ուսումը և վերադառնում են դպրոց կամ համալսարան մի նոր բան սովորելու, բացահայտելու ակնկալիքներով»,-ասում է հոգեբանը, բայց նաև նշում, որ հանդիպում կա նաև 3-րդ խումբը,-«Կան երեխաներ, որոնք ունեն տրավմաներ, դպրոցում խնդիրներ ունեն, չեն կարողանում ինտեգրվել միջավայրին, մանկավարժների հետ խնդիրներ ունեն, իրենց անձի հետ խնդիրներ ունեն և 3 ամիս ձեռք բերած ազատությունից հետո դպրոց վերադառնալը բարդ փուլ է լինելու նրանց համար»:

Հոգեբանի կարծիքով արձակուրդից հետո անցումը դասերին երեխաների համար ավելի հեշտ կլինի, եթե պահպանեն ռեժիմը:

«Արձակուրդային օրերին երեխաները ավելի երկար են քնում, ծնողները պետք երեխաներին արձակուրդի ավարտից առաջ, ասենք օգոստոսի 20-ից սկսած, փորձեն վարժեցնել դպրոցական ռեժիմին: Սակայն եթե ի վերջո արձակուրդից հետո երեխաների մոտ ինտեգրվելու կամ այլ խնդիրներ են առաջացել, ապա այստեղ պետք է աշխատեն ծնողներն ու ուսուցիչները միասին: Ուսուցիչները պետք է փորձեն երեխաներին ոգևորել, ցույց տալ, որ սպասում էին երեխային դպրոցում, որ նա եկել է ու նոր հետաքրքիր բացահայտումներ են սպասվում իրեն, պետք է կարողանան երեխայի կարևորությունը ցույց տալ, այդ դեպքում խնդիրները շատ ավելի շուտ կհաղթահարվեն»:

Բայց հետարձակուրդային սթրեսը ոչ միայն սպառնում է սովորողներին, այլ աշխատող մարդկանց, նրանց պարագայում այլ խնդիրների հետ գործ ունենք: Արտասահմանում ըստ վիճակագրության, աշխատանքից ազատվելու դիմումների մոտ 40 տոկոսը ներկայացվում է հենց արձակուրդից հետո:

Ըստ հոգեբանի՝ հասուն տարիքի մարդկանց համար հետարձակուրդային դեպրեսիաները հաղթահարելու լավագույն մոտիվացիան շատ դեպքերում գումարն է:

«Նրանք հասկանում են, որ արձակուրդների ընթացքում մեծ գումարներ են ծախսել ու պետք է աշխատել դրանք հետ բերելու համար: Բայց եթե աշխատանքդ սիրով ես անում, սիրում ես այն միջավայրը որտեղ աշխատում ես, լավ հարաբերություններ ունես գործընկերներիդ հետ, քեզ համարում ես սոցիալական խմբի կարևոր մասնիկը, ապա 1 շաբաթ հետո կանցնեն բոլոր խնդիրները»:

Աննա Բադալյանը նշում է, որ ամռան ավարտն ու դրանով պայմանավորված եղանակի փոփոխությունը՝ շոգի նվազումը, ենթագիտակցորեն մարդկանց մոտ տագնապ է առաջացնում: Հետևաբար բացի հետարձակուրդային սթրեսից՝ մարդկանց մոտ նաև եղանակով պայմանավորված են խնդիրներ առաջանում:

«Ես համաձայն չեմ աշնանային դեպրեսիա կոչվածին, քանի որ Հայասատանի համար կոլեկտիվ անգիտակցական մակարդակում աշունը նոր գարունն է: Այնտեղ այնքան գույներ կան, բացի դա մեզ մոտ հիմնականում աշնան են կատարվում տոները, տոնակատարությունները՝ հարսանիք, կնունք, հետևաբար կարող ենք ասել, որ սա յուրօրինակ վերածնունդ է»:

Ի վերջո պետք է փաստենք, որ որքան էլ դժվար լինի արձակուրդի ընձեռած ազատությունից ու հանգստությունից հրաժարվելը, այնուամենայնիվ մարդիկ, որոնք կազմակերպված են, կհաղթահարեն յուրաքանչյուր խնդիր՝ գործընկերների հետ մի բաժակ սուրճի ու հետաքրքիր զրույցի ընթացքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: