Կրթության օրակարգը հստակ չէ․ Սերոբ Խաչատրյան
2019-2020 ուսումնական տարին սկսում ենք առանց հստակ կրթական օրակարգի, ինչի մասին վկայում են թե կրթության զարգացման պետական ծրագրի բացակայությունը, թե դեռ խորհրդային տարիներից եկող ավանդույթի խախտումը․ «Խորհրդային տարիներից սկսկած նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները ուսումնական տարվա մեկնարկից առաջ հանդիպում էին դպրոցների տնօրենների, մանկավարժական հանրույթի հետ և ներկայացնում էին նոր ուսումնական տարվա խնդիրները։ Այս անգամ նման բան չեղավ և դա խոսում է այն մասին, որ կա հստակ օրակարգ ձևակերպելու խնդիր։ Կրթության օրակարգը հստակ չէ»։
Խաչատրյանը նշում է, որ թեև նախարարությունը զանազան փաստաթղթեր, ռազմավարություններ ու չափորոշիչներ է մշակում, սակայն գործընթացները հին ձևերով են ընթանում։
«Ստեղծվում է մի խումբ, որը քննարկում և ինչ-որ նյութ է ստեղծում, հետո դա ներկայացվում է հանրությանը, հանրությունը մի քանիխմբագրական փոփոխություն է անում ու վերջ։ Ես ակնկալում էի, որ այս անգամ այդ ռազմավարությունների, չափորոշիչների մշակումը ավելի բաց կլինի, օրինակ, կհարվիրեն տարբեր մարդկանց, նաև այն մարդկանց, որոնք քննադատում են նախարարության աշխատանքը։ Եթե պետք է նորից աշխատենք մերոնցով, մեր մարդկանցով, վերջում էլի ունենալու ենք նույն կոտրած տաշտակը, ինչ մինչև հիմա ունեցել ենք։- ասում է Խաչատրյանը և հավելում,- ես հիմա այդ տենդենցը տեսնում եմ, որ նախարարությունը հակված է աշխատելու միայն այն մարդկանց հետ, ովքեր հարմարվում են նախարարության մոտեցումներին, խնդիրներ չեն բարձրաձայնում և այլն, և այլն»։
Կրթության փորձագետը նշում է, որ, օրինակ՝ կրթության ռազմավարություն կամ առարկայական չափորոշիչներ մշակելիս նախընտրելի է նախապես քննարկել հիմնարար սկզբունքները, հանրային համաձայնության հասնել դրանց շուրջ, ապա միայն սկսել մշակել փաստաթուղթը՝ հիմնվելով համաձայնեցված սկզբունքների վրա։
«Եթե մենք հիմնարար հարցերում համաձայնություն չունեցանք, և վերջում բերեցին մի փաստաթուղթ, որը մարդիկ չընդունեցին, ի՞նչ պետք է անենք։ Էլի պետք է դառնա ձևական մի փաստաթուղթ»,- ասում է նա։
Խաչատրյանն ասում է, որ հեղափոխությունից հետո ակնկալում էր, որ կրթության նախարարությունը կսկսի աշխատել նաև այն մարդկանց հետ, որոնք սրտացավորեն և իրավացիորեն քննադատում են և բանավիճում։ «Ունենք նախարարություն, որը նորից դառնում է պաշտպանողական։ Եթե այդ պաշտպանողական կեցվածքը ամրագրվեց, էլի չենք կարողանալու համակարգը փոխել»,- ասում է նա։
Խաչատրյանը նաև կարևորում է, որ կրթության ոլորտի ռազմավարությունները, չափորոշիչները, առանցքային փաստաթղթերը մշակվեն ոչ թե միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, այլ պետական բյուջեի միջոցներով։ Միայն այդպես հնարավոր կլինի մեր երկրին ու իրականությանը հարմար և համապատասխան ժամկետներ ու ձևաչափեր սահմանել։
«Եթե մենք ուզում ենք նախկինից տարբերվող արդյունք ունենալ, ճանապարհը պետք է փոխենք։ Եթե նուն ճանապարհով ենք գնալու, էլի նույն տեղն ենք հասնելու»,- ասում է Խաչատրյանը և հավելում, որ դեռ 90-ականներից նշվում է, որ կրթության ոլորտում արագ փոփոխություններ չեն լինում, 10 տարի պետք է սպասենք։
«Տասը տարուց նոր ղեկավարություն է գալիս, որն ասում է՝ սկսում ենք բարեփոխումների նոր ալիք, մի տասը տարի էլ սպասեք։ Ու այդպես մենք արդեն երեսուն տարի սպասում ենք»,- ասում է Խաչատրյանը։
Կրթության փորձագետը շեշտում է՝ ռազմավարություններում նոր բառեր գրելով չէ, որ հնարավոր է փոփոխությունների հասնել։ Նախ պետք է փոխվի մտածելակերպը, աշխատելաոճը, նախարարությունն էլ ավելի բաց պետք է լինի։
Հարցին, թե որն է ամենամեծ ակնկալիքն առաջիկա ուսումնական տարուց, Սերոբ Խաչատրյանը թեման ամփոփելով պատասխանում է․ «Ամենամեծ ակնկալիքն այն է, որ վերջապես այս ուսումնական տարվա ընթացքում կրթության ոլորտում կլինի համաձայնություն մի քանի հիմնարար սկզբունքների շուրջ, ընդ որում ոչ թե կաբինետային, այլ հանրային համաձայնություն»։