Հայերեն   English   Русский  

Սևանա լճում տեղադրվել է մոտ 100 նոր նախազգուշացնող լողանշաններ


  
դիտումներ: 340

Սույն թվականի հուլիսի 1-ից Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, անցել էր ուժեղացված ռեժիմով ծառայության: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Բացի Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հիմնական տեղակայման վայրից, ջրափրկարարները ուժեղացված ծառայություն են իրականացրել նաեւ երեք հանրային լողափերում:

Ծառայության արդյունավետ կազմակերպման համար հանրային լողափերում տեղադրվել են երեք շարժական վագոն-տնակներ՝ ապահովված ջրափրկարարների համար անհրաժեշտ աշխատանքային եւ կենցաղային պայմաններով:

Ջրափրկարարներն ապահովված են ջրափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

Լողափերում քաղաքացիների հանգիստն առավել անվտանգ դարձնելու նպատակով, այս տարի ԱԻ նախարարությունը ձեռք է բերել մոտ հարյուր նոր նախազգուշացնող լողանշաններ, որոնք տեղադրվել են ինչպես հանրային լողափերում, այնպես էլ Մարտունու, Գավառի, Վարդենիսի, Ճամբարակի լողափերում:

Լողանշանները սահմանում են ափամերձ այն հատվածը, որից այն կողմ լողալը կարող է վտանգավոր լինել:

Լողաշրջանի ընթացքում ջրափրկարարներին հաջողվել է փրկել 27 քաղաքացու կյանք:

Հանրային լողափերում ծառայություն իրականացնելուց բացի, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, ըստ անհրաժեշտության, ջրափրկարարները ծառայություն են իրականացրել նաեւ մասնավոր լողափերում՝ ապահովելով հանրային միջոցառումների մասնակիցների անվտանգությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: