Հայերեն   English   Русский  

Իշխանությունների և այլ ուժերի կողմից դատարանների վրա ոչ թե ճնշում է իրականացվում, այլ ճնշման փորձ. Ռուբեն Վարդազարյան


  
դիտումներ: 151

Այսօր իշխանություններն ու որոշ ուժեր ոչ թե ճնշում են դատարաններին ու դատավորներին, այլ փորձ են կատարում ճնշելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

ԲԴԽ նախագահը որպես օրինակ նշեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, որի ընթացքում աջակցող ու մեղադրող կողմերը փորձում են ամեն կերպ ճնշել գործով դատավորին:

Ըստ Վարդազարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդումները, որ իշխանությունների կողմից ահռելի ճնշումներ են գործադրվում դատարանների նկատմամբ, չափազանցված է։

«Ահռելի բառը չափազանցված է, ոչ թե ճնշում է իրականացվում, այլ փորձ է իրականացվում ճնշել, ընդ որում ոչ միայն իշխանական թևից»,–ասաց նա։

Վարդազարյանի խոսքով՝ Քոչարյանի գործի շրջանակներում հասարակությունը երկու մասի է բաժանվել.

«Դատարանի առջեւ բողոքի ակցիաներ են իրակացնում եւ՛ Քոչարյանի աջակիցները, եւ՛ հակառակորդները, եւ ես կարծում եմ դա ճնշման փորձ է, սակայն չկա որեւէ դատավոր, որը կարող է արդարադատություն իրականացնել հաշվի առնելով դատարանի առջեւ կանգնած բողոքի ակցիա իրականացնող մարդկանց վանկարկումները»,–ասաց նա։

Հարցին, թե ինչպիսին կլինի իր դիրքորոշումը, եթե օրինակ վաղը ինչ–որ մեկի գործով մի խումբ քաղաքացիներ շրջափակեն դատարանների մուտքերը և թույլ չտան, որ դատավորը մտնի աշխատավայր, Վարդազարյանը պատասխանեց.

«Չեմ համարում, որ դատավորը պետք է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնի, վստահ եմ, որ դատավորը իրավունք չունի ճնշվի դատարանի առջև տեղի ունեցող ցանկացած բողոքի ակցիայից։ Դատավորը չպետք է արդարադատություն իրականացնի կախված դատարանի առջև բողոքողների քանակից: Իսկ յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված արդարադատության իրականացմանը դատապարտելի է»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: