Հայերեն   English   Русский  

Կարծում եմ՝ ՍԴ-ի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի. Վիգեն Հակոբյան


  
դիտումներ: 371

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, հրավիրված մամուլի ասուլիսում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսեց Հայաստանի ներքին ու արտաքին օրակարգերի ու խնդիրների մասին:

Ըստ նրա՝ աշունը թեժ է լինելու, քանի որ չլուծված մի շարք հարցեր կան, որոնք մոտենում են լուծման վերջնաժամկետին կամ հստակ դիրքորոշում են ակնկալում: Դրանցից է նաև Արցախի հարցը:

«Հնարավոր է որ որոշակի զարգացումներ լինեն այս աշնանը նաև Արցախի հարցի շուրջ: ՀՀ իշխանությունները պետք է հստակեցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով իրենց դիրքորոշումը: Երբ կասկած է առաջանում, թե ուժային կենտրոնները համակերպվել են ստատուս քվոյի հետ, Ադրբեջանը ինչ-որ քայլեր է ձեռնարկում, օրինակ՝ սահմանին լարվածություն է ստեղծում: ԼՂ հարցը երբեք չի հանդարտվի, քանի որ Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս քվոյի պահպանումը»,- ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանի ելույթից հետո Բաքուն հարց բարձրացրեց այն մասին, թե որն է Երևանի դիրքորոշումը:

«Օրինակ, երբ Փաշինյանն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», կամ էլ այն հարցը, թե, այնուամենայնիվ, Երևանը պատրա՞ստ է կարգավիճակի հարցով բանակցություններ վարել: Հետագա հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչներն անպայման կբարձրացնեն այդ հարցը: Հստակեցման անհրաժեշտություն ենք զգում նույնիսկ մենք՝ ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում: Ղարաբաղում ևս ցանկանում են հասկանալ՝ դա հայտարարություն էր ներքին լսարանի համար թե ոչ, ինչ-որ բան փոխվել է, թե ամեն ինչ նույնն է մնացել: Իսկ իմ գնահատմամբ դա հայտարարություն էր, այո, ներքին լսարանի համար: Ի դեպ, 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ն եւ ԼՂԻՄ-ի ազգային խորհուրդը Հայաստանի կազմին Լեռնային Ղարաբաղի միավորման մասին համատեղ որոշում կայացրեցին: Եվ դե յուրե այդ որոշումը չի չեղարկվել»,- նկատեց փորձագետը՝ հավելելով, որ եթե ՀՀ իշխանությունները որոշեն գնալ այդ ճանապարհով, ապա նրանք պահուստում միշտ կունենան այդ որոշումը:

Լրագրողների հետ հանդիպմանը Հակոբյանը նաև անդրադարձավ ներքաղաքական մեկ այլ հարցի՝ ՍԴ-ի որոշմանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված: Քաղտեխնոլոգը կարծում է, որ բարձրագույն դատարանի որոշումի հրապարակումից հետո, այնուամենայնիվ, 2-րդ նախագահն ազատ կարձակվի:

«Այստեղ գործ ունենք ոչ միայն Սահմանադրական դատարանի որոշման հետ, այլև եվրոպական մի շարք հանձնաժողովների ու նաև Ռուսաստանի դիրքորոշման: Մենք ինքներս ենք խորհրդատվական կարծիք խնդրել Վենետիկի հանձնաժողովից, բացի այդ Ռուսաստանի իշխանություններն էլ իրենց քայլերով ցույց են տալիս, որ ցանկություն ունեն Քոչարյանին ազատության մեջ տեսնել: Կարծում եմ, որ դատարանի այս որոշումից հետո մեծ հավանականություն կա, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի»,-հավելեց Հակոբյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: