Հայերեն   English   Русский  

Հայկական հեռուստաեթերում մանկական հաղորդումները շատ քիչ են. հոգեբան


  
դիտումներ: 1601

Մարտի 4-ը Մանկական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային օրն է:

Հայկական հեռուստաեթերում մանկական հաղորդումները շատ քիչ են:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին հոգեբան Աննա Բադալյանը և Ահարոն Ադիբեկյանը:

Հոգեբանը առաջին հերթին կարևորեց լեզվի որակը և ինչպես է դա մատուցվում երեխաներին. «Ամենից շատ կարևոր է հաղորդումների լեզուն: Սա է այն ծանր հրետանին, որ ձևավորում է գիտակցությունը, մտահորիզոնը և դարձնում յուրահատուկ անհատ»:

Նա նշեց, որ նախկինում գործող «Հեքիաթն է կանչում» հաղորդումը բավակաին լավ ազդեցություն էր թողնում երեխաների վրա: Այն դաստիարակում էր երեխային որպես որպես դրական անհատ:

Հոգեբանը գտնում է, որ հիմա գրեթե չեն ցուցադրվում ագրեսիվ մուլտֆիլմեր:

«Այսօր քիչ են ցուցադրում հին հայկական մուլտեր: Մենք ունենք «Մայրիկների ակումբ» հաղորդումը, որն օգնում է յուրովի մոտենալ յուրաքանչյուր երեխայի, բայց այդպիսի հաղորդումներից բացի պետք է լինեն մանկական հաղորդումներ, մուլտեր, որովհետև այդ տարիքում երեխաների մոտ սկսում է պայքար իրենք իրենց հետ: Դա կօգնի երեխաներին ավելի ամուր կամք ձևավորել»,- ասաց Աննա Բադալյանը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հեռուստաալիք ունենա իր մանկական հաղորդումները, որովհետև նրանցից յուրաքանչյուրի մոտեցումը տարբեր է, սակայն կա որոշակի առաջընթաց և ցուցադրվող մուլտֆիլմերը հատընտիր են:

Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ այլ երկրներում մասնագիտացված հաղորդումներ են լինում երեխաների համար, որի ժամանակ սովորեցնում են նկարել, երգել, պարել. «Հայաստանում նման բան չկա: Հեռուստատեսությունը բիզնես ոլորտ է և պետք է շահույթ բերի: Այդ պատճառով ավելի շատ սերիալներ են հեռուստաշուկայում: Մանկական հաղորդումները շատ քիչ են», - նշեց նա:

Նա ընդգծեց, որ պետք է այնպիսի ծրագրեր ստեղծել, որ սփյուռքում բնակվող երեխաները նույնպես հայկական ազգային ոգով դաստիարակվեն:

Ըստ սոցիոլոգի` Կրթության և գիտության նախարարությունը պետք է գրանտ տա այն հեռուստաընկերություններին, ովքեր կրթական ծրագրեր են պատրաստում երեխաների համար: Այդ հաղորդումներ չպետք է լինեն շահույթ հետապնդող:

«Այդ մանկական հաղորդումները պետք է ընտրվեն հոգեբանների կողմից: Ծնողներն էլ պետք է այնպես անեն, որ երեխաները դրանք դիտեն», - ասաց Ահարոն Ադիբեկյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: