Հայերեն   English   Русский  

ՏԻՄ ընտրություններ Արցախում․ դիտորդները լուրջ ընտրախախտումներ չեն արձանագրել


  
դիտումներ: 1401

Արցախում 228 համայնքներում ՏԻՄ ընտրություններն այլևս իրողություն են։ Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին գրանցված էր 415 համայնքապետի և 2573 ավագանու թեկնածու։

Այս անգամ Արցախում ընտրություններն աննախադեպ ուշադրության կենտրոնում են եղել․ ընտրություններին հետևելու համար հավատարմագրված էր 300-ից ավել դիտորդ և 50 լրագրող։ Այս ընտրություններն առանձնացել են նրանով, որ դիտորդական առաքելություն են իրականացրել նաև ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունները, իսկ այդ նպատակի համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 33 մլն դրամ։

Արցախում ընտրողների թիվը 103 հազար 10 է։ Ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների65,5 տոկոսը։

Արդյունքների մասին

Արցախում ՏԻՄ ընտրությունների արդյունքները կամփոփվեն վաղը։ Սակայն արդեն իսկ հիմա հայտնի է նախնական պատկերը։ Այսպես, Ստեփանակերտում քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Դավիթ Սարգսյանը։ Նրա օգտին քվեարկել է 7787 ընտրող։ Ստեփանակերտի քաղաքապետի աթոռի համար պայքարում էր 5 թեկնածու։ Գործող քաղաքապետը, սակայն, չէր առաջադրվել։

Իսկ Շուշիում նախնական տվյալներով 879 քվեորվ հաղթել է Արծվիկ Սարգսյանը։ Նրա ստացած քվեները գրեթե մեկուկես անգամ գերազանցում են 2-րդ հորիզոնականում գտնվող թեկնածուի քվեները։

Եղել են նաև համայնքներ, որտեղ համայնքապետի համար պայքարող թեկնածուները հավասար քվեներ են ստացել։ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին պաշտոնակատար Եղիշե Արզումանյանի խոսքովայդ 4 համայնքներում խնդիրը կլուծվի ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ՝ վիճակահանության սկզբունքով:

Վիճակահանությունը կիրականացվի Մարտունու շրջանի Հերհեր, Քաշաթաղի շրջանի Հակ և Ասկերանի շրջանի Խրամորթ և Արմենակավան գյուղերում առաջադրված թեկնածուների համար:

Դիտորդների արձագանքները

«Նկատում եմ, որ որ էապես մաքուր ընտրույթուններ էին այն ֆոնին, ինչ տեսել ենք Հայաստանում մինչև հեղափոխությունը, շատ նման էին Երեւանի ավագանու 2018-ի սեպտեմբերի 9-ի ընտրություններին: Խախտումները հիմնականում տեխնիկական բնույթի են և ոչ կանխամտածված, պլանավորած կամ դիտավոր»,- ֆեյսբուքի իր էջում գրում է Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, որը դիտորդական առաքելությամբ Արցախում հետևել է ՏԻՄ ընտրություններին։

Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ աղաղակող խախտումներ չեն արձանագրել։

«Արցախում խնդիր կա կապված քվեախցիկների ու քվեարկության ծրարների բացակայության հետ, որը, հուսով եմ, գալիք համապետական ընտրություններից առաջ կլուծվի։ Բանն այն է, որ քվեախցիկի հետևում ճեղք կա, որից, քվեաթերթիկի երկար լինելու պարագայում, երևում է, թե ում ընտրողը հաստատ չի քվեարկում։Իսկ քվեարկության ծրարների բացակայության արդյունքում շատերը ակամայից տեսնում են ընտրողի քվեարկությունը։

Աղաղակող խախտումներ առայժմ չենք տեսել։ Պարզապես, այս մի խնդիրը ուզեցա առանձնացնել ու այստեղ բարձրաձայնել, քանի որ քվեարկության գաղտնիությունը պետք է ապահովվի բոլոր հնարավոր միջոցներով»,- գրել է Իոաննիսյանը։

Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով ՏԻՄ ընտրությունները, Դանիել Իոաննիսյանը նշել է․ «Մենք կարող ենք արձանագրել, որ Արցախի Հանրապետության համայնքների բնակիչները երեկ ընտրել են ՏԻՄ մարմիններին, և մեր կողմից չեն նկատվել խախտումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել այդ քվեարկության արդյունքները»:

Կազմակերպության Արցախի մասնաճյուղի ղեկավար Վահրամ Թոփմաջյանը, ամփոփելով 40 ընտրատեղամասերում դիտարկումների արդյունքները, հայտարարել է, որ ընտրություններն անցել են խաղաղ, առանց լուրջ միջադեպերի, արձանագրված խախտումները հիմնականում ընթացակարգային կամ անտեղյակության հետևանք են եղել։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպությունը ևս, որը դիտորդական առաքելություն է իրականացրել 40 ընտրատեղամասերում, հայտարարել է, որ լուրջ խախտումներ չեն արձանագրել։ ՀԿ ներկայացուցիչ Սոնա այվազյանի խոսքով, սակայն, այնուամենայնիվ որոշակի խախտումներ եղել են։

Արցախի ոստիկանությունից էլ տեղեկացնում են, որ երեկտեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի 18 հաղորդում են ստացել:

Ըստ այդմ՝ Ստեփանակերտից և Հադրութի շրջանից ստացվել են 2-ական, Ասկերանի և Շուշիի շրջաններից՝ 1-ական, Մարտունու շրջանից՝ 4, Մարտակերտի շրջանից՝ 3, Քաշաթաղի շրջանից՝ 5 հաղորդումներ: Շահումյանի շրջանից հաղորդումներ չեն ստացվել:

«Բոլոր հաղորդումները սահմանված կարգով ընթացքավորված են, և տարվում է հետաքննություն»,- ասված է Արցախի ոստիկանության հաղորդագրությունում:

Նշենք, որ 2020-ին Արցախում սպասվում են թե նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ։ Եվ այս ընտրություններն ինչ-որ առումով նաև փորձաքար էին համապետական ընտրություններից առաջ։ Հաշվի առնելով դիտորդական առաքելությունների դրական արձագանքը, կարելի է եզրակացրել, որ նախնական փորձությունը հաջողությամբ է հաղթահարվել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: