Լիլիթ Պողոսյան. «Հուսով եմ` կկարողանամ լավ հանդես գալ ու հեռու մնալ նոր վնասվածքներից»
Անկախի հետ զրույցում Լիլիթը խոսում է նոր մրցաշրջանի նախապատրաստության, բունդեսլիգայում հանդես գալու որոշման, մարզումային գործընթացի և մինչև տարեվերջ սպասվող մրցաշարերի մասին:
-Նոր մրցաշրջանը, ինչպես միշտ, ակտիվ եք սկսել. տեղյակ ոմ, որ վնասվածք ունեիք, հասցրե՞լ եք ամբողջովին ապաքինվել:
-Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել եմ օգոստոսի 1-ից։ Ամբողջ հունիսը Երևանում եմ եղել, չեմ մարզվել ու միայն վնասվածք ենք բուժել։ Ցավալի է, բայց մեկ ամիսը բավարար չէր լիովին ապաքինվելու համար։ Վերադարձա Դանիա ու քանի որ դեռ վերջնական չէի ապաքինվել, շատ դանդաղ քայլերով վերսկսեցինք մարզումներս։ Ճիշտն ասած սեպտեմբերի 2-ից եմ սկսել լիովին մարզվել թիմի հետ ու, իհարկե, դա շատ քիչ է լավ մարզավիճակս հետ բերելու համար։ Այնուամենայնիվ, ժամանակ չենք կորցնում ու ինչքանով որ կկարողանամ, կմասնակցեմ թիմային հանդիպումներին ու միջազգային մրցաշարերին։
-Այս մրցաշրջանում հանդես եք գալու նաև գերմանական ակումբային առաջնությունում. որոշումն ինչպե՞ս կայացրիք:
-Առաջարկներ ունեի դանիական, իսպանական ու գերմանական ակումբներից։ Շատ էի ուզում այս անգամ Գերմանիայում փորձել։ Trittau-ն լավագույն պայմաններն առաջարկեց ու պայմանագիրը ստորագրեցինք։
Անցյալ շաբաթ և կիրակի օրերին 5-2 հաշվով և 4-3։ Երկու թիմերն էլ Բեռլինից էին։ Թիմում հիանալի մթնոլորտ է, միմյանց օգնում ու սատարում ենք խաղերի ընթացքում։ Թիմային խաղերի առանձնահատկությունն էլ այն է, որ նույնիսկ եթե դու քո խաղը պարտվում ես, պիտի շարունակես օգնել մյուս թիմակիցներիդ։ Երկու հանդիպումների ժամանակ չորս խաղ խաղացի` երկու անգամ կանանց զուգախաղեր, մեկ անգամ մենախաղ, մեկ անգամ խառը
զուգախաղ։ Հաղթանակ ունեմ միայն խառը զուգախաղերում. բարեբախտաբար մյուս թիմակիցներս միավորներ բերեցին թիմին ու հիմա երկրորդ տեղով ենք ընթանում մրցաշարային աղյուսակում։
-Ամռանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցեցիք Բելառուսում կայացած Եվրոպական 2-րդ խաղերին. առաջին անգամ պատմության մեջ Հայաստանը ներկայացուցիչ ունեցավ բադմինթոնում: Կկիսվե՞ք տպավորություններով:
-Եվրոպական խաղերից հիանալի հիշողություններ ունեմ։ Մինչև հիմա էլ, երբ մարզվելու մոտիվացա չեմ ունենում, վերհիշում եմ եվրոպական խաղերն ու ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Շատ հետաքրքիր էր առաջին անգամ տեսնել ու մի քանի օր ապրել Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկների հետ։ Սովորաբար մենակ եմ լինում մրցաշարերի ժամանակ, իսկ այս անգամ լրիվ ուրիշ մթնոլորտ էր։ Ուրախ եմ, որ հայրս էլ այս անգամ իմ խաղի ժամանակ մարզադահլիճում էր։
-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Մինչև դեկտեմբեր 4-5 միջազգային մրցաշարի կմասնակցեմ։ 9 ակումբային խաղ ունեմ Գերմանիայում։ Բավականին շատ խաղեր ու ճանապարհորդություններ են սպասվում, հուսով եմ` կկարողանամ լավ հանդես գալ ու հեռու մնալ նոր վնասվածքներից։
Ինչպես ասացի, վնասվածքս լիովին չի ապաքինվել։ Դանիայում սպորտային բժիշկների հսկողության տակ եմ։ Լիովին կապաքինվի այն ժամանակ, երբ 3 ամիս սպորտը թողնեմ։ Բայց գիտենք, որ դա ներկա պահին հնարավոր չի։ Այդ պատճառով շարունակում ենք վերականգնողական վարժություններն ու մարզվում եմ այնքան, ինչքան հնարավոր է իմ վնասվածքի դեպքում։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, 5-6 ամիս հետո կվերականգնվեմ։ Սեպտեմբերի 26-29-ը հանդես կգամ Czech Open մրցաշարում, որը կկայանա չեխական Բռնո քաղաքում։ Դրանից հետո կխաղամ Cyprus International Նիկոսիայում։ Դրանից հետո ևս 2-3 մրցաշար ենք նախատեսել, սակայն դեռ կտեսնենք` ինչպես հանդես կգամ այս երկուսում, հետո որոշումը կկայացնենք։