Հայերեն   English   Русский  

​Ապրեց ուրիշներին ծառայելու համար. Կանադայում կբացվի հազարավոր հայ որբերի փրկած Սառա Քորնինգի արձանը


  
դիտումներ: 821

Կանադայի Յարմուտ քաղաքում կհայտնվի Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանության ժամանակ հազարավոր հայ եւ հույն որբերի փրկած բուժքույր Սառա Քորնինգի բրոնզաձույլ արձանը:

Արձանը, որի հեղինակը Մոնռեալից հայ Կարեն Բեդրոսյանն է, կբացվի սեպտեմբերին Սառա Քորնինգի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում:

1918 թվականին Սառա Քորնինգը միացել էր Մերձավոր Արեւելքին Օգնության կոմիտեի ջանքերին: Նա օգնել է հազարավոր հույն, հայ եւ ասորի որբերի փրկությանն ու խնամքին:

2016 թվականին Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հիմնադրվել է «Sara Corning Society» միությունը՝ նվիրված Սառայի հերոսական սխրանքի հիշատակին:

Միության հիմնադիրներ Դեյվիդ եւ Ջենիֆեր Չոունների խոսքով՝ քանդակագործի աշխատանքն արտացոլում է հայկական արմատները, եւ «Սառան խորապես կզգացվեր այն փաստից, որ այդ երկրից որեւէ մեկը եւ մարդիկ, որոնց նա այնքան լավ ծանոթ էր, 100 տարի անց իր պատվին քանդակ են ստեղծել»:

Սառա Քորնինգը ծնվել է 1872թ. Յարմութից (հարավ-արևելյան Կանադա) 8 կմ հեռավարության վրա գտնվող Չեգոգին փոքրիկ քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) նա անդամագրվել է ամերիկյան Կարմիր խաչին և որպես կամավոր` ուղևորվել Օսմանյան կայսրություն` օգնության ձեռք մեկնելու թուրքական կոտորածներց մազապուրծ բազմաթիվ հայ փախտականներին և որբերին:

հայ որբեր,Սառա Քորնինգ

Այդ օրերին կանադական մամուլը (Toronto World, The Halifax Herald, La Presse և այլն) բազմիցս անդրադարձել էր հայկական կոտորածներին:

1922թ. անդամագրվելով Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպությանը` Սառան մեկնում է Զմյուռնիա:

1922թ. սեպտեմբերին քեմալական զորքերը ներխուժում են Զմյուռնիա, որը հիմնականում բնակեցված էր փախստականներով: Սառան հիշում է. «Տարածքը լցված էր բազմաթիվ հիվանդ գաղթականներով և մենք նրանց խնամելու համար կլինիկա բացեցինք, բայց այն շուտով զինվորականները փակեցին»:

Այդ ժամանակ քաղաքում էին գտնվում ոչ միայն տեղաբնիկ հայերը, այլև այստեղ ապաստանած հազարավոր հայ գաղթականներ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում որբերը: Սեպտեմբերի 13-ին քեմալականները հրդեհեցին «գյավուր Իզմիրը», որին զոհ գնաց 100 000-150 000 քրիստոնյա բնակչություն:

Քաղաքում մեծ խուճապ բարձրացավ. հրդեհից փրկված քրիստոնյաները ապաստան էին որոնում եվրոպական և ամերիկյան հյուպատոսարաններում: Դեպի ծով նրանց տարհանումն իրականացնում էին միջազգային հումանիտար կազմակերպությունները` Կարմիր խաչը, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցը և այլն:

Հայտնվելով իրադարձություների կիզակետում` Սառա Քորնինգը գերմարդկային ջանքերի շնորհիվ Զմյուռնիայում հավաքագրում է հիմնականում իգական սեռի մինչև 12 տարեկան շուրջ 5000 հայ, նաև հույն երեխաներ, որոնց ամերիկյան ռազմանավերով տեղափոխում են Հունաստան:

Այստեղ նա հիմնում է որբանոց` իր սաներին կրթելով և դաստիարակելով որպես իրական քրիստոնյաների:

1923թ. Հունաստանի Գևորգ 2-րդ թագավորը նրան պաշտոնապես հրավիրելով թագավորական պալատ` պարգևատրեց «Փրկչի արծաթե խաչ» շքանշանով (Հունաստանի պետական բարձրագույն պարգևով):

Այս շքանշանով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ կատարած հատուկ ծառայությունների համար հույն զինվորական և քաղաքացիական անձինք, նաև Հունաստանի համար հատուկ ծառայություններ մատուցած օտարերկացիները:

1924թ. նա մեկնում է Թուրքիա` զբաղվելով ուսուցչական գործունեությամբ: Թոշակի անցնելով` Սառա Քորնինգը վերադարձավ Չեգոգին` հայրենի բնակավայր, որտեղ ապրեց մինչև կյանքի վերջը` 1969թ.: Նա մահացավ 97 տարկան հասակում` իր կյանքը նվիրելով երեխաներին կրթելու և դաստիարակելու գործին: Նրա տապանաքարին փորագրված է՝ ապրեց ուրիշներին ծառայելու համար:

Սառա Քորնինգի իրականացրած մարդասիրական գործունեության վերաբերյալ որոշ տվյալներ պահպանվում են Յարմութի տարածքային թանգարանում և Քորնինգների ընտանեկան արխիվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: